Նշվեցին մեղավորների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի պուրակի ակտիվիստները շարունակում են պայքարը` պահանջելով պատասախանատվության ենթարկել քաղաքային իշխանություններին պուրակում կրպակների տեղադրման ապօրինի որոշման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին ակտիվիստներ Գոռ Հակոբյանը, Եղիա Ներսիսյանը, Արփինե Գալֆայանը և Ռուզաննա Գրիգորյանը:
Նրանց խոսքով` թեև իրենց հիմնական պահանջն իրագործվեց` կրպակները ապամոնտաժվում են, սակայն իրենց համար անընդունելի է լուծման այս եղանակը և նախագահի ինստիտուտի կողմից իր սահմանադրական լիազորությունների չարաշահումն ու միջամտությունը խնդրի լուծմանը:
“Հարցի լուծման և կրպակների ապամոնտաժման հարցում բացառապես պատասխանատու էր քաղաքային իշխանությունը, իսկ նախագահն այս հարցում ընդամենը կարող էր լինել սահմանադրության երաշխավոր և բարձրացնել սահմանադրական հարցեր` իրավական դաշտում հարցը կարգավորելու համար”,- նշեց Ռուզաննա Գրիգորյանը: Ակտիվիստները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել ոստիկաններին` իրենց սահամանադրական իրավունքները պաշտպանող խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու և անօրինական ձերբակալությունների համար: Գոռ Հակոբյանը նշեց, որ ակտիվստների փոխարեն քրեական գործ պետք է հարուցվեր ոստիկանների նկատմամբ` պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով:
Ակտիվիստները հիշեցրին, որ ապրիլի 29-ին ոստիկանությունն անօրինական և բիրտ ուժ է կիրառել իրենց նկատմամբ`բերման ենթարկելով 7 ակտիվիստի: “Կան բազմաթիվ տուժածներ, մեր նկատմամբ բռնի ուժ են գործադրել, այն դեպքում, երբ մենք խաղաղ ճանապարհով պաշտպանում էինք մեր սահմանադրական իրավունքը”,- հիշեցնում են նրանք: Ակտիվիստները պահանջում են, որպեսզի գործը քննվի ոչ թե ոստիկանությունում, այլ հատուկ քննչական ծառայությունում, քանի որ ոստիկանությունն այս դեպքում չի կարող անկողմնակալ քննություն վարել:
Պայքարի մասնակիցները նշեցին, որ իրենց հետագա քայլերն ուղղված են լինելու նրան, որպեսզի պարզեն, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանին` անօրինական որոշման համար: Նրանք նշեցին այն մարդկանց անունները, ովքեր մեղավոր են` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան, ապրիլի 29-ին ոստիկաններին հրաման տվողներ Կարեն Մովսիսյան, Վալերի Օսիպյան և Ռոբերտ Մելքոնյան: Ըստ նրանց` պետք է նաև տեսնել, թե մեղքի ինչ բաժին ունի Երևանի ավագանին: Նաև չի անտեսվելու այն հարցը, որ Աբովյան փողոցում նույնպես այդ կրպակները տեղադրվել էին հանրային տարածում և անօրինական էին: Ակտիվիստները հետևողական են լինելու նաև, որպեսզի այգին մինչև վերջ բարեկարգվի և պահպանվի որպես մշակութային տարածք: “Մեր պայքարի արդյունքում քաղաքացիական պայքարի նոր մշակույթ է ձևավորվել Հայաստանում, հնարավոր է եղել հասնել փոփոխությունների մի երկրում, որտեղ 20 տարի շարունակ քերաօլիգարխիկ համակարգ է տիրում”,- նշեցին նրանք: Հետագայում ակտիվիստներն ընդերքի ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ են գործելու:




Լրահոս