ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ՎՏԱՆԳ ԾՈՎԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ Դավիթ Հակոբյանը տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ գյուղի երեք տներ, որոնցից մեկն իրենն է, գտնվում են քարաթափման վտանգի տակ: Հակոբյանի՝ 7 հոգուց բաղկացած ընտանիքը վախը սրտներում է օրերն անցկացնում: Բանն այն է, որ երեք բնակելի տուն գտնվում է անմիջապես հսկայական ժայռի տակ: Ժայռն էլ թեթեւ ցնցումների հետեւանքով կարող է տեղաշարժվել ու ընկնել բնակելի տների վրա: Իսկ մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկում: Միայն առաջարկում են երկու պարկ ցեմենտ ու ավազ՝ հսկայական, 70 տոննայանոց ժայռը ամրացնելու համար:

«Կեսօրին ապահով է, որովհետեւ եթե քարը ընկնելու լինի, կզգանք ու անմիջապես կփախչենք: Իսկ գիշերներն անապահով է, լինում է, որ օրերով չենք քնում: Եթե ընկնի, բոլորս էլ կմնանք քարի տակ: Իմ հայրը 87 տարեկան է, բայց վախենում է ու տանը չի մնում. գիշերները կամ սարում է մնում կամ էլ՝ բարեկամի տանը»,-ներկայացնելով իրենց ամենօրյա հոգեվիճակը` նշեց 47-ամյա Դավիթ Հակոբյանը:
Նա այս խնդրի լուծման նպատակով բազմիցս դիմել է Գեղարքունիքի մարզպետարան, սակայն ապարդյուն: Դավիթ Հակոբյանի վերջին դիմումին ի պատասխան մարզպետարանից նշել են, որ խնդիրը մի քանի անգամ ուսումնասիրվել եւ քննարկվել է: «Մարզպետարանի եւ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գահավիժման ենթակա քարերի էական տեղաշարժ չի կատարվել: Առաջարկվում է 2 պարկ ցեմենտ ավազային շաղախով լցածեփել ժայռի ճաքերը եւ ժայռաբեկորի գահավիժման տեղում կառուցել 60 սմ բուտոբետոնյա արգելապատնեշ»,-նշված է մարզպետարանի պատասխանի մեջ:
Սակայն քաղաքացին տարակուսում է առաջարկվող «օգնությունից». «70 տոննա կշիռ ունեցող ժայռը ես ինչպե՞ս կարող եմ երկու պարկ ցեմենտով ծածկել: Բայց դա հարցի լուծո՞ւմ է: Այդտեղ տեխնիկա է պետք, աշխատողներ, իսկ քարի բարձրությունը երկու մետրից անցնում է: Մի թեթեւ անձրեւի դեպքում էլ այս հսկայական ժայռի հիմքը նստում է: Իսկ ցնցումի դեպքում քարը տեղից կարող է շարժվել ու ընկնել երեք տների վրա: Երեք ընտանիքի կյանք այսօր վտանգված է»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի հետ, սակայն նա մշտապես տեղում չէր: Ինչեւէ, այս թեմայի շուրջ զրուցեցինք նրա օգնական Սարգիս Բուդումյանի հետ, ով ասաց. «Դա համայնքային խնդիր է: Համայնքի ղեկավարը պետք է լուծի: Ընկերուհի ջա՛ն, այդ խնդիրները միայն Ծովակում չեն, այլ ամբողջ մարզում: Դրան պետական մակարդակով մոտեցում է պետք: Այս խնդիրը ծրագրում ընդգրկված է, հարցերը քննարկել են, բայց պետական որեւէ ծրագիր առայժմ չկա: Պետությունն ինչ կորոշի, մարզպետարանն այն էլ կանի: Բայց համայնքը կարող է իր սեփական ուժերով դա անել: Չի կարողանում, ապա կարող է ծրագրեր ներկայացնել: Վերջապես, համայնքի խնդիրն է: Մարզպետարանը նման խնդիրներում լիազորված չէ»:
Իսկ, ահա, Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը, լսելով մարզպետարանի ներկայացուցչի պատասխանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Համայնքի բյուջեն բավարար միջոցներ չունի այս հարցը կարգավորելու համար: Սա լուրջ խնդիր է, եւ համապատասխան տեխնիկա է հարկավոր: Իսկ ինչ վերաբերում է երկու պարկ ցեմենտին ու ավազին, ապա մենք պատրաստ ենք դրանք ապահովել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԿԱՐԵԼ ԵՆ ԲԵՐԱՆՆԵՐԸ
Փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանը, Արեն եւ Արտակ Վերանյանները, որոնք գրեթե երկու տարի է` կրում են իրենց կալանքը «Վանաձոր» ՔԿՀ-ում, երկու օր առաջ կարել են բերաններն ու հացադուլ հայտարարել: Նրանք եւ նրանց մտերիմ-հարազատները պահանջում են արդար դատական քննություն ողջամիտ ժամկետներում:
Երեկ 200-ից ավել վանաձորցիներ, Լոռու դատախազության առաջ հավաքված, բացատրություն էին պահանջում մարզի դատախազից, թե ինչու է վերսկսվում այս գործով՝ մեկ տարուց ավել տեւած եւ ավարտված դատավարությունը, երբ դատական քննությունը բոլոր փուլերով ավարտված է: Լոռու դատախազ Գրիգոր Ելիզբարյանը մինչեւ վերջ էլ խուսափեց քաղաքացիների հետ հանդիպումից: Լրագրողներին ասաց, որ նրանց հարցերին կպատասխանի դատավարության ավարտից հետո, իսկ ամբաստանյալների հարազատներին ի վերջո փոխանցեց, որ դատախազությունը դեռ գործողություններ ունի անելու: Հոկտեմբերի 17-ին նշանակված դատական նիստին մեղադրող կողմի միջնորդությամբ դատակոչված են գործով 7 վկաներ, որոնք մեկ տարի տեւող դատավարության ընթացքում մանրամասն ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ, մի քանիսը՝ նույնիսկ մի քանի անգամ:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

 




Լրահոս