ԳՈՄՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մայիսի 10-ի գիշերը 76-ամյա մի տղամարդ է մահացել, որը Նոր Երզնկա գյուղի բնակիչ էր: Տղամարդը ինքնասպանություն է գործել՝ դանակով կրծքավանդակի հատվածում ինքն իրեն հարվածելով:
Մինչեւ նրան տեղափոխել են հիվանդանոց, արդեն մահացած է եղել: Տեղեկացանք, որ մեծահասակ տղամարդն այդ քայլին է դիմել սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու պատճառով:
Միաժամանակ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացրել են, որ մայիսի 10-ին՝ ժամը 22:00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 1936թ. ծնված Զավեն Մարտիրոսյանի դին:
Երեկ զրուցեցինք Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, թե որեւէ բան չի կարող ասել, քանի որ մինչեւ տղամարդուն տեղափոխել են իրենց բժշկական կենտրոն, նա այլեւս կենդանի չի եղել: «Իրենով արդեն զբաղվել է դատաբժիշկը, տեղյակ չենք՝ ինչ խնդիր է ունեցել»,-հավելեց Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով՝ 76-ամյա Զավեն Մարտիրոսյանի դին գտել են իրենց գոմում: Նոր Երզնկա գյուղի բնակիչները պատմեցին, որ Մարտիրոսյանը գյուղում ապրում էր վաղուց՝ իր հարսի եւ թոռնիկների հետ: Որդին երկար ժամանակ է, ինչ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղի բնակիչների հետ, որոնք որոշ չափով ճանաչում էին Մարտիրոսյանի ընտանիքին եւ տեղյակ էին նրանց խնդիրներից:
«Ինչքանով մենք ենք տեղյակ, էդ ընտանիքը սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում էր ապրում, գյուղում էդ մարդկանց տենց գիտեն: Իրա տղեն էլ գնացել ա Ռուսաստան՝ աշխատանքի ու չի կարողանում ընդեղից փող-բան ուղարկի, որ էս մարդիկ ապրեն: Ինչքան գիտեմ, էդ մարդը նրա համար էր նեղված, որ վատ են ապրում, չի կարում իրա հարազատ թոռների համար մի կտոր հաց առնի, դե դուք էլ հասկացեք, մեծ մարդ էր ու չէր կարում իրա ընտանիքին ինչ-որ բանով օգներ ու երեւի դրա համար ա էդ քայլին գնացել»,-պատմեց տեղի բնակիչ Ասյան՝ հավելելով, որ իրենց գյուղում շատ են նմանատիպ մարդիկ, որոնք հնարավորություն չունեն ապրելու եւ հազիվ են կարողանում իրենց օրվա հացի գումարը վաստակել:
Տեղեկացանք նաեւ, որ Զավեն Մարտիրոսյանը մինչ այդ կաթված էր ստացել եւ երկար ժամանակ պառկած է եղել: «Հիվանդ մարդ էր, բայց շատ խելոք: Իր ընտանիքի համար էր ամեն ինչ անում, բայց եսիմ, հարեւաններն ասում են՝ հոգնել ա էդ պայքարից, վերցրել ա դանակն ու գնացել ա գոմ… տենց էլի: Մարդիկ արդեն զզվել են սպասելուց, որ մի օր կկարողանան հաց վաստակել, ու էտի ստիպել ա, որ մարդը էդ քայլին գնա»,-վրդովված ասաց 58-ամյա Սամվելը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
ԵՐԳԻՉԸ ՄԱՐԴ Է ՍՊԱՆԵԼ
Մայիսի 9-ին ոստիկանությունը բացահայտել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցի՝ Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը:
Նշված օրը՝ գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանություն է ներկայացել Աշտարակ քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Հակոբյանը: Հակոբյանին Աշտարակում ավելի շատ ճանաչում են որպես երգիչ Կարեն, որը երգում է Աշտարակի ու Երեւանի ռեստորանային համալիրներում: Քննչական մարմնի բացատրական աշխատանքի արդյունքում Հակոբյանը ներկայացրել է նաեւ հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը, որը քննիչի կողմից առգրավվել է եւ ուղարկվել փորձաքրեագիտական վարչություն: Ըստ մեր տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել երգչի եւ Հովակիմյանի միջեւ կենցաղային ու անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Նշենք, որ կրակոցներ արձակելուց հետո Կարենը  դեպքի վայրից հեռացել է «Պրադո» մակնիշի 18 MM 888 համարանիշի ավտոմեքենայով եւ այս ընթացքում ուրախ-ուրախ երգել է: Ոստիկանները հայտնաբերել են ե՛ւ մեքենան, ե՛ւ երգիչ Կարենին: Վերջինս կալանավորված է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս