ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՌԱՅԼ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՀՀԿ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարից տուժածներին «ժողովուրդ»-ը հանդիպեց Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնում, որտեղ նրանք  ուշադրության պակաս չէին զգում թե՛ բժշկական անձնակազմի, թե՛ պարբերաբար այցելող եւ շռալ խոստումներ տվող պետական այրերի կողմից:
Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Տաթեւն իր 19-ամյակը նշում էր  Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնում: Նա հիվանդանոցում է հայտնվել մայիսի 4-ի դժբախտ պատահարի հետեւանքով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տաթեւն  ասաց, որ դեռ գիշերվանից սկսել են ուրախանալ: Սակայն, մի քանի րոպե հետո վերհիշելով կատարվածը, տխրեց. «Մի պահ տաքություն զգացի, վայրկյաններ անց տաք կրակը թափվեց վերեւից: Վնասվել են ձեռքերս, մեջքս,  2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ ունեմ մարմնիս տարբեր մասերում»: Մեր զրույցի ժամանակ Տաթեւն անակնկալ հյուրեր ունեցավ: Նրան այցելության էին եկել ՀՀ նախագահի  վերահսկողության ծառայության պետ Հովհաննես  Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանը: Բազմաթիվ խոստումների շարքում ՀՀԿ-ական պաշտոնյաները չմոռացան վստահեցնել, որ աղջիկների վրա հետքեր չեն մնա, ու առողջություն ցանկանալուց հետո հեռացան:
Քիչ անց Տաթեւիկի մորը մոտեցավ մի կին, որը գրանցեց վերջինիս կողմից ներկայացված կարիքների ցանկը, ապա, նկատելով մեզ, մոտեցավ եւ հպարտությամբ ներկայացավ. «Ես Ասյա Սահակյանն եմ՝ Ավան վարչական շրջանի սոցիալական ապահովության,   առողջապահության եւ ծրագրերի բաժնի պետը: Մեր վարչական շրջանի ղեկավարը տեղակալի հետ այցելել է տուժածներին, ցուցաբերել ե՛ւ նյութական, ե՛ւ դրամական աջակցություն: Հիմա հետագայի համար ենք անհանգստանում՝ երեխան ուսման վճարի խնդիր կունենա, ընտանիքը կենցաղային, սոցիալական  կարիքներ  կունենա, այդ հարցերը կլուծենք»:  
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ այլ տուժածների հետ: Վահե Ամիրաղյանը Մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող է: Մեզ հետ զրույցում նա վերհիշեց կատարվածը. «Ահավոր շոկ էր: Բոլորն էլ սարսափի մեջ էին: Դա միանշանակ դժբախտ պատահար էր, ու թող ամեն մեկը իր գործով զբաղվի, ոչ թե ենթադրություններ անի ու հայտարարի, թե տեռոր էր»:
Դեպքից տուժածներ, «Ոչ պետական բուհերի  երիտասարդական կենտրոն» հ/կ անդամներ Արման Նալբանդյանն ու Հայկ  Ավանեսովը  միջոցառման կազմակերպիչներից են: Արմանն իր գոհունակությունն է հայտնում վարչապետից, առաջին տիկնոջից եւ հավելում.  «Մեզ աջակցում են ամեն ինչով, ուտելիք էլ են բերում, խոստումներ էլ են տալիս: Ասում են՝ դուք որոշեք, ինչ կամենաք, էն էլ կստանաք: Ես արդեն գիտեմ՝ ինչ եմ ուզում, բայց չեմ բարձրաձայնի»:
Դեռ չէինք հեռացել հիվանդանոցից, երբ  բերեցին պատվիրակության կողմից ընդամենը մեկ ժամ առաջ խոստացված 5 հեռուստացույց եւ DVD նվագարկիչներ: Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնի գլխավոր բժիշկ Նորայր Դավիդյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Մասսայական պատահարներ, աղետներ շատ են եղել, բայց նման ուշադրություն ոչ մի անգամ չի ցուցաբերվել»: Մեր հարցին, թե արդյոք սրա մեջ քաղաքական պատասխանատվության ենթատեքստ կա, գլխավոր բժիշկը պատասխանեց. «ԹՏջՎՏՋվՏ»:
 Նշենք, որ տուժածներից 27-ն այժմ գտնվում են Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնում:  Նրանցից 10-ը վերակենդանացման բաժնում են` առողջական վիճակի «միջին ծանրություն՝ դրական տեղաշարժերով» բնութագրմամբ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ




Լրահոս