Հացադուլավորին այցելող բժիշկները առաջարկել են արյան ճնշումը իջեցնող դեղեր ներարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ անող՝ Սարդարապատ շարժման անդամ Արտավազդ Վարդանյանի հետ արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել. նրան չեն առևանգել և հացադուլավորը գիշերն անցկացրել է իր կողքին հերթապահող ընկերների վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ արդեն իններորդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանն, ով իր հացադուլով պահանջում է ,այլընտրանքային ընտրություններե, իրեն ֆիզիկապես թույլ է զգում ու բացի արևից ու անձրևից պաշտպանվելը, վրան է պահանջում՝ երբեմն-երբեմն պառկելու համար: Մայիսի 9-ի գիշերը լույս 10-ի առավոտյան Արտավազդ Վարդանյանին անհայտ անձինք առևանգել էին, ավտոմեքենայով տարել և իջեցրել էին իր տան դիմաց և հորդորել չգալ ԿԸՀ–ի դիմաց։
Վարդանյանի հետ զրույցում տեղեկացանք, որ քիչ առաջ՝ մայրաքաղաքում տեղացած անձրևից ինքը չի թրջվել, որովհետև մտել է Դրամատիկական թատրոնի շենք և այնտեղ պատսպարվել:
Թե ե՞րբ կդադարեցնի հացադուլը, Վարդանյանը դեռ չի որոշել:
Նշենք, որ հացադուլավորին պարբերաբար այցելող բժիշկները նրան տեղեկացրել են, որ արյան ճնշումը բարձր է և առաջարկել իջեցնող դեղեր ներարկել, սակայն ընդդիմադիր ակտիվիստը մերժել է՝ ասելով, որ գտնվում է հացադուլի մեջ և չի ցանկանում, որ իր օրգանիզմ մտնեն ավելորդ նյութեր:




Լրահոս