ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃԸ՝ ՑԱՄԱՔԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկար ժամանակ է, ինչ Երեւանյան լիճը ցամաքել էր: Ու դատարկվելուն զուգահեռ սկսել էր գարշահոտել՝ հարուցելով բնակիչների դժգոհությունը:
armlur.am-ը բազում ահազանգեր էր ստանում առ այն, որ նույնիսկ ավտոմեքենայով երթեւեկելիս անհնար է լճի գարշահոտը չզգալ: Իսկ Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ բնապահպանության նախարարությունը քար անտարբերություն էին ցուցաբերում բնակիչների բողոքների նկատմամբ:
Դեռեւս ապրիլի 20-ին «Ժողովուրդ»-օրաթերթը ՀՀ  բնապահպանության  նախարարությանը գրավոր հարցում ուղարկեց՝ պարզաբանելու, թե ինչու է ցամաքել լիճը: Այս գերատեսչությունը, որ համարվում է ամենափակ կառույցներից մեկը, գրեթե մեկ ամիս ուշացնելով պատասխանը, այնուամենայնիվ, նախօրեին գրություն ուղարկեց, թե «գարնանային հեղեղումների հետ Երեւանյան լճի ջրի մակարդակը ժամանակավորապես իջեցվել է՝ համաձայնեցնելով ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության  եւ ՀՀ  տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական  կոմիտեի  հետ»: Ասել է թե՝ բնապահպանության նախարարությունը չի հերքել, որ ջրի մակարդակն իջեցվել է (իսկ իրականում լիճը ցամաքել էր), բայց այդպես էլ չի բացատրում: Իսկ թե ինչու է այն գարշահոտում, եւ ինչու պիտի ՀՀ քաղաքացիները ստիպված լինեն շնչել այդ օդը, նախարարությունը լռում է: 
Նկատենք, որ այս գերատեսչությունը բավականին ուշացրեց մեր պատասխանը: Եւ եթե 20 օր առաջ Երեւանյան լիճն ամբողջությամբ ցամաք էր, ապա այսօր սկսել է լցվել: Ասել է թե՝ նախարարությունը միտումնավոր ձգձգեց պատասխանը, մինչեւ իրավիճակը շտկի, որ ասելիք ունենա: 
Այնուհանդերձ, armlur.am-ը նկարահանել է լճի տարածքը, եւ ընթերցողներն անձամբ կարող են համոզվել՝ լճի մակարդակը իջեցվա՞ծ է, թե՞ ցամաքեցման միտում կա: Դրա համար էլ նախարարությունն արձանագրել է. «Պարբերական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերջին օրերին  ջրի  մակարդակը  դանդաղորեն բարձրանում է, բայց ցանկալի արդյունքից դեռ  բավական հեռու է»:
Եւ այսպես, դատելով Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) գլխավորած գերատեսչության կիսապատասխաններից՝ կարելի է ակնարկել, որ ամենեւին էլ չափազանցված չեն բնակիչների շրջանում պտտվող լուրերը, որ լճի տարածքում բարձրագույն ղեկավարությունը մտադիր է էլիտար թաղամաս կամ շենքեր կառուցել: Այս թեմային դեռ կանդրադառնանք:




Լրահոս