ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՂԱՎՈՂԻ ԴԵՐՈՒՄ
«Նույնիսկ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան եւ շատ բարձր տոնայնությամբ բղավի, մեկ է, մեծամասնությունն իրենն է անելու: Այսինքն` ընդդիմությունը միայն  բղավողի դերում է  լինելու, որոշողի դերում չի լինելու, եւ համակարգային փոփոխություններ չեն անելու: Իսկ եթե չեն տանելու, ինչի՞ են գնում այնտեղ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ-ի դիմաց 5-րդ օրը հացադուլ անող ԱԺՄ նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը: Վերջինիս երեկ առաջին անգամ այցելել են շտապօգնության ծառայությունից, առողջապահության նախարարությունից եւ Կարմիր խաչից ու խորհուրդ  տվել անպայման դուրս գալ հացադուլից:

ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ
Թիվ 10 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ոչ թե ինքն է պարտվել, այլ «հաղթել են» պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները: «Իշխանական ներկա համակարգը նաեւ ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը եւ ընտրողների իրավունքները ոտնահարելով՝ հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան»,-մասնավորապես ասված է Սուքիասյանի հայտարարությունում: Ի պատասխան` նույն ընտրատարածքում հաղթած Գարեգին Նուշիկյանը (ՀՀԿ) ասել է. «Հաշվի առնելով հրապարակայնորեն ներկայացվող մեղադրանքների լրջությունը` ես պատրաստակամություն եմ հայտնում փաստերի առկայության դեպքում իր հետ միասին պայքարել եւ պատժել մեղավորներին»:

ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՎ
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանին Էրեբունի վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում բռնության ենթարկելու փաստով մայիսի 8-ին քրեական գործ է հարուցվել  Հայաստանի քրեական օրենսգրքի 164 հոդվածի 2-րդ կետով (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը):

ԱՄՆ-Ի «ԴԱԲՐՈՆ»
Հայաստանում ընտրություններն անց են կացվել հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի երկրների հարցերով վարչության խոսնակ Ռոբերտ Հիլթոնը` ողջունելով Հայաստանում համապետական մակարդակի վրա նախկինում անցկացված  ընտրությունների համեմատությամբ տեղ գտած բարելավումները:

ԳԼԽԱՔԱՆԱԿԻ «ԽԵՐԸ»
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հետընտրական հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ՕԵԿ-ը խստացնելու է անդամագրման կարգը: «Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ մնացին իմ եւ կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին եւ տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ ընտրություններն անցել են առանց լցոնումների եւ ծեծկռտուքների, ձայների հաշվարկը հիմնականում կատարվել է թափանցիկ եւ կուսակցությունների վերահսկողության ներքո:




Լրահոս