Ճանապարհային քարտեզը միակ ուղին է. Ալեք Ենիգոմշյանը` հետագա քայլերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակեց իշխանափոխության ճանապարհային քարտեզ, որում երեք կետ էր ներառված՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձեւավորում եւ ազատ, արդար արտահերթ ընտրությունների անցկացում: Այդ քարտեզի իրականացման ուղղությամբ, սակայն, մինչ օրս որեւէ նշմարելի քայլ չի կատարվել:

«Ժողովուրդ»-ը «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փուլում է գտնվում նրանց գործունեությունը, եւ, ընդհանրապես, ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո դրա իրագործման համար ի՞նչ քայլեր են կատարվել:

Պարո՛ն Ենիգոմշյան, «Նոր Հայաստանի» ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո անցել է մոտ մեկ ամիս: Այս ընթացքում ի՞նչ քայլեր եք հասցրել անել:

-Ճանապարհային քարտեզի իրականացման համար աշխատանքները շարունակվում են, կատարվում են ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ քարտեզի գաղափարների տարածմանն ուղղված քայլեր, բայց շատ աշխատանքներ կան, որ արտաքինից կարող է չերեւան: Որպես նշմարելի քայլ կարող եմ ասել, որ դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, քաղբանտարկյալների, «Սասնա ծռեր» ռազմագերիների եւ, ընդհանրապես, Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, տարբեր անօրինականությունների դեմ բողոքի եւ պահանջատիրության երթ է կազմակերպվելու,

-Կարող եք նշել, թե ինչպիսի՞ քայլերի մասին է խոսքը, որոնք իրականացվում են, սակայն տեսանելի չեն:

-Ես ասում եմ` կազմակերպչական հարցեր են եւ ճանապարհաին քարտեզի պահպանողական, քարոզչական աշխատանքներ, սենյակներում մարդկանց հետ քննարկում, ոչ թե գաղտնի, այլ ոչ բացահայտ, հրապարակային, դա չի նշանակում գաղտնի:

Քաղաքական ուժերի՞ հետ են այդպիսի քննարկումներ անցկացվում:

-Քաղաքական անձնավորությունների հետ, քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց հետ՝ այո, քաղաքական ուժերի, կուսակցությունների հետ` ոչ: Կուսակցությունների հետ նման քննարկումներ չեն եղել:

Խոսքն այն մարդկանց մասի՞ն է, ովքեր մինչ այդ եղել են Ձեր կողքին, թե՞ Ձեր շարքերում նոր քաղաքական դեմքեր էլ են ավելացել:

-Չէ, ես հիմա անուններ չեմ տալիս, երբ իրենք ցանկանան, կհայտարարեն իրենց անունները, բայց գաղտնիության խնդիր չկա այստեղ, կան մարդիկ, ովքեր անցած տարիների ընթացքում շփվել են եւ համագործակցել են «Հիմնադիր խորհրդարանաի» հետ, կան այլ անհատներ, ես չէ, որ պետք է այդ անձերի անունները տամ:

-Հասարակությունը ե՞րբ կտեսնի հստակ քայլեր:

-Դա կարող է լինել մինչեւ 2017 թվականի ապրիլին ռեժիմի կողմից նշանակված ընտրությունները, կարող է լինել այդ կեղծ ընտրությունների կեղծիքը հերթական անգամ բացահայտելու արդյունքում, ես չեմ ուզում կանխատեսումներ անել:

-Ի վերջո, որքանո՞վ եք իրատեսական համարում այդ ճանապարհային քարտեզի իրագործումը:

-Մենք համարում ենք, որ ճանապարհային քարտեզը միակ ուղին է մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու համար, մենք տեսնում ենք, որ այլ միջոցներ չկան, հետեւաբար վստահության առումով վստահ ենք, որ դա է ճանապարհը: Իսկ թե երբ իրականություն կդառնա, դա արդեն բազմաթիվ հանգամանքներից է կախված` ե՛ւ մեր աշխատանքից, ե՛ւ այլ հանգամանքներից:

Վահագն Հակոբյան




Լրահոս