Դերասանը լիահույս է, որ մի օր կվեռադառնա իր սիրելի գործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սարգիս Գրիգորյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Վերջին սերիալը, որում նա խաղացել է, «Անծանոթն» է: Դրանից հետո դերասանը ոչ մի առաջարկ չի ստացել, եւ այդ հանգամանքը մտահոգում է նրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը բարձրաձայնում է իր մտահոգությունների մասին:

-Արդեն մեկուկես տարի է՝ էկրաններին չեք երեւում, ո՞րն է պատճառը:

-Երեւի ինձանից տաղանդավոր մարդիկ կան, որոնք պետք է երեւան ասպարեզում: Կարծես թե ժողովուրդը սիրում է ինձ, անընդհատ հարցնում է իմ մասին: Սակայն, հակառակ դրան, ոչ մի առաջարկ չեմ ստանում:

-Գուցե ինչ-որ միջադե՞պ է եղել, որից հետո սկսեցին առաջարկները նվազել:

-Չգիտեմ…Համենայն դեպս, այնպիսի մի բան չեմ արել, որը նման կտրուկ հետեւանք թողներ: Ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել այս հարցում: Ինքս շատ բան եմ ենթադրում, բայց դա քիչ է, որպեսզի այդ մասին բարձրաձայնեմ:

-Ասում են՝ Դուք «թանկ վերցնող» դերասան եք…

-Հանդես գալ գլխավոր դերում, առավոտից մինչեւ երեկո նկարահանվել՝ ամսական 400-500 հազար դրամով. չեմ կարծում, թե դա թանկ գին է: Հարցն այն է, որ ես, առհասարակ, հրավեր չեմ ստացել…

-Գուցե դաշտը լցվել է «էժան» դերասաններո՞վ, ովքեր ձեռնտու են պրոդյուսերներին ու ռեժիսորներին…

-Այդ խնդիրը միշտ էլ եղել է: Այնպես չէ, որ իմ նկարահանվելու ժամանակ այդպիսի դերասաններ չկային: Եթե Ձեր նշած հանգամանքը լիներ պատճառը, ինձ կկանչեին ու գնի հարց կքննարկեին:

-Ուրեմն ինչ-որ մարդիկ չեն ուզում, որ Դուք դաշտում գործեք, այո՞:

-Ես ենթադրում եմ…Այլապես չէր կարող դերասանը, ով վեց գլխավոր դեր է կերտել, միանգամից չքանար դաշտից, ոչ մի հրավեր չստանար. դա հենց այնպես չի լինում: Ռեժիսորներն ու պրոդյուսերները կիմանան, որ «ճ» կլասի դերասան չեմ, ինձանով կարելի է վարկանիշ ապահովել:

-Այսինքն՝ Դուք բացառում եք, որ մասնագիտական առումով, հնարավոր է, սպառվել եք…

-Ես՝ այո՛, բայց, գուցե, պրոդյուսերների ու ռեժիսորների կարծիքով սպառվել եմ…

-Ինքներդ փորձե՞լ եք աշխատանք փնտրել, որեւէ դուռ թակե՞լ:

-Ես չեմ փորձել մի պարզ պատճառով. երեկվա դերասանը չեմ, որ քասթինգների մասնակցեմ: Իմ տեղը մարդիկ գիտեն, եթե պետք լինի, կստանամ այդ հրավերը:

-Ձեր նկատմամբ նախատրամադրվածությու՞ն եք տեսնում:

-Եթե ես որեւէ հստակ բան իմանայի, հաստատ մամուլի ասուլիս կհրավիրեի, քանի որ ոչ ոք իրավունք չունի զրկել ինձ որեւէ բանից: Պարզապես ես ապացույցներ չունեմ, ուստի իրավասու չեմ որեւէ մեկին մեղադրելու:

-Իսկ փորձե՞լ եք ապացույցներ գտնել:

-Չեմ ուզում իջնել այդ աստիճանի…Նրանց հակառակ՝ ես պետք է ավելի լավ ապրեմ: Նրանք պատասխան կտան՝ որտեղ որ պետք է, գիշերները հանգիստ չեն քնի: Նպատակ ունեմ ինձ շրջապատել հավատարիմ մարդկանցով, սեփական թիմ ստեղծել, գտնել մարդկանց, ովքեր կօգնեն իմ կարիերայում քայլեր անել: Դրանք երազանքներ, նպատակներ են, որոնք իրագործելու համար դեռեւս բավականաչափ գումար չունեմ:

-Դուք հիմա, կարծեմ, հանդիսություններ եք վարում, այո՞:

-Այո՛, պետք է ապրեմ, ուրիշների պես չլքեմ մեր երկիրը, որը շատ եմ սիրում: Եթե հանդիսություն էլ չվարեմ, պետք է «կաֆել» խփեմ, բայց այդ գործին չեմ տիրապետում: Ես աշխատող մարդ եմ, միջոցառումներ եմ կազմակերպում, սցենարներ եմ գրում, ուղղակի տխուր եմ, որ մեր երկրում իմ մասնագիտությամբ չեմ զբաղվում, տարիներն անցնում են, իսկ ես շատ բան կարող եմ անել…Թե չէ՝ գոյատեւելու խնդիր չունեմ: Հիմա երկու գեղարվեստական ֆիլմ կա, որոնցում նկարահանվելու առաջարկ եմ ստացել: Բայց դրանք փառատոններում, կինոթատրոններում ներկայացնելու համար են:

-Իսկ թատրոնում հանդես գալու մտադրություն, առաջարկ ունեցե՞լ եք:

-Նախորդ տարի դիմեցի թատրոններին, սակայն առեղծվածային կերպով մերժվեցի…Դե, հիմա դժվար է. քեռի, հոպար չունեմ, տեսակով խնդրող չեմ: Եթե մերժվեցի, երկրորդ անգամ նույն դուռը չեմ ծեծի:

-Ամեն դեպքում՝ դերասանական աշխատանքին վերադառնալու հույսեր կա՞ն…

-Այո՛, ես հավատում եմ, որ ամեն բան լավ է լինելու, եւ ես կրկին զբաղվելու եմ իմ սիրելի գործով:

Զրուցեց Աննա Բաբաջանյանը

 




Լրահոս