ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՆՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Այն, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն ու մյուսներին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Մացոն, պետք է դատապարտեր ազատազրկման (որդուն՝ պայմանական), ի սկզբանե էր հայտնի: Սերժ Սարգսյանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ՝ դեռեւս 20 օր առաջ, հրապարակել էր Շանթի եւ նրա ընկերների դատավճիռը` նրանց որակելով որպես հանցագործներ: Բայց որ Մացոն պետք է նման բացահայտ ցինիզմով ի կատար ածեր իրեն տրված հրամանը, թերեւս դժվար էր կանխատեսել: Մացոն այնքան է շտապել, որպեսզի հենց երեկ դատավճիռը հրապարակի, որ Շանթ Հարությունյանին թույլ չի տվել վերջին խոսքն ավարտել, իսկ գործով անցնող մնացած 12 ամբաստանյալներից չորսին էլ ընդհանրապես է զրկել վերջին խոսքի իրավունքից: Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն անձամբ Մացոյին ոչ միայն ասել է՝ ինչ դատավճիռ պետք է կարդա, այլեւ՝ երբ՝ հոկտեմբերի 17-ին, եւ վերջ:

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին: Այս փաստաբանի անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին. «Նախարարն ընդունել է երիտասարդ փաստաբանին իր իսկ խնդրանքով: Հանդիպման ընթացքում Հ. Մարգարյանը հիմնականում պատմել է ԱՄՆ-ում հայ փաստաբանների աշխատանքից, անդրադարձել են երկու երկրներում փաստաբանական գործունեության օրենսդրական կարգավորումներին»: Մեր տեղեկություններով փաստաբանը հանդիպել է նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչի մասին չկա որեւէ պաշտոնական հաղորդագրություն:

 

 
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աշխատանք ունի 1 միլիոն 163 հազար 800 մարդ, որոնցից 253 հազարը պետական հիմնարկներում աշխատողներն են: Հայաստանցիների ամեն հինգերորդը որեւէ պետական հիմնարկի աշխատակից է, որոնք ապրում են մնացած 900 հազարի վճարած հարկերի հաշվին: Ի դեպ, Հայաստանն ունի 18 նախարար, 61 փոխնախարար, 220 դատավոր, 10 մարզպետ եւ 24 մարզպետի տեղակալ, մարզպետարանների մնացած աշխատակիցների թիվը հազար 242 Է, Երեւանի քաղաքապետարանում` ներառյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատում է երկու հազար 11 մարդ: Հայաստանի աշխատունակ տարիքի բնակչության թիվը 2 միլիոն 34 հազար է, այսինքն՝ աշխատանք չունեցող բնակչությունը 870 հազար է: Իսկ պաշտոնապես գործազուրկների թիվը 224 հազար 600 է: Հայաստանի կանանց թիվը տղամարդկանցից ավել է 130 հազարով, ինչը նշանակում է, որ գործազուրկների մեծամասնությունը հենց կանայք են:

 

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առաջիկայում հնարավոր է, որ բողոքի նոր ալիք բարձրանա: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 4-ին տեղած ուժգին կարկուտի պատճառով ճամբարակցիները խոշոր չափի վնասներ են կրել. կարկուտը վնասել է բազմաթիվ տների տանիքներ: Մարզպետարանը խոստացել է տուժածներին օգնել շիֆերներով: Երեկ «Ժողովուրդ»-ը Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանից տեղեկացավ, որ շիֆրերի բաժանումը դեռ ընթացքի մեջ է: Սակայն ճամբարակցիների մեծ մասն այսօր դեռ չի ստացել իրեն հասանելիք օգնությունը: «Կարծում եմ, որ մի 10-15 օր կձգվի այս գործընթացը: Եւ քանի որ անընդհատ անձրեւ է գալիս, մարդիկ ամեն բան հնարում են, որպեսզի փակեն կարկուտի հետեւանքով տանիքի վրա առաջացած մեծ անցքերը»,-ասաց Ճամբարակի քաղաքապետը: Իսկ բնակիչների մի քանիսն ասացին, որ պատրաստվում են բողոքի լայնածավալ ակցիաներ կազմակերպել:

 

 
ՄԱՏ` ՄԵԿ ՔԱՅԼՈՎ

Եվ այսպես` ապրիլի 10-ին հայեցակարգի նախագծի ներկայացումից ի վեր քաղաքական զարգացումների առանցքը դարձնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ Սերժ Սարգսյանն առանձնապես չի շտապում իր տեսակետը հայտնել արդեն իսկ պատրաստ հայեցակարգի շուրջ: Երեկ նրա խոսնակը հայտարարել է, թե հայեցակարգի վերաբերյալ Սարգսյանի «վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կդառնա 2015թ. փետրվար-մարտ ամիսներին»: Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու համար որեւէ ժամկետ սահմանված չէ, ուստի Ս. Սարգսյանը միանգամայն ազատ է՝ այս «պարտիան» ավարտին հասցնել երբ կամենա եւ ինչպես կամենա: Ավելին՝ նա կարող է եւ չանել ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը` այդ հարցը թողնելով իր իրավահաջորդին: Թեեւ, գործնականում դա քիչ հավանական տարբերակ է:
Ամեն դեպքում` տարբերակներից յուրաքանչյուրով էլ նա շահած է դուրս գալու: Անգամ այդ տարբերակների ենթատարբերակներն են Սարգսյանի համար նպաստավոր զարգացումների հանգեցնելու: Ինչի մասին է խոսքը. ենթադրենք` Սարգսյանը որոշում է մերժել հայեցակարգը, նա այդ որոշումը կհիմնավորի քաղաքական դաշտի մի հատվածի բացասական դիրքորոշումն ու հանրային ոչ բավարար պահանջարկը հաշվի առնելու իր` ժողովրդավար եւ պետականամիտ մոտեցմամբ: Ի լրումն` նաեւ կնշի, որ ինքն անձամբ եւս դեմ էր երկրի կառավարման համակարգի փոփոխմանը, ինչի մասին ասել էր դեռ անցած ապրիլին: Արդյո՞ք նման որոշումը բացասական կընկալվի. պատասխանը, կարծում ենք, միանշանակ է` ոչ: Հնարավոր մեկնաբանություններն էլ, թե նա տեղի տվեց ընդդիմության հորդորներին, կընդունվեն որպես անլուրջ շահարկումներ:
Իսկ եթե Սարգսյանը հավանություն տա հայեցակարգին եւ, այնուամենայնիվ, հարցը դնի հանրաքվեի, դարձյալ ցանկացած ելքի դեպքում շահած դուրս կգա: Բարեփոխումների ընդունումը նրան կապահովի ցանկալի վերարտադրությունն ու քաղաքական մրցակիցների` Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի չեզոքացումը` երկրորդ ժամկետից հետո չպաշտոնավարելու արգելքով: Վստահաբար, այդ դեպքում ոչ իշխանականների գործադրելիք ճնշումները չեն կարողանա բավարար ազդեցություն ունենալ` հանրաքվեի արդյունքները չընդունելու համար: Իսկ հանրաքվեի բացասական արդյունքի պարագայում էլ Սարգսյանը դա կներկյացնի՝ որպես իր նախագահած երկրում ժողովրդավարության դրսեւորման աննախադեպ օրինակ, երբ ժողովրդի կամքն իրացվում է հանրաքվեի միջոցով, ինչին իշխանությունը որեւէ կերպ չի ընդդիմանում:
Բացի ժողովրդավարի՝ առավել փարթամ դափնիներից, Ս. Սարգսյանն այս դեպքում իր համար կապահովի նաեւ առնվազն մեկ տարվա կանխատեսելի եւ վերահսկելի քաղաքական օրակարգ, իսկ դրանից հետո արդեն սահուն կերպով անցում կկատարի դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ:
Այնպես որ` այս պարտիան Սերժ Սարգսյանը հաղթել էր արդեն առաջին քայլից հետո:

 




Լրահոս