90-ականների կուլակաթափության ժամանակներն անցել են․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մամումլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից, ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն:

«Այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին»,- գրել էր լրատվականը։

Սակայն, կարճ ժամանակ անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով․ «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Նշենք նաև, որ պարոն նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ։

«Ես ընդամենը պետք է ասեմ փաստաբանի խոսքը, ոչ ավելին։ Մամուլում սենսացիա, հնչեղ նյութեր պատրաստելու համար չեմ կրածում ճիշտ ժամանակ է, քանի որ ամբողջ աշխարհը գտնվում է արհավիրքի մեջ։ Այն իրավիճակը , որն այսօր տիրում է մեր երկրում՝ սկսած սոցիալական տարբեր խնդիրներից, վերջացրած մարդկանց օրվա հաց չունենալու խնդրով, գործել նմանատիպ գործելաոճով, կարծում եմ ազնիվ և ճիշտ չէ»,-նշեց նա։

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հորդորում և խորհուրդ է տալիս օրվա իշխանություններին փոխել երկու տարի առաջվա գործելաոճը, և զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից։

«Փաստաբանի հայտարարությունից զատ այլ բան չեմ կարող ավելացնել, իսկ քաղաքական առումով ընդամենը շեշտադրումներ նշեցի, որ գործով պետք է զբաղվեն, գոնե հիմա»,-նշեց նա։

ArmLur.am-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված պաշտոնյաների ապօրինի կամ անհայտ ծագման գույքը պետությանը հետ վերադարձնելու մասին օրենքին։

«Գիտեք 90-ականների կուլակաթափության ժամանակներն անցել են, իհարկե, եթե կա որևէ ապօրինույթուն, որևէ օրենքի տառի խախտում՝ պետք է պատժվի, բայց դա չպետք է վերաբերվի քաղաքական հաշվեհարդարի, հետապնդումների և նմանատիպ գործընթացների։  Մեր երկիրը, ժողովուրդն այսօր ահավոր վատ պայմաններում է ապրում։ Այսօր պետք է հնարավորություն տանք, որպեսզի ժողովուրդը օրվա հացի գումար վաստակի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,-մեզ հետ զրույցում իր խոսքն այսպես ամփոփեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս