ՀՀ Վերահսկիչ պալատը 2013 թվականի իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության ոլորտում առկա խնդիրներին: Մասնավորապես «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի եւ ԿԳ նախարարության միջեւ կնքվել է 385 մլն 825 հազար 800 դրամի պայմանագիր: Ստուգմամբ պարզվել է, որ նախարարության կողմից բյուջեի հիմքում դրված հաշվարկային ցուցանիշներին համապատասխան 271 սովորողի համար 365 օրվա հաշվով սննդամթերքի ձեռք բերման համար հաշվարկվել եւ վճարվել է 145 մլն 504 հազար դրամ:
Սակայն ծառայությունը մատուցվել է 264 օր: Նշենք, որ չմատուցված ծառայության արժեքը սննդամթերքի մասով կազմում է 40 մլն 262 հազար 700 դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: ՎՊ-ն նաեւ արձանագրել է, որ խախտելով գործող օրենսդրության պահանջներն առանց գնման ընթացակարգերի եւ պայմանագրերի, կրթահամալիրն իր համար նախընտրելի անձանցից ձեռք է բերել 45 մլն 608 հազար դրամի սննդամթերք:
Ի դեպ, նույն անձինք կրթահամալիրին սննդամթերք են մատակարարել նաեւ 2012 թվականին: Այդ անձանցից մեկին կրթահամալիրը փոխանցել է մեկ միլիոն 264.7 հազար դրամ գումար, որի դիմաց որեւէ մատակարարում չի իրականացվել: