ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕԴՈՒՄ Է ԿԱԽԵԼ

Եթե ինչ-որ կերպ փորձենք բնորոշել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած ժամանակը, ապա կարող ենք ասել, որ նա աչքի է ընկնում իր նախաձեռնություններն ավարտին չհասցնելու, կիսատ թողնելու սովորությամբ:

Այս կիսատությունն առկա է ինչպես քաղաքական գործընթացներում, Սարգսյանի նախաձեռնություններում, այնպես էլ կադրային քաղաքականություն վարելիս:
Անցած տարվա հունիսին պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու մասին: Չնայած՝ այդ որոշումն անմիջական հենց Սերժ Սարգսյանը չէր ստորագրել, սակայն կասկածից վեր էր, որ որոշումն առանց նրա համաձայնության չէր կայացվել: Սակագնի բարձրացման որոշմանը հաջորդեցին բողոքի ակցիաները, արդյունքում որոշումը փոխվեց, եւ ուժի մեջ մնացին տրանսպորտի նախկին սակագները. հարցի քննարկումը մի քանի ամսով հետաձգվեց: Մինչ օրս այս հարցի քննարկումը չի վերսկսվել, եւ խնդրին վերջնական լուծում չի տրվել:
Այս տարվա սկզբից ուժի մեջ մտավ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի Հայաստանում պետք է ներդրվեր պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը: Այս օրենքի դեմ հանրության շրջանում սկսված եւ ծավալված բողոքի ալիքը հանգեցրեց նրան, որ ՀՀ իշխանությունները փոխեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ պարտադիր կուտակայինը տարածելով միայն 1974 թվից հետո ծնված պետական հիմնարկների աշխատակիցների վրա, իսկ մասնավոր հիմնարկների աշխատակիցներին իրավունք տրվեց գրավոր հրաժարվել այդ համակարգից մինչեւ 2017 թվականի հուլիսը: Այս խնդիրն էլ կիսատ լուծվեց:
ՀՀ իշխանությունները դեռեւս ամռանն ընդունել էին «Շրջանառության հարկի մասին» օրենքի մի փոփոխություն, ըստ որի բոլոր տնտեսավարողները իրենց գործունեությունը պետք է պարտադիր փաստաթղթավորեն: Մանր եւ միջին ձեռներեցներն ու հատկապես մանրածախ առեւտրով զբաղվողները բողոքի ալիք բարձրացրեցին: Այսօր խորհրդարանում է գտնվում մի նախագիծ, որով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի` պարտադիր փաստաթղթավորումը մասնակի հետաձգել մինչեւ եկող տարվա փետրվարի 1-ը:
Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 4-ին Սարգսյանը հայտարարեց, որ չնայած ինքը դեմ է Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված կառավարման` կիսանախագահական կարգը փոխելուն, բայց միեւնույն է՝ նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց: Այդ նպատակով նա հատուկ հանձնաժողով ստեղծեց, որը մշակեց եւ նրա հաստատմանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Մինչ այդ հայեցակարգը մշակվում էր, Հայաստանի որոշ քաղաքական ուժեր հայտարարեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություննեին: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն այդ թեմայով խոսեց եւ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեց: Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հաստատելով կամ մերժելով՝ Սերժ Սարգսյանը պետք է այս խնդրին կոնկրետ լուծում տար: Բայց այս անգամ էլ Սերժ Սարգսյանը խնդրին միանշանակ լուծում չտվեց եւ այն հետաձգեց մինչեւ 2015 թվականի փետրվար-մարտ ամիսները: Բացառված չէ, որ այդ ժամանակ էլ նա խնդրին լուծում չի տա, եւ կրկին այն կհետաձգի:
Վերը բերված շարքից բացի, թերեւս ավելի արտառոց է նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն ավելի քան հինգ ամիս թափուր թողնելու փաստը: Եթե այդ պաշտոնն այդքան անիմաստ է, եթե անվտանգության խորհուրդը կարող է առանց քարտուղարի ամիսներ շարունակ գործել, ապա հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է այն ընդհանրապես սահմանվել, ինչո՞ւ պետք է այդ անիմաստ պաշտոնի համար հարկատուների միջոցները ծախսվեն:
Սրանք Սերժ Սարգսյանի հրապարակային կեսքայլերն են, բայց եղել են նաեւ ոչ հրապարակայինները, որոնց մասին՝ հաջորդիվ:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանը «մեծ կոմբինատոր» է, եւ նրա այս կիսատությունն ինչ-որ մարտավարական քայլ է, սակայն իրականում դա նրա թուլության ապացույցն է: Նա պարզապես ի վիճակի չէ իր հռչակած գործընթացներն ավարտին հասցնել եւ «պաուզաներով» փորձում է պատասխանատվությունից խուսափել` հուսալով, որ ժամանակն իրենը կանի եւ կլուծի խնդիրը կամ առնվազն կհուշի այն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարարության լիազորված անձ Արտակ Գեւորգյանը Հայաստան է ներմուծել 1010 կգ բրուտո քաշով խառն ապրանքներ, որոնք սահմանված ժամանակում մաքսային մարմին չի ներկայացրել: Արդյունքում մշակույթի նախարարության ներկայացուցիչը տուգանվել է 50 հազար դրամի չափով: Մշակույթի նախարարության մեկ այլ լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հովհաննիսյանն էլ հունիսի 14-ին հայտարարագրել է 122 հազար 805 կգ ապրանքներ: Իսկ հոկտեմբերի 10-ին պարզվել է, որ այս դեպքում էլ մաքսային հայտարարագիրը սահմանված 10 օրյա ժամկետում չի ներկայացվել, ուստի Հովհաննիսյանին եւս տուգանել են 50 հազար դրամ: Ի դեպ, տարօրինակ է, որ հունիսին ներկրված ապրանքի մաքսային հայտարարագիրը չներկայացնելու փաստը մաքսայինում հոկտեմբերին են միայն արձանագրել: Այսինքն՝ կարող ենք ասել, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ մշակույթի նախարարության հակամարտությունը նոր երանգներ է ստանում: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող «Հուշարձանների վերականգման կենտրոն» ՓԲԸ-ն քաղհայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նախարարությունից պահանջելով 18 մլն 999 հազար դրամ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳԻ ԳՈՐԾՈՎ
Հայտնի ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մայրը միջնորդություն է ներկայացրել դատարան իր որդու խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու համար: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Փառանձեմ Անդրեասյանը: Ըստ ամբաստանյալի մոր՝ իր որդին ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստերին. «Մի քանի անգամ դատարանում կրկնում են հարցը, պաշտպանն է օգնում, որ նա հասկանա, թե ինչ հարց են իրեն տալիս: Այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել: Մյուս որդիս էլ ասում է՝ ինչ անում են, թող միանգամից անեն, այլ ոչ թե այսպես տանջեն»: Նշենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է հերթական դատական նիստը: Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու համար:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԶՈՒԳԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ անդրադարձել է տեսախցիկների ու արագաչափերի հետ կապված դժգոհություններին եւ իր հերթին դժգոհել ԱԺ-ում տեղադրված անթիվ տեսախցիկներից. «Պատկերացրե՛ք Ազգային ժողովի հարյուրավոր աշխատակիցների վիճակը, որ յուրաքանչյուր տուալետի մոտ տեսախցիկ է դրված. տպավորություն է` կարծես հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է: Օրերս խորհրդարանում աշխատող մի կին մոտեցավ ինձ ու ասում է` պարո՛ն Մարգարյան, խնդրում եմ՝ փրկե՛ք ինձ: Ասում է` մրսել, հիվանդացել է ու հաճախակի է մտել այդ «հատուկ ռազմավարական օբյեկտը»՝ բնական կարիքները հոգալու համար, ու դա հաշվառել են, մի քանի օր հետո նրան կանչել են ու ասել են` դու եկել ես աշխատելո՞ւ համար, թե՞ այդ օբյեկտը հաճախակի մտնելու համար: Դա մեզ պատիվ չի բերում: Դե եկե՛ք, արագաչափ էլ դնենք այդ զուգարաններում»,-հեգնել է պատգամավորը` առաջարկելով մի մեծ ու խոշոր տեսախցիկ էլ դնել ԱԺ-ի այն առանձնասենյակներում, որտեղ որոշ պատգամավորներ ունեն առանձին զուգարան:

 

ՁՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵԼ Է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկացմամբ` երեկ երեկոյան արդեն իսկ ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ էր, եւ միայն Մեղրու տարածաշրջանում էր խիտ մառախուղ` տեսանելիությունը 100-150 մետր: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ԳՐԻԳՈՐԻՉԸ ՏՈԳՈՐՎԱԾ Է
«Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի բան դառնա՝ կա՛մ նախագահ, կա՛մ վարչապետ»,- նման ցանկություն է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով armlur.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԲՀԿ առաջնորդի` ՀՀ նախագահ դառնալու պատրաստակամությանը:

 

ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱ
Եռյակի աշխատաոճը մեզ համար բացարձակապես անընդունելի է: «Դաշնակցությունը» երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել: Երեկ Աժ-ում նման հայտարարություն է արել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պարզաբանելով. «Մենք միանում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնց մեջ մենք դերակատար ենք եղել, որը մեզ հետ քննարկվել է: Եթե մեզ հետ չի քննարկվել, դեմ են տալիս ինչ-որ թուղթ ստորագրել, մենք երբեք դա չենք անի եւ չենք էլ արել»: Ապա արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե միգուցե եռյակը կարծում է, որ ՀՅԴ-ն համագործակցում է իշխանությունների հետ, Ռուստամյանն ասել է. «Իշխանությունների հետ բանակցությունների մեջ իրենք էլ են: Իրենք էլ իրենց հարցերի շուրջ են բանակցում. հետո կերեւա»:

 

ԹՈՂ ՊԱՐԶԱԲԱՆԻ
Երեւանի առնվազն 2 հասցեում` Շահումյան հրապարակից դեպի վեր՝ Վազգեն Սարգսյան փողոցով բարձրանալիս ձախ թեւի վրա, եւ Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց դրված են ավտոկանգառն արգելող նշաններ, սակայն հենց այդ արգելող նշանի տակ գծված կարմիր գծերը թույլատրում են ավտոկանգառը, որտեղ վարորդները վճարում եւ միաժամանակ տուգանվում են կանգնելու համար: Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով պարզաբանել այդ փաստը:

 

ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳԱՅՑ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում: Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների եւ զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյո՞ք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականուց եւ սահմանված չափաբաժիններից:

 




Լրահոս