Այսօր «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում կազմակերպվել էր քննարկում` «ԵՏՄ-ն և հայ գործարարները» թեմայի շրջանակներում: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լևոն Խաչատրյանը և գյուղատնտեսության ոլորտի մի շարք գործարարներ խոսեցին Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուն դեռևս պատրաստ չլինելու մասին:
Վերջիններիս կարծիքով` ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար շահեկան կարող է լինել միայն այն ժամանակ, երբ իրականում պատրաստ լինենք դրան:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լևոն Խաչատրյանի կարծիքով` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մեծ խնդիր է գյուղատնտեսական գործիքների բարձր արժեքը, ինչը թույլ չի տալիս, որ մթերքների մշակման աշխատանքները կատարվեն ըստ պատշաճի: «Փողը չի ցանկանում գալ Հայաստան, նպաստավոր միջավայր չկա: Միջին բիզնեսն առաջ չի գնում: Ամբողջ խնդիրը դա է»,- նշեց պատգամավորը:
Վերջինս խոսեց նաև Արագածոտնի մարզի մի քանի գյուղի շուրջ 200 հեկտար տարածքում վարակի մասին: «Կարանտին չեն դնում: Կեղտոտ ջրով են ոռոգում: Վարակակիր բուսատեսակներ են: Քանի տարի է՝ ես այդ մասին խոսում եմ, բարձրաձայնում, ոչ ոք չի արձագանքում»,- հավելեց Խաչատրյանը:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով էլ՝ մենք արտահանման խնդիր ունենք: «Մեր խաղողը բավականին նուրբ մշակատեսակ է, որի արտահանումն ավելի մեծ դժվարութունների հետ է կապված: Փաստաթղթային ձևակերպումներից պետք չէ ոգևորվել: Դեռ ժամանակ կա, այնպես որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել և ասել, որ ԵՏՄ-ին անդամակցելը գյուղատնետեսության ոլորտում առաջընթացի գլխավոր նախապայման է»,-ասաց Հ. Բերբերյանը:
Աշտարակ համայնքի ներկայացուցիչ Գնել Մխիթարյանն ասաց, որ շուրջ 10 տարի է՝ ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ է զբաղվում: «Ոչ ավանդական մթերքների արտահանումն ավելի նպաստավոր կարող է լինել մեր երկրի գյուղատնտեսության համար: Գյուղատնտեսական ապրանքների երկու մակարդակ գոյություն ունի. եթերային և փաստացի մակարդակ: Այսինքն` եթերում ինչ ասվում է, դա գրեթե չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Գ.Մխիթարյանը:
Վերջինս հավելեց նաև, որ գյուղատնտեսական տեխնիկայի բացակայությունն է կարևորագույն խնդիր: «Գյուղատնտեսությամբ զբաղվելը ռիսկային է: Պետության հոգածությունն է հարկավոր, ինչը ակնհայտորեն բացակայում է»,- հավելեց նա:
Լոռու մարզի «Կառա և Կարեն» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Կարինե Ղուկասյանի կարծիքով` կաթի արտադրությունը գրեթե ամենառիսկային գոտում է: «Զբաղվում եմ կաթի արտադրությամբ: Իմ բիզնեսը ռիսկային գոտում է: Մենք մերթընդմերթ ենթարկվում ենք անասելի փորձությունների: Այսօրվա օրենքները նպաստավոր չեն:
Մենք երկրի ներսում ունենք մեծ խնդիրներ: Օրենսդիրներից պետք է խնդրել օրենքների մշակման հարցում ավելի շրջահայաց լինել»,- ասաց տնօրենը:
Վերջինս նշեց նաև, որ մենք դեռևս պատրաստ չենք ԵՏՄ-ին անդամակցել: ՍՊԸ-ի տնօրենը խոսեց նաև այն հանգամանքի մասին, որ վերջերս ՌԴ գյուղատնտեսության նախարարը պաշտոնական դիմում է ներկայացրել մեր Գյուղնախարարությանը, որտեղ ասված է եղել, որ մեր երկու երկրների միջև կարող են լինել համագործակցության եզրեր: Կարինե Ղուկասյանը հավելեց նաև, որ ՌԴ վարչապետ Մեդվեդևը կերել է իրենց արտադրած պանիրը և հավանության արժանացրել: