ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ

Երեկ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանին է ներկայացրել հանձնաժողովի՝ հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սա նշանակում է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ձեւավորվել:

Եթե մինչ օրս քաղաքական շատ ուժեր պատճառաբանում էին, թե չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, ապա այսօր արդեն պարզ է, թե սահմանադրական ինչ փոփոխություններ է ցանկանում իրականացնել Ս. Սարգսյանը իր ձեւավորած հանձնաժողովով: Հիմա մնում է, որ կարդան, մարսեն առաջարկվող փաստաթղթի սկզբունքները եւ կարծիք հայտնեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում հանրաքվեի վերաբերյալ գոյություն ունի երկու օրենք՝ «Տեղական հանրաքվեի մասին» եւ «Համապետական հանրաքվեի մասին» օրենքներ: Այս անգամ ՀՀ-ում պետք է անցկացվի համապետական հանրաքվե: Համաձայն գործող Սահմանադրության՝ համապետական հանրաքվեի կարող է դրվել բացառապես ՀՀ նոր Սահմանադրության ընդունումը կամ Սահմանադրությունում (ՍԴ) փոփոխություններ կատարելը: Սա թերեւս կարելի է համարել ՀՀ Սահմանադրության թերություններից մեկը, քանի որ երկրին վերաբերող բազում լրջագույն հարցեր կարելի է հանրաքվեի դնել, օրինակ՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, որպեսզի հստակեցվեր, թե ՀՀ քաղաքացին ինչ տեսակետ ունի տնտեսական անկախությունը կորցնելու հեռանկարի առնչությամբ: Ի վերջո, հանրաքվեն ժողովրդավարության լավագույն ինստիտուտն է, չնայած որ ՀՀ-ում երբեւէ նման լուրջ հարցերը հանրաքվեի չեն դրվում:
Անդրադառնալով ներկայացված հայեցակարգին՝ նշենք, որ դա վերջնական տեքստ չէ, որի հիման վրա պետք է տեղի ունենա հանրաքվեն: Հայեցակարգը բաղկացած է մի քանի կետերից, որտեղ ընդհանուր ներկայացվում են դրույթները, սկզբունքները, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու ՀՀ ՍԴ-ն: Ա՛յ, երբ Սարգսյանը կստորագրի հայեցակարգը, դրանից հետո նոր ՍԴ հանձնաժողովին կոնկրետ ժամկետների մատնանշմամբ կհանձնարարի իրեն ներկայացնել վերջնական տեքստը, որտեղ առավել մանրամասն է ներկայացվում, թե Սահմանադրական հոդվածներում ինչ է ներառված: Իսկ թե ե՞րբ Սերժ Սարգսյանը կհաստատի հայեցակարգը եւ համապատասխան հանձնարարություն կտա, դժվար է կանխատեսել, քանի որ որեւէ օրենքում ժամկետային սահմանափակում չկա: Եւ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վերաբերմունքը ժամկետների նկատմամբ, երբ 2005-ին հարցրել էին, թե երբ եք անդամագրվելու ՀՀԿ-ին, նա պատասխանել էր՝ տոներից հետո, արդյունքում՝ 2006-ի հունիսին նոր անդամագրվելով ՀՀԿ-ին՝ պետք է հիշել, որ «սատանան մանրուքների մեջ է»:
Չի բացառվում, որ Ս. Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարի հրավիրել քաղաքական ուժերին, կուսակցություններին՝ քննարկելու տեսքտի վերջնական բովանդակությունը, որից հետո նոր կազմվի ՍԴ փոփոխությունների նախագիծը եւ ուղարկվի ՀՀ նախագահին: Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի պահանջով ՍԴ փոփոխությունների համար պետք է լինի քաղաքական լայն համաձայնություն, այսինքն՝ երկրի հիմնական քաղաքական ուժերը պետք է կողմ լինեն փոփոխությանը: Հակառակ դեպքում չի ստացվի: Այնպես որ, քաղաքական ուժերին ու գործիչներին համոզելուց հետո նոր նախագահը իր հրամանագրով պետք է սահմանի ժամանակացույց՝ ՍԴ փոփոխությունների հանրային քննարկման՝ հասարակական կարծիքը իմանալու համար:
Քննարկումների, կարծիքների հավաքագրումից հետո, երբ Սահմանադրական փոփոխություններում լրամշակումներ կատարվեն, այդ տարբերակը կրկին կներկայացվի ՀՀ նախագահին: Դրանից հետո նոր արդեն պատրաստի տեքստը Ս. Սարգսայնը կուղարկի խորհրդարան, որտեղ եւ պետք է հավանության արժանանա Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Ըստ ՀՀ Սահմանադրության 111 հոդվածի՝ «Սահմանադրության փոփոխությունները կատարվում են հանրաքվեի միջոցով ՀՀ նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ»: Այսինքն՝ հանրապետության նախագահը Սահմանադրական փոփոխության նախագիծը ստանալուց հետո՝ 21 օրյա ժամկետում, կարող է առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել ԱԺ՝ պահանջելով նոր քննարկում. «ԱԺ կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ անելու նախագիծը հանրապետության նախագահը հանրաքվեի է դնում ԱԺ-ի սահմանած ժամկետում»:
Ասել է թե՝ մինչեւ 3 ամիս ժամանակ է խլելու նախագծի քննարկումը խորհրդարանում, որից հետո նոր կկազմակերպվի քվեարկություն: Եւ եթե 66 պատգամավորներ կողմ քվեարկեն, այդ դեպքում նոր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կհամարվի ընդունված, եւ հանրապետության նախագահը կդնի հանրաքվեի իր կողմից սահմանած ժամկետում: Այդ ժամկետի մասին նա պարտավոր է նշել նախագիծն ԱԺ ներկայացնելու ժամանակ նամակով:
Սահմանադրության 113 հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցներից կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/4»: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրացուցակներում 2 միլիոն 500 հազար մարդու անուն կա, այսինքն՝ ընդամենը մոտ 625 հազար կողմ ձայն պետք կլինի Սերժ Սարգսյանին, որպեսզի Սահմանադրական փոփոխություններն ընդունվեն: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ 861 հազար 155 ձայն է հավաքել
Ահա այն «ճանապարհային քարտեզը», որով պետք է անցնել՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու համար:
Ի դեպ, նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների ծրագրի ֆինանսավորողը գերմանական (GIZ) ընկերությունն է: Այսինքն, եթե Ս. Սարգսյանը որոշի, որ այլեւս չի ցանկանում այս ճանապարհն անցնել ու բարեփոխումներ իրականացնել ու ինչ-որ պահից հետ կանգնի, կորցնելու ոչինչ չունի: Նա արդեն հասել է իր նպատակին՝ քաղաքական օրակարգը հագեցնելով իր ցանկություններով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԽՆԱՄՈՒՄ Է ԴՈՒՍՏՐԸ
Հայ գործարար Լեւոն Հայրապետյանը շարունակում է մնալ վատ վիճակում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Լեւոն Հայրապետյանի եղբոր որդին՝ Գուրգեն Հայրապետյանը: Ըստ մեր զրուցակցի՝ նա մոտ օրերս է Ռուսաստանից այցելել Հայաստան եւ իր հորեղբորը կալանքից ազատելուց հետո չի տեսել: Գուրգենը միայն կարողացավ նշել, որ այս օրերին Լեւոն Հայրապետյանին Ռուսաստանի Դաշնությունում խնամում է նրա դուստրը: Նշենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն հայ գործարարին մեղադրանք էր ներկայացրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի (յուրացում) եւ 174 (ապօրինի ձեռք բերված դրամական միջոցների յուրացում) հոդվածներով:
Կալանավորումից երկու ամիս անց Մոսկվայի Բասմանի դատարանը հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինեց տնային կալանքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեւոն Հայրապետյանը տառապում է դիաբետով, քաղցկեղով, երկու անգամ էլ սրտի կաթված է տարել:

 

ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ Է ԽՄԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 14-ին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանում լուրջ իրարանցում էր սկսվել: Բանն այն է, որ հիվանդանոց էին տեղափոխել Ջրվեժ թաղամասի բնակիչ 31-ամյա Աշոտին, որ ինքնասպանության փորձ էր կատարել՝ ժավելի սպիրտ խմելով: Ըստ մեզ հասած տեղեկությունների, երբ բժիշկներն Աշոտի մորից հետաքրքրվել են, թե արդյո՞ք որդին գիտակցել է, որ ժավելի սպիրտ է խմում, նա դրական է պատասխանել: «Ժողովուրդ»-ին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ասացին, որ Աշոտի վիճակը միջին ծանրության է. ստամոքսի լվացում են արել:

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը Իրաքի եզդիներին օգնելու նպատակով դրամահավաք է անցկացնում: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում այս նպատակով նույնպես դրամահավաք անցկացվեց, ինչի արդյունքում հավաքվեց մոտ 6 մլն դրամ: Երեկ «Ժողովուրդ»-ը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ որքա՞ն գումար է հավաքվել: «Արդեն տասը օր է, ինչ դրամահավաքն անցկացվում է, վերջնական արդյունքը, կարծում եմ, որ բավական զգալի կլինի: Այս պահին դրամահավաքը շարունակվում է: Բացի այդ, մինչ այս դրամահավաքը, մենք Իրաքի եզդիներին օգնեցինք նաեւ հագուստի տեսքով»,- ասաց մարզպետը՝ չհստակեցնելով հավաքված գումարի չափը:

 

ԹԱՆԿԱՑԵԼ Է
Այն, որ այս տարի պարենամթերքի շուկայում գնաճը գլուխ է բարձրացրել, դա վաղուց հայտնի բան է: Որպես օրինակ նշենք հացամթերքը, որի գնաճը 2010թ. համեմատ 2014-ի սեպտեմբերին կազմել է 25.8 տոկոս: Գնաճ է արձանագրվել նաեւ հրուշակեղենի շուկայում: 2010թ. համեմատ այս տարվա սեպտեմբերին գնաճը կազմել է 32.2 տոկոս: Իսկ թե այս տարվա վերջին այդ ցուցանիշը որքան կլինի, ցույց կտա ժամանակը:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԱՐԳԱՐՏՅԱ ՀԱՐՍԱՆԻՔԸ
NEWS.am-ի տեղեկացմամբ` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստվում է մեծ շուքով նշել իր ամուսնության 30-ամյակը: Հոկտեմբերի 24-ին երեւանյան հայտնի ռեստորաններից մեկում կայանալիք խնջույքին նա հրավիրել է հայկական բարձրաստիճան էլիտային՝ սկսած նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից, վերջացրած նախարարներով, պատգամավորներով: Ինքը՝ պատգամավորը, նշել է, որ հրավիրել է բոլոր նրանց, ովքեր ներկա են եղել իր հարսանիքին: Իսկ թե արդյո՞ք առաջիկա խնջույքին ներկա կլինեն բարձրաստիճան հրավիրյալները, նա դեռ չգիտի: Իր մարգարտե հարսանիքին Մարգարիտ Եսայանը կլինի բաց գույնի զգեստով, բայց ոչ՝ հարսի շորով:

 

ԿՀԵՌԱՆԱ
Armlur.am-ի տեղեկություններով` այսօր կհաստատվի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը: Իբրեւ հրաժարականի հնարավոր պատճառ շրջանառվում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը, որին էլ փոխվարչապետը դեմ է եղել: Նշենք, որ Գեւորգյանը ՏԿ նախարարի պաշտոնը ստանձնել էր 2008 թվականի ապրիլից: Նրան ընդունված է համարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրը:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պյեր Անդրեին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին եւ Դեւիդ Սալվոյին (ամերիկացի համանախագահի օգնական): Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված հարցեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համանախագահների հետ չի եկել Բաքու` ընտանեկան պատճառներով:

 

ԻՐ ՕՐԱԿԱՐԳԸ
Զարուհի Փոստանջյանը երեկ եռյակին առաջարկել է սեփական` 8 կետերից բաղկացած օրակարգը, որի առաջին կետը «Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացն» է: Երկրորդ կետով սահմանվում է, որ. «ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ որպես հանցագործների, եւ հետամուտ լինի նրանց քրեական հետապնդմանն ու դատավճռով ազատազրկմանը»: Զարուհի Փոստանջյանը եռյակից պահանջում է նաեւ հասնել նրան, որ ապօրինի սեփականաշնորհված եւ ձեռք բերված գույքը վերադարձվի պետությանը. ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում եւ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ձեռք բերած ունեցվածքը վերադարձվի պետությանը, ինչպես նաեւ՝ անցկացվեն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Փոստանջյանի հրապարակած օրակարգը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որակել է որպես Փոստանջյանի «անձնական առաջարկ»:

 

 




Լրահոս