ՕԵԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պետական բյուջեն այս պահի դրությամբ չունի այնքան միջոցներ, որ կարողանա վերադարձնել ժողովրդի ավանդները: Անդրադառնալով ՕԵԿ-ի այն հայտարարությանը, թե իրենք երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների ավանդները վերադարձնելու են, նախարարն  ասաց. «Իրենք նախ առաջին հերթին մեր պետական բյուջեն պետք է քառապատկեն, տասնապատկեն, որից հետո նոր խոսեն ավանդների վերադարձման մասին»:
-Պարո՛ն Գրիգորյան,  «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ողջ քարոզչության ընթացքում հայտարարում էր,  որ իրենք երկու տարվա ընթացքում վերադարձնելու են բոլորի ավանդները: Որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ խնդրում եմ ասեք, ՀՀ պետբյուջեն այդքան հնարավորություն ունի՞ ժողովրդի ավանդները վերադարձնելու համար:
-Ավանդների վերադարձման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում ո՛չ տեղի է ունեցել եւ ո՛չ էլ, ըստ երեւույթին, տեղի կունենա: Այս պահին գոյություն ունի ընդամենը ավանդների փոխհատուցման գործընթաց, որը գործում է 2005 թվականից: Սա շատ կարեւոր բան է, որը պետք է տարանջատենք մեկը մյուսից: Երկրորդը՝ ավանդների վերադարձ՝ նշանակում է, որ ՀՀ բյուջեն պետք է առնվազն 10 միլիարդ դոլարին համարժեք դրամ ունենա, որպեսզի ամբողջությամբ ավանդները վերադարձնի: Սակայն, ինչպես բոլորին է հայտնի, մեր պետական բյուջեի հնարավորությունները բավականին սուղ են, այն ընդամենը 2,5 միլիարդ դոլարի սահմաններում է: Հիմա, թե որ քաղաքական ուժն ինչպիսի հայտարարություններ է անում, որ ավանդները կվերադարձնենք, դա ընդամենը քաղաքական մանիպուլիացիաներ են:
-Այսինքն՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ժողովրդին կրկին խաբու՞մ է` տրվող սին հույսերի միջոցով փորձելով քաղաքական հաջողությունների հասնել:  
-Գիտեք ինչ, արդեն բոլորին է հայտնի, որ ավանդի վերադարձ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել: Ընդամենը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով 1,7 միլիարդ դրամի սահմաններում ավանդների փոխհատուցում ենք կատարում անապահով ընտանիքներին: Իրենց կողմից արված հայտարարությունները, առաջարկություններն ամբողջությամբ այսօրվա մեր պետական բյուջեի հնարավորությունների սահմաններից դուրս են:
-Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն ՕԵԿ-ականները, որպեսզի կատարեն իրենց խոստումները՝ ավանդները վերադարձնեն խոստացված ժամանակահատվածում:
-Իրենք նախ՝ առաջին հերթին, մեր պետական բյուջեն պետք է քառապատկեն, տասնապատկեն, որից հետո նոր խոսեն ավանդների վերադարձման մասին:
-Քարոզչության շրջանակներում ՕԵԿ առաջնորդը հայտարարեց նաեւ, որ իրենք այնպես են անելու, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն աշխատավարձը դառնա 60 հազար դրամից ոչ պակաս: Ձեր գնահատմամբ՝ դա հնարավո՞ր է:
-Այդ բոլորը կապված է մեր պետական բյուջեի հնարավորությունների հետ: Նախ եւ առաջ պետք է ոչ թե խոսեին նվազագույն աշխատավարձի բարձրացման, ավանդների վերադարձման մասին, այլ պետք է ասեին, թե ինչ միջոցներ, ինչ  քայլեր պետք է իրականացնեն, որպեսզի մեր պետական բյուջեն հարստանա: Այս դեպքում հետեւությունները թողնում եմ ձեզ:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ազգային Ժողովի մայիսի 6-ի ընտրությունները, Ձեր ակնկալիքներն իրականացա՞ն:
-«Բարգավաճ Հայաստան»-ը կխոսի դրա մասին, այս պահին ես չեմ ցանկանում որեւէ հայտարարություն անել, քանի դեռ կուսակցության կողմից չի եղել պաշտոնական հայտարարություն:
-ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ այսօր չի խոսել ընտրությունների արդյունքներից, միայն շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին, ինչո՞ւ:
-Երբ կհայտարարի, իր գոհունակությունը կասի, նոր այդ ժամանակ մենք էլ մեր ասելիքը կասենք, այս պահին դեռեւս ոչ մի բան չեմ ցանկանում խոսել: Ես որտեղ որ ընտրությունների ժամանակ պատասխանատու եմ եղել, ընտրական գործընթացներին եմ մասնակցել, որեւիցե խախտման ականատես չեմ եղել:
-ՀՀԿ-ականները քննարկում են ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի:
-Դա կուսակցության քաղաքական որոշումը կլինի, դեռեւս չկա նման որոշում, երբ կլինի այդ որոշումը, կհայտարարենք: Դեռեւս չենք քննարկել:
-ԲՀԿ-ն գո՞հ է մանդատների քանակից:
-Եկե՛ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գոհունակության կամ դժգոհության վերաբերյալ լսենք կուսակցության պաշտոնական հայտարարությունը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս