Ընտանիք կարող են կազմել միայն կինն ու տղամարդը, եւ վերջ, այլ տարբերակ չկա. Մհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ` հենց իր ծննդյան օրը, Գյումրիում տեղի ունեցավ երգիչ Մհերի բարեգործական համերգը: Նույն օրը եղավ նաեւ ձայնասկավառակի շնորհանդեսը: Մհերը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ համերգը շուտով կլինի եթերում, եւ երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու այն:

Վերջերս Մհերին տեսանք ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանի կույր լսումների ընթացքում կուլիսներում մեր հայրենակից Վրեժ Կիրակոսյանին զորակցելիս. «Վրեժի համար սկսվել է ստեղծագործական կյանքի նոր էտապ, եւ ես ամեն կերպ աջակցում եմ նրան: Նա իր ժամանակի զգալի մասը տրամադրում է Երեւանի մշակույթի պետական քոլեջի գործունեությանը, այդ հաստատության տնօրենն է, բայց ես ուզում եմ, որ նա ավելի համարձակ լինի եւ մասնակցի միջազգային մրցույթների: Իսկ «Ձայն»-ը նախագծում կույր լսումների փուլը հաղթահարելն արդեն իսկ մեծ ձեռքերում էր»,- մեկնաբանեց երգիչը:

Հարցին, թե ինքը՝ Մհերը, ցանկություն ունի արդյոք կրկին մասնակցելու միջազգային մրցույթների, երգիչը պատասխանեց. «Այո, ինչու՞ ոչ: Շատ արտիստներ վաստակավորի կոչում ստանալուց հետո թանկացնում, ծանրացնում են իրենց, մտածում են՝ ինչ մրցույթ, թող ուսանողները մասնակցեն նման միջոցառումների, բայց ես այդ կարծիքին չեմ: Չիներս չի ընկնի, եթե մրցույթների մասնակցեմ»:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք Մհերի անձնական կյանքից: Նրա որդին արդեն մեկ տարեկան է եւ այս ընթացքում հասցրել է երջանկացնել իր հայրիկին. «Նա, իրոք, պարգեւ է ինձ համար: Ընկերներս ասում էին՝ մինչեւ երեխա չունենաս, չես կարող պատկերացնել՝ դա ինչ է: Իսկապես այդպես է… Զավակ ունենալը մարդուն դրդում է շենացնել իր տունն ու հայրենիքը»,-անկեղծացավ երգիչը:

Նրա խոսքով՝ ընտանիքի մասին պատկերացումները մի փոքր խեղաթյուրվել են: «Ես այն համոզման եմ, որ ընտանիք կարող են կազմել միայն կինն ու տղամարդը, եւ վերջ… Այլ տարբերակ չկա: Ուրախ եմ, որ ունեմ այնպիսի ընտանիք, ինչպիսին իմն է»,-եզրափակեց Մհերը:

Անի Անտոնյան




Լրահոս