ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋԻՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇՇԻՑ

Հայ հասարակությունը բարձի տակ փող պահելն այլեւս խնայողություններն ամփոփելու լավագույն եւ հուսալի տարբերակ չի համարում: Թեեւ գործող իշխանության ջանքերով տարեցտարի հասարակության ձեռքի «նաղդ փողը» սկսել է պակասել, այնուամենայնիվ, զարմանալի զուգադիպությամբ, բանկերում պահվող ավանդների ծավալն աճել է 33 տոկոսով:

Քանի որ անգամ ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար հրապարակվող բնակարանային գողությունների մասին վիճակագրությունը (թեկուզ նվազող) վախ է առաջացնում քաղաքացիների մոտ, ուստի ՀՀ քաղաքացին սկսել է մտմտալ՝ փողը բարձի տակից հանելու եւ ինչ-որ մեկին ի պահ տալու մասին, որպեսզի կարողանա խիղճը հանգիստ ապրել: Ահա այս մտածողության արդյունքում հայաստանյան բանկերում աճել է ավանդների ծավալը:
Խոսենք թվերով. 2013թ. դեկտեմբերին ավանդների թիվը կազմել է 1 տրլն 612 մլրդ 442 մլն դրամ, որը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 400 մլրդ 297 մլն դրամով կամ 33%-ով գերազանցում է: Հենց այստեղ էլ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի բախտն է անասելիորեն բերել: Նա այդ պաշտոնում նշանակվելու օրվանից համոզում էր ՀՀ քաղաքացիներին, որ մեր բանկային համակարգն ավելի քան կայացած է, ու նա հասել է արդյունքի. բոլոր ճանապարհները տանում են բանկեր՝ ավանդների բաժին: Ավելին՝ ցանկացած գործարք լավ կլինի անել բանկերի միջոցով, որպեսզի ավելի հուսալի լինի եւ այլն: Եվ ահա այսօր պետք է արձանագրել, որ ՀՀ վարչապետը մի հարցում առաջընթաց ունի. մարդիկ գնում են դեպի բանկեր: Իհարկե ասել, թե մարդիկ լիովին վստահում են հայրենի բանկերին, սխալ կլինի: Սակայն այս իրողությունով հանդերձ՝ բանկերը բնակարանային գողերի հնարավոր այցելություններից ավելի նախընտրելի են: Համ էլ «բարձի տակը չի կեղտոտվի»:
Այս իրավիճակը, բնականաբար, չէր կարող չոգեւորել ՀՀ Կենտրոնական բանկին: Նշված կառույցի ղեկավար Արթուր Ջավադյանն անգամ հրապարակավ մեծ ուրախությամբ արձանագրեց, որ հայաստանյան շուրջ երկու տասնյակ բանկերում բնակչության ներդրած ավանդների ծավալն հատել է մեկ ու կես տրիլիոնի սահմանը: Իհարկե, այսպիսի աճի դինամիկան հուսադրող է, սակայն կա անցանկալի մի իրողություն, որի մասին թեեւ գլխավոր դրամատան ղեկավարն, իհարկե, չէր ցանկանա խոսել, բայց անկարելի է չփաստել: Իրականում որքան մեծանում է ավանդների ծավալը, այնքան նվազում են դրանց դիմաց վճարվող տոկոսադրույքները: Ասել է թե՝ բանկերն է՛լ ավելի մեծ ախորժակով են «փայ մտնում» քաղաքացու հետ: Սկզբում համոզում, տանում են «իրենց դուռը», ապա ասում, թե շատ տոկոս չենք կարող ավելացնել ի պահ տրված գումարին:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստանում ավանդների տոկոսադրույքը 2012 թվականի նոյեմբերին՝ նույն տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 8.5 տոկոս՝ կրճատվելով 0.3 տոկոսային կետով: Ըստ ԿԲ տվյալների՝ դրամային կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը նոյեմբերին կազմել է 9.9%:
Իհարկե, որպես «փոխհատուցում», այս ֆինանսական կառույցներից պարբերաբար հավաստիացումներ ենք լսում այն մասին, թե վարկերի տոկոսադրույքներն էլ են նվազեցվում ու մարդիկ այսուհետ առավել հեշտությամբ են ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանում բանկերից: Այսպիսով՝ ավանդ-վարկ տոկոսային միջակայքն էլ միանշանակ գոհացնում է բանկերին: Ուստիեւ տրանսֆերտների աճով նրանք նույնքան շահագրգռված են, որքան դրանց անմիջական հասցեատերերը՝ խոպանչիների ընտանիքները: Ի վերջո արտերկրից հոսող փողերի մի մասը տեղ է գտնում մարդկանց գրպանում, մյուս մասը՝ բանկերում: Չէ՞ որ փողը բարձի տակ պահելն այլեւս մոդայիկ չէ: Կեցցե վարչապետը. նա ահագին բան է փոխել հայ ժողովրդի մտածողության մեջ:

ԴԱՎԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ

 

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ

Շուրջ երկու ամիս առաջ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի պատից անհետացան օլիմպիական օղակները, որոնք տեղադրվել էին 2011 թվականին, երբ մարզադպրոցը կառավարության որոշմամբ ստացավ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը։ Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ օլիմպիական օղակների հանելը պայմանավորված է ՀԱՕԿ նախագահ-սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար հակամարտությամբ։ Հիշեցնենք, որ մարզադպրոցը նախարարության ենթակայության տակ է։

«Ժողովուրդ»-ը դիմեց մարզադպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանին՝ ճշտելու օղակների անհետացման իրական պատճառը։ «Ինձ որեւէ մեկը օղակները հանելու վերաբերյալ բան չի ասել։ Պարզապես այս տարվա ձմեռը վատ, դաժան ձմեռ էր, իսկ օղակները վերեւից պաշտպանելու հնարավորություն չկար։ Դրանք այդպես անպաշտպան կախված էին, ու երբ սառույցները կոտրվել ընկել էին, օղակները վնասել ջարդել էին։ Այդ սառույցները մարդու գլխին էլ որ ընկնեին, նրանք տեղում կմնային»,-նշեց մեր զրուցակիցը` պարզաբանելով, որ նա հանել է օղակները, ցանկացել է վերանորոգել, բայց չի ստացվել ու ստիպված նորն է պատվիրել։ «Իսկ նորը պատրաստելու համար ժամանակ է պահանջվում, ինչի պատճառով էլ այդ հարցը ձգձգվեց։ Չպետք է մոռանալ, որ մենք բռնցքամարտի հանրապետության առաջնությանն էինք պատրաստվում, հիմա էլ երիտասարդների առաջնությունն է սկսվում, որից հետո՝ պատանիների… Բայց, ամեն դեպքում, խոստացել են, որ մինչեւ ուրբաթ-շաբաթ` օղակներն արդեն պատրաստ կլինեն, որոնք ես կբերեմ ու կփակցնեմ դպրոցի նույն տեղում, որտեղ որ եղել են։ Չնայած բռնցքամարտիկի ձեռնոց եմ արդեն տեղը դրել, բայց դա չեմ հանելու. ե՛ւ դա կմնա, ե՛ւ օղակները»։
Մենք հիշեցրեցինք, որ մարզադպրոցը օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունն է կրում, իսկ մարզիկի գլխավոր նպատակը պետք է լինի օլիմպիական խաղերին մասնակցելն ու մեդալ նվաճելը։ «Մենք երբեք չենք մոռանում, որ մարզադպրոցը հենց ՀԱՕԿ նախագահ պարոն Ծառուկյանի միջնորդությամբ դարձավ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան, այնպես որ՝ այդ օղակները լինելու են։ Բացի օլիմպիական խորհրդանիշ լինելուց, օղակները խաղաղության խորհրդանիշ են ու նաեւ՝ շատ գեղեցիկ»։
Մեր զրուցակիցը շատ գոհ է վերջերս ավարտված երկրի առաջնությունից. «Եթե որոշ քաշային կարգերում հավասարազոր մարզիկներ էին, եւ որեւէ մեկի հաղթանակը բացահայտ չէր, ապա երկուսն էլ կմասնակցեն միջազգային մրցաշարերի, որոնց արդյունքում էլ կորոշվեն ուժեղագույնները։ Այսինքն՝ նրանք, ովքեր ձեռք կբերեն օլիմպիական վարկանիշ ու հանդես կգան Օլիմպիական խաղերում»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

ՉԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Իջեւանցի դատական կարգադրիչները համալրում էին ստացել` ի դեմս Նոյեմբերյանից ժամանած իրենց գործընկերների: Մտավախություն կար, որ նախորդ` փետրվարի 26-ի դատական նիստի նման, Լյուքս Ստեփանյանի հարազատների եւ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջեւ կարող էր թունդ վիճաբանություն լինել: Դատական նիստից առաջ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն այդ կապակցությամբ զրուցեց Լյուքս Ստեփանյանի հոր՝ Իշխան Ստեփանյանի հետ, որպեսզի դատարանի դահլիճում անցանկալի միջադեպեր չլինեն եւ դատաքննությունն ընթանա բնականոն հունով:

Նշանակված ժամին՝ 12:00-ին, ներկայացել էին դատավարության բոլոր կողմերը, բացի ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանից եւ Վաղինակ Գեւորգյանից: Դատավոր Զոյա Զաքինյանն ասաց, որ պաշտպանները, հավանաբար, նիստից անհարգելի են բացակայում, ինչի կրկնության դեպքում նրանք դատարանի որոշմամբ կարող են հեռացվել դատական գործի վարույթից: Նիստի` կես ժամ ընդմիջումից հետո Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Խաչատրյանի պաշտպանների հետ, նրանք ասել են, որ չեն ներկայացել, քանի որ մարտի 5-ի նիստի մասին դատարանից ծանուցագիր չեն ստացել: Դատավոր Զոյա Զաքինյանը նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց մարտի 10-ին՝ ժամը 14-ին: Փաստաբան Արմեն Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ ամբաստանյալի պաշտպաններն իրեն ասել են, թե իրենց զբաղվածության առումով մարտի 10-ը հարմար օր է եւ իրենք կմասնակցեն այդ օրը կայանալիք դատական նիստին: Հավելենք, որ նախորդ նիստում պաշտպան Երեմ Սարգսյանի եւ Լյուքս Ստեփանյանի հարազատների միջեւ թունդ վիճաբանություն էր եղել, որի ժամանակ Երեմ Սարգսյանը բորբոքված ասել էր, թե իրենք կարող են չներկայանալ հաջորդ նիստին, թող Լյուքսի հարազատներն ու համագյուղացիները սպասեն: Մարտի 5-ի դատական նիստի հետաձգումը Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները դժգոհությամբ ընդունեցին: Նրանք նախորդ նիստերի նման` Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղից մեծ խմբով ժամանել էին Իջեւան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս