Սերժ Սարգսյանը Մոսկվայում է.լուսանկարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: 
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեության անցած տասը տարիների ընթացքում կազմակերպության հիմնական արդյունքները: 
Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ-ի գործունեությանը: Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հիշյալ փաստաթղթով նաև հաստատել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նպատակներին և սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին և անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու պատրաստակամությունը:  
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նաև որոշում է կայացրել կազմակերպության Պատվո նշանի հիմնման և Հավաքական անվտանգության խորհրդի պատվոգրով պարգևատրելու մասին: 




Լրահոս