«ԿԱՐԴԱԼՈՎ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ԵՍ ՑՆՑՎԵՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրադառնալով Հայաստանում կայացած ընտրություններին՝  Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների՝ ELDR կուսակցության նախագահ սըր Գրահամ Ուաթսոնը երեկ փաստեց, որ իրենց կուսակցության խորհրդի տարեկան նիստը մայիսի 11-12-ին Երեւանում անցկացնելը կապված է ԱԺ ընտրությունների հետ:
Թեեւ նա նշեց, որ ԱԺ այս ընտրությունները նախորդներից դրականորեն տարբերվեցին, այնուամենայնիվ, տեղի ունեցած ընտրախախտումները շարունակում են մտահոգիչ մնալ: Ուաթսոնը մատնանշեց անձնագրերում դրվող դրոշմակնիքների շուտ օքսիդացումը, որոշ տեղամասերում 102 տոկոս քվեարկության փաստը: «Այս ամենը դեռ մտածելու տեղիք է տալիս,-նշեց նա՝ հավելելով,-մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, սակայն  պետք է մի քիչ ավելի արագ շարժվել: Եթե հայացք նետեք սեւծովյան տարածաշրջանին, կտեսնեք այնպիսի երկրներ` Բուլղարիա, Ռումինիա, որոնք մի քանի տարի առաջ ազատությունից զուրկ էին, բայց այժմ նրանք վայելում են ազատության զգալի չափաբաժին: Հույս ունեմ, որ մի քանի տարուց Հայաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ մենք կդասենք նույն կարգի երկրների շարքը»:
ՀՀ-ում կայացած ընտրություններին անդրադարձել է նաեւ ELDR կուսակցության փոխնախագահ Լուսեվիզ վան դեր Լաանը: Նա խորհրդաժողովի ընթացքում տեղի ունեցած բանավեճում ասել է. «Կարդալով ԵԱՀԿ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը՝ ես ցնցվեցի ընտրակեղծիքների մասին վկայող հսկայական նյութերից, որոնք թեեւ ձեւակերպված են դիվանագիտական լեզվով, սակայն, այնուամենայնիվ, պետք է ճնշում լինեն իշխանությունների վրա՝ հաջորդ տարի սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ իրավիճակը բարելավելու համար»:
Մինչ այդ, երեկվա ասուլիսում Ուաթսոնին նաեւ հարց ուղղվեց արտաքին քաղաքականության, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ խնդրի մասին: «Մենք` Եվրոպայի լիբերալներս, որեւէ խնդիր չունենք անցյալում տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելու համար ցեղասպանություն բառը կիրառելու հարցում: Մենք նաեւ աշխատում ենք Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ` արագացնելու պատմաբանների կողմից պատմությունը վերանայելու գործընթացը: Բայց եթե համեմատեք ներկայիս Թուրքիան տասը տարի առաջվա Թուրքիայի հետ, դուք հսկայական առաջընթաց կտեսնեք»,-նշեց նա:
Իսկ ԼՂ խնդրի մասին ELDR նախագահը ասաց, որ թեեւ այն համարվում է սառեցված հակամարտություն, սակայն իրողությունն այլ է: «Սառեցված բառն այնքան էլ ճիշտ չէ այստեղ կիրառել, քանի որ եթե հակամարտությունը սառեցված լիներ, հրազենից զոհեր չէին լինի, բայց միեւնույն ժամանակ այն սառեցված է, քանի որ շատ դժվար է ուղի գտնել որեւէ քայլ անելու համար»,-կարծիք հայտնեց նա՝ հավելելով, որ կցանկանար՝ ԵՄ-ն օգտագործեր դիվանագիտական ճանապարհը հակամարտությունը քայլ առ քայլ լուծելու համար: «Ես չեմ կարող ասել, թե ով է այս հակամարտության կողմերից ճիշտը, եւ ով` սխալը, բայց մի բան կարող եմ ասել, որ երբեք հնարավոր չէ ռազմական ճանապարհով որոշել, թե ով է ճիշտը, եւ ով` սխալը: Ռազմական ճանապարհով որոշվում է միայն, թե ով կենդանի մնաց»,-եզրափակեց ELDR նախագահը:
Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ELDR անդամ է միայն ՀՀՇ-ն, եւ ինչպես երեկ՝ ասուլիսի ժամանակ, փաստեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, իրենք միակ կուսակցությունն են, որ ELDR լիիրավ անդամ են, այլ ոչ թե դիտորդ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս