ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես, ներքաղաքական հիմնական ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ապագան: Փորձագետների մի մասի կարծիքով, այս խորհրդարանում հսկիչ փաթեթը ստացած ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի: Առավել եւս, որ կա ՕԵԿ-ը, որի հետ «գերձեւական» կոալիցիա կազմելով` ՀՀԿ-ն կկարողանա կոտրել միահեծան կառավարման ոչ այնքան շահեկան ընկալումները: Եթե նման իրավիճակ լիներ օրինակ 2003թ, երբ խորհրդարանական ընտրությունները հաջորդեցին նախագահականին, ապա միանշանակ, ՀՀԿ-ն որեւէ այլ ուժի հետ չէր ցանկանա կիսել իշխանական կարկանդակը: Սակայն ներկայում իրավիճակն այլ է` հաջորդ տարի տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնցում հաղթելու գերնպատակին են ուղղված այսօր ընթացող բոլոր ներքաղաքական զարգացումները` սկսած դեռեւս ՀՀԿ նախընտրական քարոզչությունից, որը ծայրեծայր միայնակ անցկացրեց Սերժ Սարգսյանը: Իսկ ընտրությունների նախօրեին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը հանրապետականներին էլ ավելի լարվելու տեղիք տվեց, քանի որ նա նորից առկախ թողեց իր` նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը` միեւնույն ժամանակ բավականին թափանցիկ ակնարկելով դրա հավանականության մեծացման մասին: Եվ այս իրավիճակում ՀՀԿ-ն ստիպված է ավելացնել իր դաշնակիցների թիվը` ընտրելով  հնարավոր տարբերակներից մեկը, հակառակ դեպքում ի դեմս ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ եռյակի, գալիք խորհրդարանում ՀՀԿ-ՕԵԿ երկյակին կարող է սպասել լուրջ եւ վտանգավոր քաղաքական հետեւանքներով լի մրցակցություն: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այդ դեպքում նրա «գինը» կտրուկ կբարձրանա, սակայն ըստ ամենայնի, այն կնախընտրի  մնալ չեզոք` երրորդ բեւեռի դերում: Իհարկե հնարավոր է նաեւ ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» տարբերակն` ընդդեմ ԲՀԿ-ՀԱԿ երկյակի, եւ այս դեպքում արդեն ՀՅԴ-ն կնախընտրի անկախ խաղացողի դերը, ինչի շնորհիվ, անշուշտ, կբարձրացնի իր կշիռը: Սակայն սրանք ընդամենը կոմբինացիաներ են, որոնք  քաղաքական հնաբնակների կանխատեսմամբ, իրականություն չեն դառնա: Առավել հավանական է այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, այնուամենայնիվ, կրկին կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ: Այս դեպքում, սակայն, հարց է առաջանում, թե ԲՀԿ-ն ինչ պետք է անի Վարդան Օսկանյանի հետ, ով ԲՀԿ-ի վրա Ռոբերտ Քոչարյանի ունեցած ազդեցության ինդիկատորն է: Պատահական չէր, որ նա, առաջ անցնելով իր կուսակցական ղեկավարից, շտապեց հայտարարել, որ ինքը (այսինքն` Քոչարյանը) կտրականապես դեմ կլինի, եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: Երեկ, սակայն, Օսկանյանին միացավ նաեւ Նաիրա Զոհրաբյանը` կրկին «անձնական կարծիքի» մակարդակով` նշելով, որ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն ստանձնի ամբողջ պատասխանատվությունը: Ասել է թե` ԲՀԿ-ում «խաղեր են տալիս»` ակնարկելով, որ «ուշքները չի գնում» կոալիցիա մտնելու համար: Իր հերթին  նույնն են ասում նաեւ ՀՀԿ-ականները` ի դեմս Արմեն Աշոտյանի, որն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ առանց ԲՀԿ-ի էլ, իրենք ունեն նախագահական ընտրություններում հաղթելու համար բավարար ձայներ:




Լրահոս