ՀԱԿԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 36 ԸԸՀ-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանն երեկ վերահաշվարկի դիմում է ներկայացրել ԸԸՀ:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պայքարում էին ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը, ԲՀԿ անդամ Մուշեղ Պետոյանը եւ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը: Նշենք, որ Մուշեղ Պետոյանը հավաքել է 15.291 ձայն, իսկ հանրապետական թեկնածուն՝ 10.837: Վարագյանի կարծիքով՝ հրապարակված տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Վերահաշվարկը տեղի ունեցավ, բացվեցին տեղամասերից մեկի արկղերը: Սկզբում  Վարագյանի վստահված անձ Վահագն Վարագյանը հայտարարեց, որ հանձնաժողովն իր գործը վատ է կատարել, եւ որ հրապարակված տվյալները, որոնց համաձայն՝ հաղթել է Մուշեղ Պետոյանը, կեղծ են: Նրա առաջարկը հետեւյալն էր՝ կազմել արձանագրություն եւ այն ուղարկել ԿԸՀ: Ընտրատարածքի հանձնաժողովականներին վստահված անձի այս արտահայտությունը դուր չեկավ, եւ վերահաշվարկի ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ: ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձ Կարուշ Մարզեցյանը այն կարծիքին էր, որ հանրապետականները  պարզապես չեն ցանկանում հաշտվել պարտության մտքի հետ եւ թատերական ներկայացման միջոցով ուզում են ուշադրություն գրավել: ԲՀԿ ներկայացուցիչը պնդեց, թե ընտրություններն անցել են ազատ եւ թափանցիկ, հետեւաբար վերահաշվարկի կարիք չկար: Նրա խոսքերով, եթե անգամ որոշակի անճշտություններ եղել են, կամ եթե դրանք հայտնաբերվեն վերահաշվարկի արդյունքում, ապա չեն փոխի վերջնական արդյունքները: «Երեւի կասկածանք կա, որ եթե ինքը չի հաղթել, ուրեմն սխալներ են տեղի ունեցել»,-պնդեց ԲՀԿ-ականը:
Եւ մինչ ընտրատարածքում վերահաշվարկ էր ընթանում, թիվ 36/06 տեղամասի նախագահը հայտարարեց, որ ընտրատարածքի նախագահի՝ վերահաշվարկ կատարելու որոշումը հակասում է ԸՕ պահանջներին, եւ առաջարկեց գործընթացն արագ դադարեցնել: ԸԸՀ նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զանգահարեց ԿԸՀ,  որտեղից էլ հաստատեցին, որ վերահաշվարկի գործընթացը հարկավոր է կասեցնել, այն պատճառաբանությամբ, որ ներկայացված բոլոր 12 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս թեկնածու Մխիթար Վարագյանը ներկա չի եղել:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս