ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՐՃ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրակաշառք բաժանելու կամ վերցնելու համար դեռեւս  ձերբակալվածներ չկան. այս մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Սակայն հայտնի է, որ ընտրակաշառքի փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է ընդամենը 2 քրեական գործ: Երկուսն էլ վերաբերում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այլ ընտրախախտումների վերաբերյալ 8 քրեական գործ է հարուցված, որից 3-ը՝ Գյումրու 3 տեղամասերում տեղի ունեցած միջադեպերի փաստով: Հիշեցնենք որ դրանցից մեկն առնչվում է Գյումրու քաղաքապետի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որը մայիսի 6-ին, ըստ ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանի, նախ «Կենտրոն» ՀԸ օպերատոր Վարազդատ Պապիկյանի ձեռքից վերցրել էր տեսախցիկը, ապա նաեւ դուրս տարել նրան՝ փաստացի խոչընդոտելով նրա աշխատանքին: Դեպքը տեղի է ունեցել թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Այս գործով նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Արդյոք քրեական գործն առնչվում է կոնկրետ Սպարտակ Ղուկասյանին, կամ նա կենթարկվի պատասխանատվության, թե ոչ՝ առայժմ հստակ ասել հնարավոր չէ: Սակայն, դատելով ներկա զարգացումներից, կարելի է ենթադրել, որ Ղուկասյանի որդին հերթական անգամ «ջրից չոր դուրս կգա»: Նախ՝ ընտրությունների օրը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ օպերատորի առեւանգում չի եղել, նրա տեսախցիկը որեւէ մեկը չի վերցրել, այլ որքան էլ որ տարօրինակ է, երիտասարդն ինքն է տեսախցիկը թողել տեղամասում եւ գնացել: Մինչդեռ հիշեցնենք՝ ականատեսները բոլորովին այլ բան  էին պատմում:
Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Սպարտակ Ղուկասյանի դեմ քրեական գործ չկա հարուցված:
Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանից նախ փորձեցինք ճշտել, թե դատախազությունը, լրատվամիջոցներից ստանալով ընտրախախտումների վերաբերյալ որոշակի նյութեր ու նաեւ հետեւելով տարբեր հրապարակումների, ինչ քայլեր է ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ: Դատախազը, սակայն, չկարողացավ հիշել, թե կոնկրետ որ գործերի մասին է խոսքը: Նա հստակ չպատասխանեց նաեւ մեր մյուս հարցին՝ Վարդան Ղուկասյանի որդուն առնչվում է  հարուցված քրեական գործը, թե ոչ: Միայն շեշտեց, որ Գյումրու տեղամասերում տեղի ունեցած միջադեպերի մասով կա 3 քրեական գործ:
Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանն էլ փոխանցեց, որ նյութերն ուղարկված են ՀՔԾ.  նախաքննությունն իրականացնում է այդ մարմինը, եւ տեղի քննչականը չի զբաղվում դրանցով:
Մի բան ակնհայտ է. իրավապահ մարմինները երկար մանեւրել չեն կարող, հատկապես իշխանական տարբեր գերատեսչությունների այն հայտարարությունների համապատկերում, որ բոլոր ընտրակեղծարարները ենթարկվելու են պատասխանատվության: Հատկապես ուշագրավ է լինելու թիվ 6 դպրոցում կատարված միջադեպի հանգուցալուծումը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս