ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Ներկա են եղել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արք. Կճոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Քանի որ մեր երկրում վաղուց արտադրական միավորներ չեն բացվում, ուստի ցանկացած նորաբաց «կառույց» ողջունվում է պետական ամենաբարձր մակարդակով:
ՀԱՐՑ. Ինձ պատկանող անշարժ գույքը ցանկանում եմ կտակել որդուս, բայց սեփականության վկայականի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Ուզում եմ իմանալ՝ պարտադիր է արդյոք նոտարին նեկայացնել անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը: Եվ խնդրում եմ ասեք՝ փաստաթղթի պատճենը վավերացնելու համար, անհրաժե՞շտ է արդյոք նոտարին նեկայացնել փաստաթղթի բնօրինակը:
Ռոբերտ Ամրոյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Ամրոյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կտակը վավերացնելիս կտակարարից կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ չեն պահանջվում: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթի պատճենը վավերացնելուն, ապա նշենք, որ բնօրինակը ներկայացնելը պարտադիր է եւ անհրաժեշտ:
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից ենթադրվում է, որ անգամ վկայականի հետ կապված հարցերը չեն խոչընդոտի գործարքի վավերացմանը եւ դիմողը կարող է հանգիստ ներկայանալ նոտարական գրասենյակ՝ վավերացնելու իր կտակը:
ՀԱՐՑ. Ուզում եմ տեղեկանալ, օտարերկրացի աշխատողից պե՞տք է պահանջել սոցիալական քարտ եւ նրա համար սոցիալական ապահովության վճարներ կատարվո՞ւմ են:
Ռիմա Մանուկյան (36 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պատասխանը բխում է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքից, որի 3-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում իրավաբանական անձինք իրենց հետաշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար, ինչպես նաեւ վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցվճարումներ՝ սույն օրենքով սահմանված կարգով:
Իսկ վերոնշյալ օրենքի հիման վրա ընդունված հարկային պետական ծառայության պետի՝ 2005թ. մայիսի 30-ի N1-05/05-Ն հրամանի համաձայն.
– ՀՀ-ում վարձու աշխատողները օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցվճարներ:
– ՀՀ տարածքում աշխատող օտարերկրացիները ժամանակավոր անաշխատունակության նպաստների իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար:
Ստացվում է, որ գործատուն օտարերկրյա աշխատողի համար պարտավոր է սոցվճարներ կատարել «Սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով եւ անհրաժեշտության դեպքում վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
Ինչ վերաբերում է սոցիալական ապահովության քարտերին՝ ասենք, որ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է ՀՀ քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու՝ ՀՀ-ում կացության քարտում…»:
Այսպիսով՝ գործատուն, որպես անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացուց պետք է պահանջի ՀՀ-ում վերջինիս կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որտեղ ամրագրվում է նաեւ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ եթե կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը օտարերկրացին ստացել է նախքան 2012թ. հունիսի 1-ը, ապա գործատուն պետք է առանձին պահանջի նաեւ սոցիալական ապահովության քարտը:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ օրենքն օրենք է ե՛ւ տեղացիների, ե՛ւ օտարերկրացիների համար: Չնայած այդպես էլ անհասկանալի մնաց սոցիալական քարտի առկայության պահանջը. սկզբում դրա անհրաժեշտությունը պարտադիր էր, հետո՝ կամաց-կամաց մոռացվեց, իսկ հիմա կարծես նորից հիշվել է «մոռացված հինը»:
ՀԱՐՑ. Եթե անձն իր անձնական հեծանիվով հատում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը, ապա այս դեպքում հեծանիվը դիտվո՞ւմ է որպես տրանսպորտային միջոց կամ ապրանք:
Սամվել Հարությունյան (32 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը համարվում է ապրանք, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ ապրանքներ են համարվում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում՝ արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային եւ այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված տրանսպորտային միջոցների, իսկ ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են ՀՀ մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող հեծանիվը չի հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ուղեւորների եւ ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոց, այլ հանդիսանում է անձի հետ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական գույք՝ համապատասխանելով ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված «ապրանք» հասկացությանը:
ՀՀ մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն հեծանիվը համարվում է անձնական գույք եւ համապատասխանում է ՄՕ սահմանված «ապրանք» հասկացությանը՝ կրելով համապատասխան պարտավորություններ: