ԱՄԲԻՈՆՈՎ՝ ՀՐԱՊԱՐԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական այս իրավիճակը շատերը նմանեցնում են 1988թ.-ի հետ, երբ ԳԽ ընտրություններում ՀՀՇ-ն ունեցավ երկու պատգամավոր՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Աշոտ Մանուչարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը: Նրանք ԱԺ-ում օգտագործեցին ամբիոնը, իսկ «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները թեժ պահեցին Ազատության հրապարակը: Արդյունքը եղավ համազգային շարժման հաղթանակը: Այսօր նման զուգահեռներ շատ են անցկացվում՝ նշելով, որ Հայ ազգային կոնգրեսը կարող է մի կողմից պահել ԱԺ ամբիոնը, մյուս կողմից՝ Ազատության հրապարակը, արդյունքում կարող են համատեղ համագործակցությամբ հասնել հաղթանակի: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք նմանություններ կան այս իրադարձությունների միջեւ, ասաց. «Միգուցե այսօր՝ հենց այս պահին, հնարավոր չեն նման զարգացումներ, քանի որ այսօր չունենք ժողովրդի մոտ այն վիճակը, ինչ 1988թ.: Բայց իրավիճակն ամեն րոպե կարող է փոխվել: Ճիշտ է, այն ժամանակ երկուսով շատ հարցեր լուծեցինք, բայց հիմնականում որոշիչը ժողովրդի գործոնն էր: Հիմա էլ հնարավոր է՝ շատ արագ վիճակը փոխվի: Կոնգրեսում կան մարդիկ, որոնք շատ լուրջ փորձ ունեն: Այս ամենը կարեւոր գանձարան է, որը կարող է աշխատել ձեր ասած ճանապարհով»:




Լրահոս