Ամբաստանյալը միջնորդեց Սերժ Սարգսյանին հրավիրել դատարան` վկայություն տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջին խոսքով պետք է հանդես գար քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը:

Վերջինս, սակայն, հայտարարեց, թե կխոսի, բայց դա իր վերջին խոսքը չի լինի:

Շանթ Հարությունյանը նախ անդրադարձավ հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի վերջին խոսքին, որում ասվել էր, թե իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանի որ Ալեք Պողոսյանն անչափահաս երեխաներ և վատառողջ ծնողներ ունի իր խնամքին և գտնվում է սոցիալապես անապահով վճակում:

«Այսինքն մենք հիմա ո՞նց հասկանանք` եթե մարդը 5 տարեկան երեխա ունի, ուրեմն կարա մարդ սպանի, ու դրա համար չդատվի՞»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Ապա, շարունակելով խոսքը, վերջինս գնահատեց Սահմանադրությունը` ասելով, թե այն թերի է, և եթե այնտեղ ասվում է, թե երկիրը ժողովրդինն է, ուրեմն այդպես էլ պետք է լինի:

«Իշխանության ներկայացուցիչը չի կարա լինի հանցագործ: Դա Հայաստանում օրենսդրություն ա, ու նման պետությունում որևէ բան փոխելու համար նախ հեղափոխություն է պետք: Հիմա երբ ինձ ասում են, որ քաղաքացին իրավունք ունի երթեր, միտինգներ անի, ինձ չեն պաշտպանում օրենսդրորեն: Այստեղ ի սկզբանե իշխանության անօրեն քայլն է` դատավորին արգելելը ինքնուրույն որոշում կայացնելու: Թող գետինը մտնեն բոլոր իրավապահ մարմինները, միշտ Աղվան Հովսեփյանի անունն եմ տալիս, բայց բոլորին է վերաբերում, թող իրանք գետինը մտնեն, եթե կասեն, որ իրավական առումով քաղաքացուն պաշտպանել են»:

Ապա Շանթ Հարությունյանն ընդհարում ունեցավ ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի հետ, վիճաբանության պատճառն էլ այն էր, որ Շ. Հարությունյանի խոսելու ժամանակ ցածրաձայն խոսում էր նաև Մկրտիչը:

«Հանգիստ խոսա, մի գոռա»,- ասաց Մկրտիչը, իսկ Հարությունյանը պատասխանեց. «Հանգիստ նստի տեղդ, մի խոսա»:

Ապա ելույթ ունեցավ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը, ով նախ անդրադարձավ օրերս ամբաստանյալ Սևակ Մնացականյանի մոր կողմից արված այն հայտարարությանը, թե ինքը փոշմանում է, որ որդուն հայրենասեր է մեծացրել և հայրենասերի ոգով է դաստիարակել:

Ալեք Պողոսյանը չէր կարողանում ընթերցել իր գրությունը, և Շանթ Հարությունյանը հարցրեց. «Ալեք, դո՞ւ չես գրել, չհասկացա»:

Շանթ Հարությունյանն անընդմեջ միջամտում էր Ալեք Պողոսյանի ելույթի ժամանակ ու ասում, թե նա պատմական սխալներ է թույլ տալիս:

«Դուք պատմական սխալները Ձեզ մոտ գրեք, հետո կասեք»,- ասաց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Ես կամանակատար դատախազին բան չունեմ ասելու: Ինչքա՞ն անբարոյական պետք ա լինի մարդ, որ Շահեն Հարությունյանի համար վեց տարվա ազատազրկում պահանջի: Դուք բոլորդ հոգեբույժի լուրջ միջամտության կարիք ունեք: Դուք ոչ միայն թալանում եք մեր ժողովրդին, այլև վաճառում եք ազգին: Եթե ես իրականում հանցագործություն գործած լինեի, ինձ համար ամոթալի չէր լինի պատիժ կրելը, բայց դուք առանց ապացույցների ինձ համար պահանջում եք չորս տարվա ազատազրկում: Բռնություն չգործադրեիք, ես էլ չէի պաշտպանվի: Անգամ ինձ ազատազրկման դատապարտելով` Դուք վախենում եք հենց ինձնից: Դուք գործել եք Հայաստանի Երրորդ Հանրապետության մեջ ամենամեծ դավաճանությունը` ստորագրելով Մաքսային Միությունը: Պառկելով ռսի տակ` Դուք վաճառեցիք երկիրը: Ես մասնակցել եմ արժեքների հեղափոխության համար, քանի որ մեր երկիրը կործանման է գնում: Ես մայոր Արմեն Հովհաննիսյանն եմ, Երկրապահ կամավորական անդամ, զինված ուժերում քսան տարի մեդալներով: Ես քաղբանտարկյալ եմ, հալածվում եմ իշխանության կողմից` հայրենանվեր քայլիս համար: Ոչ մի կուսակցություն թող իրեն իրավունք չտա ընդդիմություն անվանելու, միայն մի ընդդիմություն կա, ու նստածա ստեղ` ամբաստանյալի աթոռին: Ես դիմում եմ բոլորին` եթե իմ կամ ընտանիքիս անդամների նկատմամբ որևէ բան կատարվի, իմացեք, որ դա իշխանության պատվերն է` վրեժխնդրությունից ելնելով: Պարոն դատավոր, առանց դատավճռի ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ անվանեց հանցագործներ: Ուստի միջնորդում եմ նրան հրավիրել դատարան` վկայություն տալու: Մայոր Հովհաննիսյանն իր ճառը վերջացրեց»:

Այս պահին ելույթ է ունենում Շահեն Հարությունյանը:




Լրահոս