Ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին՝ ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով»,-Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կոչ անելով ամենևին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային ուժերի հիստերիկ արձագանքին:

«Նոր համաժողովրդական առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի: Ուստի՝ կոչ եմ անում ամենևին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային ուժերի հիստերիկ արձագանքին:

Դա բացատրվում է մի պարզ պատճառով: Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք, իբր, 70 տարի պայքարել են Հայաստանի անկախության համար, երբ 90-ականներին դա հնարավոր դարձավ, մեկ ակնթարթում դավանափոխ եղան և դեմ արտահայտվեցին, քանի որ դա տեղի էր ունենում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ: Նույն բանն է տեղի ունենում նաև այսօր. որոշ լուսանցքային ուժեր կատաղի պայքար են սանձազերծել մեր դեմ,  նախընտրելով, որ սարգսյանական ռեժիմը հարյուր տարի էլ թալանի երկիրը, միայն թե իշխանափոխություն չլինի ուրիշի միջոցով:

Երեք տարի շարունակ քարոզելով, պնդելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժի հետ՝ այսօր հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտառակ լինելու փաստի առաջ: Ես չեմ հասկանում, որ այսպես խայտառակ լինելուց հետո ինչպես են զբաղվելու քաղաքականությամբ:

Ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է: Փակելով մարգինալների թեման՝ խոստանում եմ այլևս երբեք չանդրադառնալ նրանց՝ նույնը ակնկալելով նաև իմ գործընկերներից», – նշել է նա:




Լրահոս