Գազի ներկրման ծավալներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 16.3 տոկոսով: Բայց, մյուս կողմից, նախորդ տարվա 11 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են պակասել 4.1 տոկոսով: Ընդ որում՝ նվազում արձանագրվել է երկու՝ ե՛ւ արտահանման, ե՛ւ ներկրման ուղղություններով: Նշված ժամանակահատվածում ավելացել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները 2.8 տոկոսով: Ավելին, աճ գրանցվել է նաեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում՝ 24.3 տոկոսով:
Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը աճել է 22.7 տոկոսով, ներմուծումը՝ 0.2 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել` ներմուծման դեպքում՝ 57.4 տոկոս: Օդային տրանսպորտով արտահանման ծավալները կտրուկ նվազել են՝ կազմելով 23 տոկոս:

Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 9.3 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է:

Ս.Հ.




Լրահոս