Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ` Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը: 
Պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասել է, որ այդ և մյուս հարցերի պատասխանները կտրվեն այսօր երեկոյան ՀՀԿ-ում կայանալիք գործադիր մարմնի նիստում: “Իրոք հանդիպումներ եղել են, այսօր գործադիր մարմնի նիստ տեղի կունենա, արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ էլ արդեն հանդես կգանք պաշտոնական տեսակետով”, – ասել է ՀՀԿ-ի փոխնախագահը:
Արդյո՞ք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև համագործակցությունը ենթադրում է, որ Ծառուկյանը պետք է Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես գա. – “Հինգ տարիների ամենակարևորագույն ծրագրերից մեկը երկրի հետագա ճակատագրի համար դա նաև նախագահական ընտրություններն են: Բնականաբար, եթե կոալիցիոն համագործակցություն լինի, դա առաջին խնդիրներից մեկն է”, – այս առնչությամբ ասել է ՀՀԿ-ի փոխնախագահը:




Լրահոս