Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմիշյանին: Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Այսօր՝ ժամը 19:45 սահմաններում, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:
Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան:
Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:
Հայտնում ենք, որ Ալեք Ենիգոմշյանի հարևանը Վահրամ Գաբրիելյանն է: Վերջինս Ալեք Ենիգոմշյանի հետ միասին եղել է BMW մակնիշի մուգ մոխրագույն ավտոմեքենայում (պետհամարանիշները՝ 21 SU 321):
Ալեք Ենիգոմշյանի փաստաբանի և նրա ընկերների որոնումները մինչ այս պահը արդյունք չեն տալիս: Ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնից պատասխանում են, որ Կենտրոնի բաժին այդպիսի մարդ բերման չի ենթարկվել:
»: