ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը չի դադարում խճճված պատմությունների մեջ ընկնելուց: Այս անգամ էլ «Հայասի» բարեգործական հիմնադրամը հայտնվել է դատարանում:
Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայասի» բարեգործական հիմնադրամի: Գործարար համբավի արատավորման համար ընկերությունը պահանջել է փոխհատուցել 2 մլն դրամ:
Ի՞նչն էր վեճի պատճառը: Պարզվում է՝ նախորդ տարի՝ ապրիլի 13-ին, 14-ին եւ 15-ին, «Հայասի» բարեգործական հիմնադրամի անվամբ գրանցված «095.09.65.23» բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ են տարածվել:
Այդ հաղորդագրություններն ունեցել են հետեւյալ բովանդակությունը. «Հարգելի՛ բժիշկ, մի քանի փաստ Սեղվիե ընկերության մասին:
1. Դուք մասնակցում եք հետազոտության, որտեղ Ձեզ խաբում են թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես: Դուք ստանում եք ամեն հիվանդի համար 1000 դրամ 6 ամսվա համար, 1 ամիսը 170 դրամ, ընկերությունն աշխատում է մեկ հիվանդի հաշվարկով 70000, իսկ Դուք՝ գրոշներ: Ձեզ չեն հավատում, զանգում են, ստուգում ու Ձեզ անվանում խաբեբաներ:
2. Առանց հիվանդի համաձայնության հետազոտությունը հիվանդի իրավունքի խախտում է: Եթե հիվանդներն իմանան, իսկ դա մի օր կլինի, Դուք կունենաք խնդիրներ օրենքի հետ:
3. Ձեր անուններն ուղարկվել են նախարարություն եւ ինտերնետ էջ: Դադարեցրեք համագործակցությունն այս եւ այլ կոմպանիաների հետ եւ հիշե՛ք՝ բուժման համար պատասխանատուն Դուք եք, ոչ Սեղվիեն: Հ.Գ. ի դեպ Ձեր շատ սիրելի պրեդուկտալը առաջացնում է պարկինսոնիզմ: Այդ մասին եւս Սեղվիեն լռում է»:
Ահա այս հաղորդագրությունների համար էլ ֆրանսիական ընկերությունը դիմել է դատարան:
Ի դեպ, այս հաղորդագրություններն ուղարկվել են ընկերության հետ համագործակցող մի քանի տասնյակ բժիշկների: Սակայն ավելի քան մեկ տարի ընթացող դատաքննությունից հետո այս տարվա հունիսի 18-ին կողմերը հաշտության եզրեր են գտել:
«Հայասի» բարեգործական հիմնադրամն ընդունել է, որ 2013թ. ապրիլի 13-ին իր անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով մի շարք անձանց են ուղարկվել «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Արդյունքում՝ «Հայասի» բարեգործական հիմնադրամից դատարանը որոշել է հօգուտ «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության բռնագանձել ընդամենը 20 հազար դրամ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Հայասի գրուպ»-ի տնօրինության հետ եւ հետաքրքրվել՝ ի վերջո ո՞վ է այդ հաղորդագրությունների հեղինակը: Սակայն անարդյունք: Ընկերության հեռախոսահամարները չեն պատասխանում: Իսկ սեփականատերը՝ ՕԵԿ նախագահի մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, խուսափեց պատասխանել՝ նշելով, թե կապ չունի «Հայասի գրուպ»-ի հետ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ