ԿՎԻՃԱՐԿԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը չի ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները: Երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ Կոնգրեսը պատրաստվում է բողոքարկել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ արդյունքները: Բացի այդ՝ այս օրերին Կոնգրեսը շարունակելու է քաղաքական խորհրդակցություններն ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ՝ հստակեցնելու համար իր առաջիկա քայլերը: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե արդյոք ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կմիանան ՍԴ ներկայացվող հայցին: «Եթե մեր պայքարին միանան այլ ուժեր, մենք սիրով կընդունենք նրանց։ Եթե չմիանան, ոչ ոքից չենք դժգոհի։ Եթե կլինեն մեզնից ավելի լավ պայքարողներ, մենք կհետեւենք նրանց։ Եթե մնանք մենակ, միեւնույն է, պայքարելու ենք մինչեւ վերջ»,-երեկ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` տեղեկացնելով, որ ինքը չի վերցնելու պատգամավորական մանդատը: Նա նշեց, թե դա չի նշանակում, որ պատրաստվում է դադարեցնել քաղաքական գործունեությունը։ «Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ուստի Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը, եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»,-ասաց նա։ Ի դեպ, ՀԱԿ ԱԺ խմբակցությունը կղեկավարի Հրանտ Բագրատյանը:




Լրահոս