Ինձ ոգևորում են հայկական տխուր երգերը, հիասթափեցնում՝ դավաճանությունն ու սուտը. Աբրահամ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Հայաստան է եկել հանգստանալու նպատակով և այստեղ կմնա ևս երկու շաբաթ:

Լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ Փոլ Սմիթի հետ վերջին մենամարտին՝ Աբրահամն ասաց, թե ինքը երբեք գոհ չի լինում իր վաստակած ցուցանիշներից, այլ միշտ ձգտում է առավելագույնին:

Բռնցքամարտիկի խոսքով՝ իր ցուցանիշները մշտապես գոհացնում են մարզչին՝ Ուլի Վեգներին, ով արդեն օգտվում է երկրորդ մարզչի օգնությունից, քանի որ տարիքի առումով միայնակ մարզել չի կարողանում:

«Փոլ Սմիթը չի կարող ռևանշ առաջարկել ինձ, նրա պայմանագրի մեջ նման կետ չկա: Բայց քանի որ երկրպագուները ցանկություն ունեն տեսնել մեր մենամարտը, ես կհամաձայնեմ»,- ասաց Արթուր Աբրահամը:

Լրագրողի այն հարցին, թե ֆուտբոլիստներն ասում են, որ իրենց ուժ է տալիս Նոյ ջուրը, Արթուր Աբրահամին ինչն է ուժ տալիս, պատասխանեց «Ես չեմ առանձնացնում ջուրը կամ «սոկը»: Հայաստանի ամեն ինչն էլ ինձ ուժ է տալիս»:

Ապա բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ասաց, որ ինքը մշտապես լսում է երկու հոգու խորհուրդները՝ իր եղբորն ու մարզչինը: Նրան ոգևորում են հայկական տխուր երգերը, հիասթափեցնում են՝ դավաճանությունն ու սուտը:

Արթուր Աբրահամը հայտնեց նաև, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կհամագործակցի և հավատացած է, որ հայ բռնցքամարտիկները մեծ հաջողությունների կարող են հասնել: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանն ու օլիմպիական խաղերին, բռնցքամարտիկն ասաց, որ այնտեղ ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործում, ուստի հաղթանակներ գրանցելու հավանականությունը շատ փոքր է:




Լրահոս