ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պետք է սահմանադրական բարեփոխումներին լուրջ վերաբերել, այլ ոչ թե ընդամենը պայքարել՝ 2018 թվականին նախագահի աթոռին «տիրանալու» համար:

-Պարո՛ն Սահակյան, որոշ ժամանակ առաջ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բացասական կարծիքներին` «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էիք, թե անհասկանալի է` ինչին են դեմ ԱԺ ոչ իշխանական ուժերը, եթե դեռեւս սեղանին դրված չէ որեւէ կոնկրետ փաստաթուղթ: Օրերս Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ուսումնասիրե՞լ եք այդ փաստաթուղթը, Ձեր սպասումներն արդարացե՞լ են:
-Ես նորից եմ պնդում իմ նախորդ ասածը ու ուզում եմ հղում անել մեր ոչ իշխանական ուժի թեւին, եթե մարդիկ չեն կարդում, չեն կարդալու բարեփոխումների հետ կապված այս հայեցակարգը, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը եւ այլն, ապա մենք ինչի՞ մասին եք խոսում կամ ի՞նչ ենք քննարկում: Հետեւաբար ես մեր խոսակցությունը կբաժանեմ երկու մասի՝ իրավական եւ քաղաքական: Իրավական առումով եթե դիտարկում ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ապա տեսնում ենք հիմնական գաղափարները, որոնք ընդգրկված են հայեցակարգի մեջ: Մենք միշտ խոսում ենք, թե ընդդիմությանը պետք է տանք իրավունքներ, պետք է տանք լիազորություններ, վերահսկողական մեխանիզմներ, իսկ այդ ամենը պե՞տք է ամրագրել սահմանադրորեն: Իմ գնահատմամբ` այո՛, իհարկե պետք է, այդ մասին խոսել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը, եւ այդ մասին կա նաեւ հայեցակարգում: Մեր գործընկերները նախկինում նշում էին, որ պետք է լինեն համակարգային փոփոխություններ՝ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, իսկ հիմա էլ ասում են` ոչ: Գիտեք ինչ, մենք կարծում ենք, որ այդ ամենը պետք է լինի բարեփոխումների ճանապարհով, իսկ լուծումը ո՞րն է: Դա պետք է որոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Եթե շուտասելուկի պես պետք է լինի, թե ով շուտ ասեց, պետք է նրանը ընկալվի, ապա կարծում եմ` այդտեղ խնդիր ունենք:
-Վենետիկի հանձնաժողովի պահանջներից մեկն էլ քաղաքական կոնսենսուսն է, այսինքն՝ պետք է լինի քաղաքական ուժերի համաձայնությունը, որպեսզի սահմանադրական բարեփոխումներն իրականցվեն: Ինչպե՞ս է իշխանությունն այդ կոնսենսուսն ապահովելու:
-Քաղաքական լայն կոնսոլիդացիայի պարագայում սահմանադրական բարեփոխումներն ավելի արժանահավատ կլինեն, ավելի ընկալելի, ու իմ ասածը վերաբերում էր հենց այս ամենին: Բայց հիմա էլ ասում են` գիտեք ինչ, եկե՛ք երկու ընտրություններն էլ անենք (նկատի ունի առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրությունները Ս. Գ.), հետո այդ փոփոխությունները կանենք, որովհետեւ իրենք գիտեն, որ այսօրվա գործող նախագահն իր պաշտոնավարման երկու ժամանակահատվածն էլ 2018թ. սպառում է, եւ իրենց նպատակն այդ աթոռին ամեն գնով տիրանալն է: Իսկ եթե այդքան վստահ եք, որ դուք կարող եք ընտրություններում հաղթել, ես էլ հարց եմ ուղղում` եկե՛ք այս սահմանադրական բարեփոխումներով վստահության քվե վերցրե՛ք, ձեւավորե՛ք կառավարություն եւ անկախ նրանից, թե կառավարման ինչ համակարգ կլինի, աշխատե՛ք: Եթե ընդամենը կան քաղաքական ցանկություններ ռազմավարության դաշտում, ապա մենք էլ ունենք մեր քաղաքական թիմը, մեր ռազմավարությունը, մեր տեսակետները, մեր գաղափարներն ու մեր պատկերացումները:
-Հայեցակարգը պատրաստ է, սակայն Ս. Սարգսյանը որոշել է դրա վերաբերյալ իր տեսակետը հայտնել 2015 թվականի սկզբին: Կարծիք կա, որ Ս. Սարգսյանը չի էլ պատրաստվում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, նրա նպատակն ընդամենը քաղաքական օրակարգը թելադրելն է: Ի վերջո, իշխանությունները ցանկանո՞ւմ են այդ բարեփոխումներն իրականացնել, թե՞ ոչ:
-Ամեն ինչ շատ պարզ է. Սերժ Սարգսյանը շատ ավելի լուրջ է վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին, մեր երկրում եւ երկրից դուրս ընթացող գործընթացներին, քան մյուսները: Սահմանադրությունը բարեփոխելը շատ լուրջ քայլ է, դա սովորական օրենսդրական փոփոխություն չէ, դա երկրի ամենակարեւոր օրենսդրական փաստաթուղթն է, որի դրույթները պետք է կյանքի կոչի ժողովուրդը: Պետք չէ ասել, որ այսօրվա սահմանադրությունն ամեն ինչ կարգավորում է, ու այն անհրաժեշտ չէ փոփոխել, դա կարծրացած տեսակետ է: Մենք պետք է փորձենք մեր հասարակության մեջ ընթացող զարգացումներին համահունչ, համընթաց առաջ գնալ: Սահմանադրությունը չպետք է դրանք կանխի, այլ պետք է ուժ տա, որ մենք ավելի արագ զարգանանք: Այդ խնդիրը պետք է մենք բոլորս լուծենք, ու դա չպետք է միայն ՀՀԿ-ն, իշխանությունն անեն, սա բոլորիս առաջնային խնդիրն է: Ես կարծում եմ, որ եթե մենք փորձենք մեկ անգամ ընթերցել հայեցակարգը, ապա կարող են լինել ավելի բովանդակային առաջարկներ, իսկ եթե պետք է լինի ընդամենը քաղաքական ամբիցիա քաղաքական հայտարարությունների կոնտեքստում, դա արդեն քաղաքական թիմերի որոշելու խնդիրն է, թե որ ճանապարհով են գնում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ԻՄ ԱՆՁԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Շանթ Հարությունյանի դատավճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել էր խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքը պատրաստ է ցանկացած ատյանից բարձրաձայնել Շանթ Հարությունյանի պաշտպանությանն ուղղված հարցեր, եթե նրա մեղավորությունը հերքվի օրենքի սահմաններում:
-Պարո՛ն Անդրեասյան, որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, Դուք Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք:
-Ես բազմիցս եմ անդրադարձել նման բաների: Խոսքը միայն այս դեպքի մասին չէ: Դատարանում քննվող գործի վերաբերյալ իմ ցանկացած գնահատականը կդիտվի որպես օրենքի կոպտագույն խախտում: Որքան էլ մարդկայնորեն ինձ համար ցավալի լինի Շանթ Հարությունյանի եւ Շահեն Հարությունյանի ճակատագիրը, տվյալ դեպքում վճռի եւ իր հետ կապված ցանկացած այլ մոտեցման, ընթացիկ դատական նիստի մասին խոսելն իմ կողմից օրենքի կոպտագույն խախտում է:
-Այնուամենայնիվ, Շանթ Հարությունյանին 6 տարով ազատազրկելը արդյո՞ք չափազանց ծանր պատժաչափ չէր:
-Քանի դեռ վճիռը չի մտել օրինական ուժի մեջ, համարվում է, որ սա ընթացիկ դատական գործունեություն է: Եվ այս հարցի վերաբերյալ օմբուդսմենի կողմից հնչեցված ցանկացած կարծիք կդիտվի որպես ճնշում: Առաջին ատյանի դատարանի որոշումը մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնաբանության արժանացնելը չի կարող լուրջ ընկալվել:
-Ձեր զեկույցները շատ հաճախ դատախազության աշխատակիցների համար արժանահավատ չեն թվում: Դուք էլ ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, թե պաշտպանության կարիք ունեք, քանի որ նշված կառույցից Ձեր նկատմամբ անձնական բնույթի հետապնդումներ են իրականացվում: Շարունակո՞ւմ եք պնդել այդ մասին:
-Ես պաշտպանության կարիք չունեմ, մարդիկ սխալ են հասկանում: Նույնիսկ Ազգային ժողովում: Իրականում պաշտպանության կարիք ունի այն բովանդակությունը, որը ես հրապարակում եմ, այսինքն` եթե ես ասում եմ, որ որեւէ տեղ խախտվել է որեւէ մեկի իրավունքը, ուրեմն դա չի նշանակում, որ ինձ է պետք պաշտպանել, քանի որ ես անձնապես լրիվ պաշտպանված եմ: Պետք է, որ որոշակի ուժեր եւ կառույցներ կանգնեն այդ ճշմարտության կողքին եւ պաշտպանեն ինձ եւ այն մարդուն, ով ունի այդ պաշտպանության կարիքը: Հաճախ լինում է այնպես, որ պետական մարմինները, փորձելով ինքնապաշտպանվել, անձնական բնույթի հարձակումներ են անում: Նման դեպքերում ես առաջարկում եմ, որ ԱԺ-ն դառնա այն հարթակը, որտեղ կորոշվի, թե ո՞վ է ճիշտ, եւ ով` սխալ: Սակայն ասածս չի ենթադրում այն, որ ցանկացած պատգամավոր կարող է ասել, թե դատախազությունը ճիշտ է, քանի որ այդ պատգամավորը կարող է ինչ-որ պատվեր կատարել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԱՐՑԱԽ
Հոկտեմբերի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով մեկնել է Ղարաբաղ: Երկու շաբաթ առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր մեկնել Արցախ՝ կրկին Բակո Սահակյանի հրավերով: Բնական հարց է ծագում՝ Բակո Սահակյանն ինչո՞ւ է հատկապես այս շրջանում իշխանափոխության դուրս եկած եռյակի առաջնորդներին հրավիրում Ղարաբաղ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի կուսակցությունների նախագահներին ԼՂՀ հրավիրելու մեջ արտառոց որեւէ բան չկա: «Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններն էլ մեկնում են ԼՂ` տեղական վիճակին, ապագա ծրագրերին ծանոթանալու համար»,- ներկայացրեց պատգամավորը` հավելելով, որ իրենց համար էլ սա հերթական առիթն էր՝ տեսնելու իրավիճակը Ղարաբաղում:

 

ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ
Երդվյալ ազատամարտիկների միության շարքերը կարծես թե նոսրանում են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արարատի մարզի շուրջ 15 ազատամարտիկներ արդեն վերադարձրել են իրենց վկայականները եւ այլեւս չեն ցանկանում գործ ունենալ միության հետ: Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով այս միության անդամներից է, մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ, որ նման բան կա: «Առաջին անգամ եմ նման բան լսում, չգիտեմ՝ խոսքն ինչի մասին է»,- ասաց Կոմանդոսը:

 

ԷԼԻՏԱՐ ՀԱՐՍԱՆԻՔ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրում Սերժ Սարգսյանը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքին: Ըստ մեր տեղեկությունների՝ հարսանիքին ներկա են եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խնջույքին շատ քիչ ՀՀԿ-ականներ են ներկա եղել՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, իսկ կառավարության անդամներից ներկա են եղել ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ու բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Սերժ Սարգսյանը շատ երկար չի «նստել». 20.30-ի սահմաններում հեռացել է: Նշենք, որ Ռ. Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, աշխատում է խորհրդարանում. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն է: Հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի աղջիկն է:

 




Լրահոս