Ցուրտը երկար չի տևի. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում մոտ օրերս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը նվազել է: Սակայն ցուրտը երկար չի տևի: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ այս գիշեր Արարատյան դաշտում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 0°C: Հողի մակերևույթին սպասվում է  -1…-2° C:

«Հանրապետության տարածքում դիտված տեղումները, Գորիսում տեղացած թաց ձյունը պայմանավորված է հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ: Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, սակայն, շաբաթ և կիրակի օրերին կլինեն տեղումներ` անձրևների տեսքով, հիմնականում՝ հյուսիսային շրջաններում»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ նշելով, որ տեղումներ սպասվում են նաև Երևանում և Հանրապետության հարավային շրջաններում:

Այսօր Երևանում ցերեկը սպասվում է 12-13 աստիճան, իսկ վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի մինչև 14-17 ջերմաստիճանի:

«Վաղվանից ամբողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա և առավելագույնը կհասնի 18 աստիճանի»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Արարատյան դաշտում ցրտահարության վտանգին՝ բանախոսը նշեց, որ ցրտահարություն չի սպասվում:

«Հողի ներքևի մակերևույթին է միայն ցածր ջերմաստիճանը, իսկ վերգետնյա հատվածում ցածր ջերմաստիճան չի կանախտեսվում: Բացի այդ՝ գյուղացին արդեն բերքը հավաքել է»,- ասաց նա:




Լրահոս