«ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն այն համոզման է, որ այսօրվա երգերում գաղափարախոսության պակաս կա: Ըստ նրա` երգն ինքը գաղափարախոսություն է, երգարվեստն էլ քաղաքականություն է: Երգիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ օրհներգը փոխելու թեմային, խոսել է իր ամենահայտնի սաներից մեկի` Արման Հովհաննիսյանի երգարվեստի մասին` նկատելով, որ տխուր է, երբ պրոֆեսիոնալ երգիչը ստիպված է որոշակի ծրագրի դիմել, որպեսզի տուն պահի:

-Պարո՛ն Մաթեւոսյան, վերջին շրջանում բուռն կերպով քննարկվում է ՀՀ օհներգը փոխելու հարցը: Դուք ի՞նչ եք կարծում` դրա անհրաժեշտությունը կա՞:
-Ես հիմա կանգնում եմ մեր օրհներգի ներքո, որովհետեւ այն իմ երկրինն է, բայց այդ մեղեդու ներքո ես ինչո՞ւ պետք է կանգնեմ. այն իմը չէ, կամ այդ խոսքերը ե՞րբ դարձան հանճարեղ խոսքեր: Որքան էլ բառերը փոխեն, միեւնույն է, ես պետք է հիշեմ, որ Միքայել Նալբանդյանն ասել է` մեր հայրենիք, թշվառ, անտեր: Իսկ ինչո՞ւ. ես ոչ թշվառ եմ, ոչ էլ անտեր. երկիր ունեմ, այն էլ ինչ երկիր` հաղթանակած: Եվ այդ հաղթանակած երկրի հիմնը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է: Իսկ ինչ վերաբերում է հին օրհներգին, ապա հին ու նոր չկա: Կա հանճարեղ գործ, եւ կա հիմարություն: Ինչպե՞ս կարելի էր հրաժարվել Արամ Խաչատրյանի մեղեդուց, կամ Մարտիրոս Սարյանի զինանշանից… Կամ մենք այդքան կոմպոզիտորներ ունեինք եւ ունենք Էդգար Հովհաննիսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Մանսուրյան. բոլորն էլ կարող էին հիմն գրել:
-Ըստ Ձեզ` այսօր մենք, առհասարակ, ինչպիսի՞ երգի պակաս ունենք:
-Նախ` պրոֆեսիոնալ մտածելակերպի, պրոֆեսիոնալ երգի պրոպագանդման անհրաժեշտություն եմ տեսնում: Բացի այդ` գաղափարախոսության պակաս կա: Երգն ինքը գաղափարախոսություն է, երգարվեստն էլ քաղաքականություն է, քանի որ պահպանելով քո երգը` պահպանում ես քո լեզուն, դարավոր մշակույթը, ձեռքբերումները: Ես համաձայն չեմ «Ջնջենք, նորից ստեղծենք» ասացվածքի հետ. դա պետք է արվեստից իսպառ վերանա: Փոխարենը պահենք, պահպանենք ու դրա կողքին նորը կերտենք, նոր ուղղություններ փնտրենք, ոչ թե օտար արվեստի ուղղորդմամբ, այլ մեր ունեցածից ելնելով:
-Ձեզ մտահոգո՞ւմ է այն հանգամանքը, որ տաղանդավոր երգիչները, այդ թվում` Ձեր սաները, երբեմն շեղվում են դեպի ճշմարիտ արվեստը տանող ուղուց եւ գումար վաստակելու համար որոնում են զարտուղի ճանապարհներ: Օրինակ` երբ Արման Հովհաննիսյանը երգում է «Լա-լա-լա» երգը, Ձեր սիրտը չի՞ ցավում:
-Դուք հետաքրքիր հարց տվեցիք, որը մտահոգում է նաեւ ինձ: Պետք է ասեմ, որ Արման Հովհաննիսյանը սովորել է Կոնսերվատորիայում, իմ դասարանում, նա հրաշալի ուսանող է եղել, պրոֆեսիոնալ երգիչ է: Իսկ թե ինչու է այդ երգերը երգում, դա էլ ուրիշ հարց է. երգում է այդ հանդիսատեսի համար, երգում է, որովհետեւ երկու երեխա ունի, պետք է պահել: Իսկ որտե՞ղ է այն նվագախումբը, որտեղ նա պետք է աշխատի ու ստանա կոպեկներ, որոնցով չգիտեմ` ինքն իր գոյությունը կպահպանի, թե… Մենք պետք է պարտադրենք Արմանին, որ նա այս ամենը վերանայի, քանի որ նա շատ ընդունակ եւ հրաշալի երգիչ է, հիմար երգն էլ երգում է այնքան լավ, որ կարող ես լսել, համենայն դեպս, չես ասի, թե կատարողը երգիչ չէ: Գուցե ինչ-ինչ տեղերում խաղեր շատ է անում, բայց շրջապատն է պարտադրում, այդ կատարման պահանջարկը կա, արվեստագետը պետք է մտածի այդ պահանջարկը ներկայացնողների դաշտը փոխելու մասին: Նույն Արմանը լավ երգեր է երգել, ուրեմն նա կարող է երգել: Տխուր երեւույթ է այն, որ պրոֆեսիոնալ երգիչը ստիպված է նման ծրագրի դիմել, որ տուն պահի:
-Որոշ ժամանակ առաջ մի ռեփեր Ձեր կատարած «Արեգակին պետք է հեռվից նայել» հայտնի երգը «համեմել էր» ռեփով ու ներկայացրել հանրությանը: Ինչպե՞ս եք վերաբերում նման իմպրովիզացիաներին:
-Ես չեմ լսել, չգիտեմ` լավն է կատարումը թե վատը, բայց կարող եմ ասել, որ նման բան անելը սխալ է: Եթե Առնո Բաբաջանյանը ցանկանար ռեփ գրել, նա կգրեր. ուրեմն նա չի լսել նման մեղեդի, իսկ եթե չի լսել, իրավունք չունենք վիրավորելու նրան: Նա այդ երգը գրեց, որ ես երգեմ, եւ որ ժողովուրդը երգի:
-Շուտով լույս աշխարհ կգա Ձեր չորրորդ թոռնիկը, թեկուզ նրանց հետ կապելով մեր վաղվա օրը՝ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:
-Շատ պայծառ: Յուրաքանչյուր ապագա կերտվում է ներկայում: Ամեն օր պետք է առաջխաղացում ունենանք բոլոր հարցերում, պետական մտածելակերպը պետք է ամրապնդվի մեր գաղափարներում, որ կարողանանք վաղվա օրվան լավ նայել:

 

 

 

 
ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ, ԹԵ՞ ՉԴԱՐՁՆԵԼ ՀԵՐՈՍ

Ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի` Երեւան ժամանելու մասին լուրը բուռն քննարկումների առիթ տվեց հայ հանրությանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան է գալիս իր ծագման եւ արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու նպատակով: Այս հանգամանքը հատկապես հայ հանրության շրջանում տարակարծությունների տեղիք տվեց:

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, վստահ է, որ Քարդաշյանի պես «նվերը պետք է մաքսիմալ ճիշտ օգտագործել». «Ուզում եք, թե ոչ, Քարդաշյանը շատ հայտնի է, նրա «Ինստագրամ»-ի մի քանի ֆոտոն ավելի մեծ գործ կանի, քան տասնյակ միջոցառումներ: Լավ կլիներ` նրան Գառնի-Գեղարդ տանեին, բարձր մակարդակով ընդունեին»,-համոզված է բլոգերը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քարդաշյանի միջոցով կարելի է լուրջ թեմաներ շահարկել. «Ֆանտաստիկ կլիներ, եթե նա ժամանակ ունենար ու գնար Արցախ, կընկներ Ադրբեջանի սեւ ցուցակի մեջ»,- ասաց նա` հավելելով, որ Քարդաշյանը կարող է օգտակար լինել մեր երկրի բրենդինգի եւ տուրիզմի զարգացման համար եւս: Նա նաեւ նշեց, որ Քարդաշյանի ամուսնուն` համաշխարհային ճանաչում վայելող ռեփեր Քանյե Ուեսթին էլ կարելի է «տեղին օգտագործել»:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը եւս մեզ հետ զրույցում նշեց, որ «կարելի է համոզել Քարդաշյանին ու տանել Արցախ»: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հիսուսը Մարիա Մագդաղենացուն ներեց, մենք` որպես քրիստոնեությունն ընդունած ազգ, ինչո՞ւ պետք է Քարդաշյանին քարկոծենք ու չընդունենք, հատկապես եթե մարդը մաքուր սրտով այցելում է իր նախնյաց հայրենիքը»:
Իսկ, ահա, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը հակառակ կարծիքին է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ հաշվի առնելով Քարդաշյանի այցի նպատակը` Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելը, սխալ է նրան «օրվա հերոս» դարձնելը. «Այն ասոցիատիվ շղթան, որ այսօր է կազմվել եւ տարածում գտել` Ցեղասպանություն-Քարդաշյան, սխալ է: Քիչ անց «Գուգլ»-ում «ցեղասպանություն» բառը մուտքագրելիս կստանանք Քիմի անունը: Ես որեւէ կերպ չեմ դատապարտում նրա այցը, բայց չեմ կիսում այն հրճվանքը, որ տիրում է մեր սոցիալական ցանցերում, եւ տհաճություն եմ զգում, որ շուտով Քիմի անունը կփոխարինի անմոռուկին եւ կդառնա այս տխրագույն տարելիցի գլխավոր մեխը: Չափերն անցնում ենք»,- եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ
Երեկ` երեկոյան, Հայաստան ժամանեց ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանը: «Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ լրագրողներ, երկրպագուներ ու քաղաքացիներ սպասում էին նրա ժամանմանը: Երեւանում ռեալիթի շոուների աստղին դիմավորեցին ջերմ մթնոլորտում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ինքը ուրախ է գտնվել Հայաստանում` Քիմ Քարդաշյանը պատասխանեց. «Շատ ուրախ եմ»: Ինչպես հայտնի է՝ Քարդաշյանը Հայաստան է ժամանել ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր եւ Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հետ:
Նշենք, որ Քարդաշյան ընտանիքի՝ Հայաստան այցելությունը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ու «SIMA Tours USA» ընկերության ջանքերով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան է եկել իր ծագման եւ արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու նպատակով:

 

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Ապրիլի 8-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել դերասանուհի Նաիրա Մովսիսյանի եւ նրա ընտրյալի` Վան Հակոբյանի պսակադրությունը:
Նշենք, որ ամուսնության յուրօրինակ առաջարկից հետո Նաիրան ու Վանը միասին էին ապրում եւ, ըստ Նաիրայի, մեծ ոգեւորությամբ սպասում էին հարաբերությունների օրինականացմանը: Օրեր առաջ էլ դերասանուհին Esem.am-ին ասել էր, որ հարսանիքի նախապատրաստական աշխատանքները վստահել են կազմակերպիչներին: Իսկ հարսի զգեստը դերասանուհին տեղի սրահներից մեկից էր վերցրել: Նաիրան նշել էր, որ հարսանեկան արարողության շրջանակում ընտանեկան հավաքույթ է լինելու:

 

ՄԵՆՍՈՆԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
Հայտնի ռոքեր Մերլին Մենսոնին ծեծել են կանադական Ալբերտա քաղաքում գտնվող սրճարանում: Երաժիշտը համերգից հետո իր խմբի հետ գնացել է սրճարան` ընթրելու, որտեղ նրան են մոտեցել երկու աղջիկ եւ ցանկացել լուսանկարվել: Մենսոնը հրաժարվել է, իսկ աղջիկների հեռանալու պահին նրանցից մեկի հետեւից վիրավորական խոսքեր է հնչեցրել: Րոպեներ անց աղջկա ընկերը մոտեցել է Մենսոնին եւ հարվածել նրա դեմքին: Աստղը, սակայն, լրագրողներին հայտնել է, որ ինքը ոչ մի վիրավորական խոսք չի ասել, եւ հարվածը եղել է անտեղի: Մենսոնը մտադիր է դիմել դատարան:




Լրահոս