ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՌԱՋՎԱ ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ Է

«Ժողովուրդ»-ը զրուցել է փոփ երգիչ Մհեր Մեսրոպյանի հետ, ով 2004թ. Մոսկվայում խաղացել է «Քուին» երաժշտական մյուզիքլում, որից հետո երգել է աշխարհահռչակ «Քուին» ռոք խմբի հետ նույն բեմում` «MTV» մրցանակաբաշխության ժամանակ: 2007թ. նա նկարահանել է առաջին տեսահոլովակը՝ «Հայաստան», եւ տեղափոխվել Երեւան: Հայաստանում Մհերը նույնպես մասնակցել է բազմաթիվ մրցույթների եւ համերգների, արժանացել մրցանակների: 2008թ. նա մասնակցել է Յուրմալայի «Նոր ալիք» միջազգային մրցույթին եւ արժանացել «Հանդիսատեսի համակրանք», «Ադամանդ ալիք» մրցանակների: Թողարկել է 1 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է տասից ավել տեսահոլովակ:

-Մհե՛ր, Ձեր մանկությունն անցել է Ռուսաստանի Դաշնությունում, որտել էլ ստացել եք Ձեր երաժշտական կրթությունը: Ի՞նչը Ձեզ ստիպեց գալ Հայաստան: Հայրենքի կարո՞տը, հանդիսատեսի ջերմ ընդունելությո՞ւնը, թե՞…
-Երբ առաջին անգամ եկա Հայաստան, հայրենքի կարոտը, սերը պահեցին ինձ այստեղ: Բայց, երբ սկսեցի հանդիսատեսին ճանաչել, հանդիսատեսն էլ՝ ինձ, այդ ժամանակից երկու տարբերակն էլ ինձ օգնեցին, որպեսզի մնամ ու հաստատվեմ Հայաստանում: Հայրենիքում հաստատվելն ինձ համար ձեռքբերում է, չեմ պատրաստվում մեկնել Հայաստանից: Ասեմ ավելին՝ այնքան եմ կարեւորում հայրենիքում ապրելու գաղափարը, որ ծնողներիս ու եղբորս խնդրել եմ, որ իրենք էլ տեղափոխվեն Հայաստան: Հավանաբար արդեն եկող տարվա ընթացքում էլ նրանք կտեղափոխվեն:
-Դուք այլ ոճի երգիչ եք, սակայն Ձեր երգացանկում կան նաեւ 6/8 կատարումներ: Փաստորեն` չդիմացաք «գայթակղությանն» ու մտաք այդ դաշտ, արդյո՞ք այդ ոճի երգ կատարելը «ձեր սրտով» է:
-Մեր հայկական երգարվեստում ոճային բազմազանություն շատ կա, բայց այդ զանազանությունը երբեմն էլ անհրաժեշտ է: Մարդիկ այդպիսի երգեր լսելու պահանջ էլ ունեն: Օրինակ, եթե խոսենք Արմենչիկի մասին, կարող եմ ասել, որ նա ունի երկրպագուների շատ խիտ զանգված: Նրա երգերի ներքո բազմաթիվ համերգասրահներ են լեփ-լեցուն դառնում: Հարսանիքների, այլ ուրախ առիթների ժամանակ հնչում են հենց այդպիսի կատարումներ: Ինքս էլ եմ երգել նման երգեր, ճիշտ է՝ քիչ են դրանք, բայց կան: Կարծում եմ, որ դրա մեջ որեւէ վատ բան չկա: Նորմալ է, երբ մարդիկ տարբեր ոճերի երգեր են երգում, մանավանդ, որ այդ ոճն էլ նախընտրողները քիչ չեն:
-Հայկական երգարվեստում անընդհատ նոր դեմքեր են ի հայտ գալիս` իրենց բազմաժանր կատարումներով: Նորամուծություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Մեր հայկական երգարվեստն արդեն բավականին որակով աշխատանքներ եւ կատարողներ ունի: Մեր արտիստները կարողանում են որոշ չափով ներկայանալ նաեւ արտասահմանյան շուկայում: Ասածիս վառ օրինակն է Սիրուշոն, ով շատ լավ է ներկայանում նաեւ օտար երկրներում: Նույն Արմենչիկը, ինչո՞ւ ոչ: Լիլիթ Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանը… Ավելի ճիշտ ուզում էի ասել` Լիլիթ Հովհաննիսյանը, չնայած, որ Լիլիթ Կարապետյանն էլ իր ժամանակի Լիլիթ Հովհաննիսյանն է, ով բավականին հայտնի եւ վառ կերպար է:
-Նույն Լիլիթ Հովհաննիսյանը հանրությանը հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայ սուպեր-սթար» նախագծից: Ինչպե՞ս եք վերաբերվում նման նախագծերին:
-Շատ լավ եմ վերաբերվում նման նախագծերին, դրանք օգնում են հեռուստադիտողին տեսանելի դարձնել տաղանդավոր մարդկանց: Լիլիթ Հովհաննիսյանից բացի հասարակությունն այդպիսի նախագծերի միջոցով է ճանաչել Միհրան Ծառուկյանին, Գոռ Հարությունյանին եւ այլոց: Շատ լավ է, որ Հայաստանում կան նման բաներ: Բավականին հետաքրքիր եւ տաղանդավոր դեմքեր են ի հայտ գալիս:
-Ձեր երկրպագուների համար առաջիկայում ի՞նչ նորություններ եք պատրաստել:
-Այս տարվա ընթացքում մենահամերգ էի նախատեսել իմ երկրպագուների համար, սակայն, ցավով պետք է նշեմ, որ կյանքումս մոտ մարդու կորուստ ունեցա եւ նպատակահարմար եմ գտնում այդ մենահամերգը հետաձգել: Սակայն ստեղծագործական դադար, բնականաբար, չի լինելու. առաջիկայում նոր տեսահոլովակներ հաստատ լինելու են:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԻԳԼԵՍԻԱՍԸ ԵՎ ԿՈՒՐՆԻԿՈՎԱՆ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ երեք օր առաջ բաժանվել է Աննա Կուրնիկովայից, գրում է The Huffington Post-ը:
Բաժանման մասին Իգլեսիասը հայտնել է Լոս Անջելեսում, համերգից հետո: Ինչպես նշում է Huffington Post-ը, հայտնի չէ՝ արդյո՞ք երգիչը կատակ է արել, թե ոչ՝ հաշվի առնելով այն, որ նա շատ է սիրում կատակել: Տարիների ընթացքում պարբերաբար հայտնված լուրերն այն մասին, որ զույգը պատրաստվում է ամուսնանալ, այնուամենայնիվ, չեն հաստատել ո՚չ երգիչը, ո՚չ թենիսիստուհին:
«Ես այժմ բաժանված եմ: Ես բաժանվել եմ երեք օր առաջ, դուք դրա մասին առաջին անգամ եք լսում: Ես լուրջ եմ ասում»,- նշել է Իգլեսիասը լրագրողների հետ զրույցում:
Նախկինում զույգը չի բացահայտել իրենց համատեղ կյանքի մանրամասները, բայց բազմիցս հայտարարել է, որ ամուսնությունն իրենց պլանների մեջ չի մտնում:
Թենիսիստուհու եւ երգչի սիրավեպը տեւել է 12 տարի:

 

ՕԶԲԻԼԻՍՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել վնասվածքից: «Սպարտակ»-ի պաշտոնական կայքն Արազի ապաքինման գործընթացից լուսանկարներ է հրապարակել:

 

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման ընթացիկ աղյուսակում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջադիմել է 1 հորիզոնականով: Արոնյանն առայժմ 4-րդն է: Աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը: 1. Մագնուս Կարլսեն` 2863.0 միավոր, 2. Ֆաբիանո Կարուանա` 2838.8, 3. Վեսելին Տոպալով` 2800.0, 4. Լեւոն Արոնյան` 2797.4, 5. Ալեքսանդր Գրիշչուկ` 2794.6:

 
VARDA-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Մեր հայտնի հայրենակից, պարուհի VARDA-ն ժամանել է Երեւան: Օդանավակայանից ուղեւորվելով հյուրանոց` պարուհին հենց այնտեղ պատասխանել է լրագրողների հարցերին` պատմելով, որ Երեւան է ժամանել Միհրան Ծառուկյանի հետ համատեղ երգի տեսահոլովակի նկարահանման նպատակով: Ինչպես նշել է պարուհին` երգը ռուսերենով է, թեեւ հայկական տարբերակ եւս լինելու է: Երգի հեղինակն ուկրաինացի հայտնի կոմպոզիտոր Ռուսլան Կվինտան է:

 

ՄՈՐԱՔՈՒՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցից պարզ է դառնում, որ նա մորաքույր է դարձել: Երգչուհին իր էջում զարմիկի հետ լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Աշխարհի ամենաերջանիկ մորաքույրն եմ…»:

 

ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼԸ ԿՐՈՒՍՆ Է
Հեղինակավոր «Esquire» ամսագիրն, ինչպես միշտ, այս տարի եւս հրապարակել է տարվա ամենասեքսուալ կնոջ անունը: Այս տարի այդ կոչմանն է արժանացել 40-ամյա դերասանուհի Պենելոպա Կրուսը: Տարբեր ժամանակներում ամենասեքսուալն են ճանաչվել նաեւ Հոլլի Բերրին, Անջելինա Ջոլին, Սկարլետ Յոհանսոնը եւ Շարլիզ Թերոնը: Կրուսը դարձել է ամսագրի կողմից հեղինակավոր տիտղոսին արժանացած 11-րդ կինը: Հետաքրքիր է, որ ի տարբերություն այլ ամսագրերի, «Esquire»-ը ոչ թե վարկանիշային ցանկ է կազմել, այլ միակ կոչումն է շնորհել Կրուսին: Այս առիթով տրված հարցազրույցում աստղը հայտարարել է, որ չի կորցրել հետաքրքրությունն իր մասնագիտության հանդեպ եւ նախկինի պես ձգտում է լուրջ դրամատիկ դերերի: Իր անձնական կյանքի մասին դերասանուհին, ինչպես միշտ, հրաժարվել է խոսել: Հայտնի է միայն, որ 2010թ.-ին նա գաղտնի ամուսնացել է դերասան Խավիեր Բարդեմի հետ: 1992թ.-ից սկսած Պենելոպա Կրուսը նկարահանվել է 50 ֆիլմերում: 2009թ.-ին նա «Օսկար» է ստացել «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար:

 

 




Լրահոս