ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱՐ

Երեկ Ծաղկաձորում կայացած միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Հայաստանի ԴԱՀԿ ծառայության եւ դատական կատարողների միջազգային միության միջեւ համագործակցության եւ փոխադարձ կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին պարգեւատրեց Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության հուշանվերով՝ իր անվամբ եւ ծննդյան տարեթվով անվանական կոնյակով: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւս համաժողովի մասին խորհրդանշող հուշանվերով պարգեւատրվեց Միհրան Պողոսյանի կողմից:

Միջազգային գիտագործնական համաժողովի հանդիսավոր բացումն ազդարարեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը.
– Ես առավել քան ուրախ եմ՝ ձեզ ողջունելու որպես տանտեր, եւ առաջիկա օրերին սիրով կստանձնեմ մեր պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին ձեզ որոշակի չափով հաղորդակից դարձնելու հաճելի պարտականությունը:
Հատկապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ինֆորմացիայի փոխանակումն ու այդ ինֆորմացիայի օգտագործմամբ մարդու իրավունքների սահմանափակումը հարկադիր կատարման գործընթացում պետք է իրականացվի միջազգայնորեն ընդունված սկզբունքների եւ նորմերի սահմաններում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կատարողական վարույթում ենթադրում է, օրինակ, մի կողմից՝ ներխուժում պարտապանի անհատական տվյալների, անձնական կյանքի պաշտպանության ոլորտ, մյուս կողմից՝ նորարարական հարկադրանքի գործիքների կիրառումն արդյունավետ միջոց է հանդիսանում պահանջատիրոջ արդար դատաքննության իրավունքի իրականացումը լիարժեք ապահովելու համար: Այս պարագայում, բնականաբար, հարկադիր կատարողի առաջնահերթ խնդիրը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարողական վարույթի այնպիսի կազմակերպումն է, որտեղ պարտապանի եւ պահանջատիրոջ իրավունքները եւ շահերը հնարավորինս հավասարակշռված են եւ պաշտպանված:
Կատարողական վարույթին առնչվող հիմնահարցերի շուրջ անցկացված տարբեր գիտագործնական համաժողովների փորձն, անշուշտ, ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները փորձագիտական առանձնահատուկ հարթակ են ծառայում տարբեր երկրների համապատասխան ծառայությունների, միջազգային կառույցների եւ մասնագետների միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման եւ զարգացման համար:
Արդի ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արձանագրված զարգացումներն աշխարհում իրենց արդյունավետ կիրառությունն են գտնում նաեւ արդարադատության բնագավառում, այդ թվուվ՝ կատարողական վարույթի շրջանակներում: Եվ դա պատահական չէ. արդարադատության բնագավառում առկա տեղեկատվության մեծածավալությունն ու տեղեկատվության արագ, ճշգրիտ եւ լրիվ փոխանցումը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում եւ արդյունավետ գործարկում նաեւ հարկադիր կատարման փուլում: Ես հուսով եմ, որ այս կոնֆերանսը կնպաստի արդյունավետության բարձրացմանը:
Ի դեպ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ծառայությունում խնդիրները բազմազան են ու շատ: «Ես բազմիցս ասել եմ, որ այսօր 60 անգամ ավելացել է Ծառայության աշխատանքը: Այսինքն՝ եթե մենք 6-7 տարի առաջ հարուցում էինք 2000 վարույթ, ապա այսօր դրանց թիվը մեկ ամսվա կտրվածքով հասնում է 120 հազարի: Սա մեր հիմնական խնդիրն է: Այսինքն՝ մեկ ամսում հարկադիր կատարման ծառայությունը 120 հազար վարույթ է իրականացնում: Սա աննախադեպ քանակ է: Նաեւ ցանկանում եմ շեշտադրել մի կարեւոր փաստ. աշխատակիցների քանակը չի ավելացել: Մենք պետական բյուջեի վրա ծախսային հոդված չենք ավելացրել: Այս ամենը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումով»:
«Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը.
-Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում եւ հարգվում են դատարանի որոշումները: Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը: Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաեւ՝ արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի: Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ եւ որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի: Մինչեւ Միհրան Պողոսյանի գլխավոր հարկադիր կատարող նշանակվելը Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը շատ ավելի փակ էր հասարակության առջեւ, որը որ խնդրահարույց էր: Իսկ հիմա այն այդպես չէ:
Լեռնային Ղարաբաղի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Ֆելիքս Գաբրիելյանը եւս կարեւորեց ոլորտի զարգացումը.
– Շատ ուրախալի է, որ այս գիտագործնական երկրորդ համաժողովը տեղի է ունենում ՀՀ-ում: Նշեմ, որ այս համաժողովին հնչած ելույթների, փորձի փոխանակման ժամանակ ուսումնասիրում ենք ու տեսնում, որ ԼՂՀ-ում, եվրոպական մյուս երկրների համեմատ, շատ հարցերում մենք առաջընթաց ունենք գրանցած: Չեմ ուզում երկրներ նշել: Կարելի է խոսել էլեկտրոնային աճուրդների մասին, որը եվրոպական մի շարք երկրներում զարգացած չէ եւ չի գործում: Իսկ մեզ մոտ մեկ տարուց ավել է, ինչ գործում է: Չնայած մեր հիմնական խնդիրներից մեկն է զարգացնել այն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵՑ ՍԱԿԱՐԿԵԼ»

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձ եղավ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին:

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ ոչ իշխանական 3 ուժերը հայտարարեցին, որ հեղափոխություն չեն ուզում անել. «Հանրահավաքի ժամանակ ասվեց, որ հեղափոխություն չեն անելու: Դա ասվեց այս կոնտեքստում, որ ոստիկանապետն ու այլ ուժեր իրենց մեղադրում են հեղափոխություն անելու մեջ, բայց դրանք ստահոդ մեղադրանքներ են: Ասվեց, որ պահանջներ, փոխզիջումային տարբերակներ, վերջնագրեր չեն ներկայացվելու Սերժ Սարգսյանի վարչակազմին: Այսինքն՝ հայտնի հնարավոր բոլոր սցենարները բացառված են բացի մեկից՝ իրենք սպասում են փոխզիջումային, երկխոսության առաջարկների Ս. Սարգսյանից»:
Եվ երբ Սերժ Սարգսյանն ու մյուս ուժերն ասում են Սահմանադրության փոփոխություններ, նրանք լրիվ այլ բան նկատի ունեն: Դա, ըստ էության, քաղաքական մեծ աֆյորա է, ուրիշ ոչ մի բան»,-ընդգծեց Ն. Փաշինյանը` պարզաբանելով. «Գիտենք՝ ինչի մասին է խոսում: Խոսում է ներկլանային հարցերի մասին: Եվ սահմանադրական փոփոխությունները եւ սահմանադրական հակափոփոխությունները մի մեծ` նույն քաղաքական աֆյոռայի տարբեր կողմերն են: Հրաժարվում ենք քննարկել սահմանադրական փոփոխություններ ասվածը, որովհետեւ համաձայն չենք, որ Սերժ Սարգսյանն ու մյուսները հանրությանը փորձեն դարձնել իրենց աֆյոռայի զոհը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ, «Սասուն» ջոկատի հրամանտար Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, թե ոչ իշխանական ուժերն ամեն ինչ արեցին, որ ոչ թե թեժ աշուն լինի, այլ աշունը ոչ մի դեպքում չթեժանա. «Ամեն ինչ անում են, որ նոր քաղաքական ուժ չծնվի մինչեւ խորհրդարանական ընտրությունները»,- նկատեց Միքայելյանը:
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հրապարակեց նաեւ հայտարարություն` հոկտեմբերի 10-ին կայացած եռյակի հանրահավաքի վերաբերյալ: «Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր՝ նրան զսպելով քաղաքական գործընթացների վրա իրական ազդեցություն ունենալուց: Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության բաժանման շուրջ: Նման մոտեցումն անընդունելի է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման համար: Մեր գնահատմամբ՝ հենց այսպիսի գործելակերպն է ընկած Հայաստանի երրորդ հանրապետության ձախողումների հիմքում: Սրա հետեւանքն է նաեւ Հայաստանը ԵՏՄ մաս դարձնելու՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի որոշումը, ինչը դե ֆակտո արժանացավ ոչ իշխանական ուժերի հավանությանը»,-նշված է հայտարարությունում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԷԼԻ ԿԽԱՅՏԱՌԱԿԻ
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու հարցը ՀՀԿ-ում «փակված» է: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում չի էլ քննարկվել Նաղդալյանին հայկական պատվիրակությունից «հեռացնելու» հարցը: ԵԽԽՎ հաջորդ նիստը լինելու է ձմռանը, որի ժամանակ էլ կձեւավորվի հայկական պատվիրակության նոր կազմը: Դա լինելու է հունվարի վերջին, իսկ մինչեւ այդ ԵԽԽՎ-ում հանձնաժողովի նիստեր են լինելու, որին պատգամավորներն առանձին-առանձին են մասնակցելու: Այսինքն՝ Նաղդալյանը կպաշտոնավարի մինչեւ ժամկետի ավարտը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հանքատիրուհի Հ. Նաղդալյանը չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, կամ առնվազն գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձեւի ընդունումը: Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել էին նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիրակությանը դուրս հրավիրել նիստերի դահլիճից:

 

ՈՐԱԿԸ ԿԱՆՏԵՍՎԻ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ վաղը կայանալիք նիստում կքննարկվի բնական գազի մատակարարման՝ մատակարար-բաժանորդ նոր պայմանագրերի օրինակելի նմուշի նոր նախագիծը: Հատկանշական է, որ այդ փաստաթղթում չկա որեւէ կետ, որտեղ նշված կլինի, թե մատակարարը կոնկրետ ինչ որակի բնական գազ պետք է մատակարարի: Ինչպես հայտնի՝ վերջին երկու տարիներին սպառողները բազմիցս բողոքում են, որ իրենց մատակարարված բնական գազի որակը նախորդ տարիների համեմատ շատ է նվազել: Մարդիկ նկատել են, որ ներկայումս ավելի շատ գազ են ծախսում, քան նախկինում, ինչն ուղղակի վկայում է այն մասին, որ գազի գնի թանկացմանը զուգահեռ այդ վառելիքի որակը նվազել է, եւ քաղաքացիները ստիպված են նախկինի համեմատ կրկնակի ավել վճարել գազի դիմաց:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՓՈՂԵՐԸ
Մինչ «Արմավիա» ավիաընկերությունը գտնվում է լուծարման փուլում, մի շարք պարտատերեր շարունակում են պահանջել իրենց հասանելիք գումարները: Պարտատերերի շարքում են նաեւ «Ուրալական ավիաուղիներ» ԲԲԸ-ն եւ «Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն: Դեռեւս այս տարվա հուլիսի 2-ին «Ուրալական ավիաուղիները» գումար բռնագանձելու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան: Այս գործով դատական առաջին նիստը տեղի կունենա այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Իր հերթին գումար բռնագանձելու պահանջով հայցադիմում է ներկայացրել նաեւ «Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն: Վերջինս դատարանից խնդրել է «Արմավիա»-ից հօգուտ իրենց ընկերության բռնագանձել 90 մլն 147 հզ. 50 դոլար, այդ թվում նաեւ՝ պարտքի բանկային տոկոսները: Թե ինչ ավարտ կունենան դատական այս քաշքշուկներն ընդդեմ «Արմավիա»-ի, անհայտ է, քանի որ ՀՀ երբեմնի ավիափոխադրողը գործնականում սնանկ է:




Լրահոս