ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱ՞Ն ԹԵ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ հրապարակվեց Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական` Սերժ Սարգսյանին ներկայացված տարբերակը: Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթղթի՝ մեր կարծիքով առավել կարեւոր, քաղաքական բուռն քննարկումների տեղիք տված հատվածները` չնչին կրճատումներով: Առաջին մասում բերված են այն խնդիրները, որոնք, ըստ փաստաթղթի հեղինակների, առկա են Հայաստանի կառավարման գործող համակարգում: Այնուհետեւ ներկայացված են դրանց լուծման ուղիները` կառավարման գործող կիսանախագահական համակարգի պահպանման դեպքում: Առանձին ներկայացված է խորհրդարանական համակարգի անցման հեռանկարները` ինչպիսին կարող է լինել այն եւ ինչ խնդիրներ կլուծի:

Իշխանության բաժանում եվ հավասարակշռում
1. Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ոչ միաժամանակյա ընտրությունների պարագայում առաջնային մանդատ ունեցող երկու ինստիտուտները հայտնվում են հանրային վստահության տարբեր մակարդակներում: Խորհրդարանում Հանրապետության Նախագահին հարող մեծամասնության բացակայության պայմաններում ու իրավամտածողության ներկա դրսեւորումների համատեքստում էապես մեծանում է քաղաքական ճգնաժամի ու առճակատման վտանգը: Նման պայմաններում քաղաքական դիմակայությունը կարող է վերաճել հանրային առճակատման` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ:
Նման համակարգը, ըստ գործող Սահմանադրության, պարտադիր է դարձնում նաեւ երկու տարում երկու կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունը, ինչն զգալի անկայունություն է մտցնում գործադիր իշխանության համակարգում, տնտեսական ոլորտում անորոշություն ու որոշակի անվստահություն ծնող պատճառ է դառնում:
2. ԱԺ-ում Հանրապետության Նախագահի բացարձակ մեծամասնության առկայության եւ ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը: Դա հանգեցնում է նրան, որ բացարձակ է դառնում նախագահական իշխանությունը՝ չունենալով գործուն հակակշիռներ ո՛չ օրենսդիր եւ ո՛չ էլ գործադիր իշխանության կողմից:
3. Հանրապետության Նախագահի գործառույթների ու լիազորությունների միջեւ ապահովված չէ անհրաժեշտ համամասնականություն: Մասնավորապես, բավարար չափով հստակեցված չեն Նախագահի լիազորությունները գործադիր իշխանության իրականացման եւ Սահմանադրության պահպանման գործառույթների իրականացման բնագավառներում:
4. Սահմանադրական մակարդակում դեռեւս պատշաճ երաշխիքներ չեն ապահովված Ազգային ժողովի օրենսդրական ու վերահսկողական գործունեության լիարժեք իրականացման, ինչպես նաեւ խորհրդարանական փոքրամասնության հակակշռող դերի արդյունավետ իրականացման համար:
5. Առկա չէ Հանրապետության Նախագահ-ԱԺ, Հանրապետության Նախագահ-կառավարություն, ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններում, ինչպես նաեւ պետական իշխանության տարբեր ինստիտուտների հարաբերություններում սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի լուծման հստակ սահմանադրաիրավական կառուցակարգ: Իրավական պետությունում նման վեճերը պետք է լուծվեն ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում:
6. Հստակեցված չէ գործադիր իշխանության համակարգը: Հետեւողականորեն չի իրականացվում Սահմանադրության՝ փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Առկա խնդիրների լուծման
վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները
1. Հայեցակարգային առումով սահմանադրական բարեփոխումները պետք է իշխանության բոլոր թեւերի համար երաշխավորեն «գործառույթ-ինստիտուտ-լիազորություն» եռամիասնական շղթայում անհրաժեշտ համամասնականություն, ինչպես նաեւ գործառութային, հակակշռող եւ զսպող լիազորությունների հաշվեկշռվածություն: Գլխավոր խնդիրն է՝ ստեղծել սահմանադրական երաշխիքներ ունենալու պետության գլխի լիարժեք ինստիտուտ, ուժեղ եւ հավասարակշռված օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններ, անկախ ու անկողմնակալ դատարան:
2. Երկրի քաղաքական համակարգի բնականոն կայացման տեսանկյունից կարեւոր խնդիր է նաեւ քաղաքական կուսակցությունների ժողովրդավարացման, նրանց ֆինանսական գործունեության հրապարակայնության սահմանադրական պահանջի ապահովման իրավական անհրաժեշտ երաշխիքների ստեղծումը:
3. ԱԺ-ի օրենսդրական գործունեության եւ վերահսկողական դերի հետագա ամրապնդումը համարելով առանձնահատուկ կարեւորության խնդիր՝ անհրաժեշտ է.
– ամրապնդել ԱԺ-ի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում,
– մեծացնել Աժ-ի դերը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձեւավորման գործում,
– ընդլայնել ԱԺ-ի վերահսկողական լիազորությունների շրջանակները,
– ամրապնդել խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները:
4. Սահմանադրական մակարդակում պետք է հստակեցվեն գործադիր իշխանության կառուցակարգային համակարգը, դրա համակարգային փոխհարաբերությունների շրջանակը Հանրապետության Նախագահի եւ ԱԺ-ի հետ: Պետք է հաղթահարվի այն վիճակը, երբ գործադիր գործառույթ իրականացնող շատ մարմինների գործունեությունը դուրս է օրենսդիր մարմնի վերահսկողությունից:
Պետք է հնարավորինս հաղթահարվի գործադիր իշխանության գործառութային երկատվածությունը: Գործադիր իշխանության գործառութային լիազորություններով պետք է օժտված լինի կառավարությունը՝ Հանրապետության Նախագահին վերապահելով պետության գլխին բնորոշ ու ամբողջական՝ գերազանցապես հակակշռող եւ զսպող լիազորություններ:
5. Պետք է ներդրվի պետական իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի իրավական լուծման գործուն համակարգ: Ավելին՝ սահմանադրական մակարդակում պետք է առավելագույնս բացառվեն համակարգային հակամարտությունները, իրավակարգավորման գերագույն խնդիրը պետք է լինի գործառութային դինամիկ ներդաշնակության երաշխավորումը:
6. Սահմանադրորեն անհրաժեշտ է երաշխավորել պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությունն իրենց ծրագրանպատակային գործունեության ու լիազորությունների իրականացման հարցում:
7. Սահմանադրության պահպանման գործառույթի շրջանակներում պետք է ներդրվի երկրում սահմանադրականության ապահովման ու դրա մշտադիտարկում իրականացնելու գործուն համակարգ:

Կառավարման խորհրդարանական համակարգի ընձեռած
հնարավորությունները
Խորհրդարանական կառավարման ձեւին անցման դեպքում հատկապես արդիական են կառավարության կայունության, խորհրդարանի վերահսկողական լիազորությունների, խորհրդարանական փոքրամասնությունների, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի գործառույթների եւ ընտրության կարգի հիմնախնդիրները:
Կառավարության կայունությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել ժամանակակից պառլամենտարիզմի զարգացման փորձը, կայունությանը նպաստող այն միջոցները, որոնք իրենց արդարացրել են միջազգային պրակտիկայում (մասնավորապես` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում): Կայունությանը նպաստող միջոցներ կարող են լինել կոնստրուկտիվ անվստահության քվեն եւ վարչապետի ուժեղ դերը պետական կառավարման համակարգում: Խորհրդարանի լուծարումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ճգնաժամային իրավիճակներում Ազգային ժողովն ի վիճակի չէ ընտրել նոր վարչապետ:
Գործող կառավարման համակարգի համեմատ սկզբունքորեն նոր դեր պետք է իրականացնի Հանրապետության Նախագահը, որը պետք է ընտրվի ԱԺ-ի կամ ավելի լայն ընտրական կոլեգիայի կողմից՝ խորհրդարանի լիազորությունների ժամկետը գերազանցող ժամկետով (մասնավորապես` քննության առնելով նաեւ սփյուռքի ներկայացուցիչների ընդգրկումը): Հանրապետության Նախագահը չպետք է ունենա վերընտրման իրավունք, որպեսզի պաշտոնավարման ընթացքում ավելի լիակատար կերպով ապահովվի նրա անկախությունը քաղաքական ուժերից: Նրա հիմնական առաքելությունը պետք է լինի Սահմանադրության պահպանմանը հետեւելը, հակակշռող եւ զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը` անհրաժեշտության դեպքում կիրառելով նաեւ համաստորագրման ինստիտուտը:
Քանի որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության միջեւ է, ապա խորհրդարանական փոքրամասնությանը պետք է վերապահվեն իր դերին համարժեք իրավունքներ:
Լիարժեք վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար կարելի է ամրագրել քննիչ հանձնաժողովներ ստեղծելու փոքրամասնության իրավունք: Փոքրամասնության վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը կարող է նպաստել նաեւ այն, որ քննիչ հանձնաժողովի նախագահը նշանակվի ընդդիմության պատգամավորների կազմից: Բացի դրանից, կարելի է խորհրդարանական փոքրամասնությանը կարեւոր դերակատարում վերապահել, մասնավորապես, Վերահսկիչ պալատի նախագահի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում` նախատեսելով այդ պաշտոնատար անձանց ընտրություն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: Կարելի է նախատեսել Ազգային ժողովի մարմիններում ընդդիմության ներկայացուցչություն՝ առանց համամասնականության սկզբունքի պահպանման (օրինակ` ԱԺ-ի փոխնախագահ, որոշ մշտական հանձնաժողովների նախագահում եւ այլն):

Նման բնորոշ գծեր ունեցող խորհրդարանական համակարգում.
ա) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարեւորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը եւ պաշտպանությունը,
բ) չի կարող լինել խորհրդարանի եւ պետության գլխի միջեւ առճակատում, քանի որ Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
գ) իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ եւ հանրորեն ընդունելի քաղաքական ուժի (ուժերի) ներկայացուցիչը,
դ) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում՝ չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջեւ,
ե) կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջեւ կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
զ) կբարձրանա խորհրդարանի քաղաքական դերը ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողություն ունեցող մարմնի, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը,
է) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը եւ երկրում աստիճանաբար երկբեւեռ դասական քաղաքական համակարգի ձեւավորմանը,
ը) երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ եւ ավելի նվազ չափով անձնավորված:




Լրահոս