ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՓԱՐՔԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ»-Ը ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն Է

Մայրաքաղաքի բնակիչների շրջանում համոզմունք կա, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը թալանում է վարորդներին: Ավելին՝ Երեւանում այսօր շատ են այն փողոցները, որտեղ ե՛ւ կարմիր գծեր կան, ե՛ւ ավտոկայանատեղիի աշխատակիցներ: Արդյունքում վարորդները ստիպված վճարում են ե՛ւ կարգավարներին, ե՛ւ կարմիր գծերի համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Երեւանի փողոցներում ե՛ւ կարմիր գծեր կան, ե՛ւ ավտոկայանատեղիի աշխատակիցներ, ովքեր վարորդներից գումար են վերցնում: Արդյունքում վարորդները ստիպված են լինում վճարել ե՛ւ Ձեր ընկերությանը, ե՛ւ կայանատեղիներում կանգնած կարգավարներին: Դո՞ւք եք ուղարկել նրանց:
-Ավտոկայանատեղիի աշխատակիցների հետ «Փարքինգ սիթի սերվիս»-ը բացարձակ կապ չունի: Ասեմ ավելին՝ մեր ընկերությունը ոչ մի իրավական հիմք չունի այդ աշխատակցին տուգանելու կամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ օրենսդրությամբ նմանատիպ գործունեությունը կանխելու ու ինչ-որ միջոցներ ձեռնարկելու համար պետք է լինի վարչական մարմին, ով կզբաղվի դրանով: Այդ մարմինը ՀՀ ոստիկանությունն է: Իսկ Ձեր ասածը «Փարքինգ սիթի սերվիս»-ի իրավասությունից դուրս է:
-Դուք տեղյա՞կ եք, որ մայրաքաղաքում, օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառի դիմաց, «Կակտուս» սրճարանի, «Երեւանի ոսկու շուկայի» մոտ կան ե՛ւ կարգավարներ, ե՛ւ կարմիր գծեր: Ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում:
-Մենք բազմիցս նամակներով, գրություններով դիմել ենք ՀՀ ոստիկանությանը: Ինչ որ մեր իրավասությունների շրջանակում է, մենք դա անում ենք: Բայց այն, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը գնա կարգավարներին տուգանի կամ արգելի նման վայրերում կանգնել, նման իրավասություն ընկերությունը չունի: Իսկ եթե ընկերությանը նման հնարավորություն տրամադրեն, ապա միանշանակ, մենք դա կանենք, բայց դա օրենսդրությանը կհակասի: Երեւանի քաղաքապետարանի կողմից կան օրենքով սահմանված, ընտրված ծառայողական կանգառներ, որտեղ համաձայն ավագանու որոշման՝ կարող են կարգավարների միջոցով սահմանափակել կանգառ ցանկացող տրանսպորտային միջոցների մուտքը: Այսինքն՝ իրենք պետք է որոշեն, թե ով իրավունք ունի կանգնելու այդտեղ: Բայց նմանատիպ դեպքերում էլ նույնիսկ տվյալ կարգավարներն իրավունք չունեն գումար վերցնելու վարորդներից: Իսկ «Կակտուս» սրճարանին ծառայողական ավտոկայանատեղի տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը՝ համաձայն ավագանու որոշման: Եւ նա, համաձայն այդ որոշման, իրավունք ունի կարգավար պահելու, բայց վերջինս գումար գանձելու իրավունք չունի: Նմանատիպ ծառայողական ավտոկայանատեղիների հետ մեր ընկերությունն ընդհանրապես առնչություն չունի:
-Պարո՛ն Հարությունյան, հասարակության շրջանում ընկալում կա, որ Դուք զբաղված եք մարդկանց թալանելով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ես կխնդրեի նմանատիպ կարծիք արտահայտողներին ուշադիր լինել իրենց ասածներին, քանի որ չեմ կարծում, որ կա ինչ-որ մեկը, ով «Փարքինգ սիթի սերվիս»-ին գումար է տալիս: Հիմա բոլորն էլ կարող են իրենց կարծիքն արտահայտել, բայց դա ոչ միշտ է իրականությանը համապատասխանում:
-Իսկ ե՞րբ եք պատրաստվում քննարկել եւ լուծել մեքենաների անվտանգության հարցը: Չէ՞ որ մեքենան կայանելու համար վարորդները գումար են վճարում` չունենալով դրա անվտանգության ապահովման որեւէ երաշխիք: Ընդհանրապես` ին՞չ ծառայություն է մատուցում Ձեր ընկերությունը:
-Ճիշտ է՝ «Փարքինգ սիթի սերվիս»-ը չունի նման պարտավորություն, բայց ընկերությունը տրամադրում է ապացույց՝ պատահարի հետ կապված տեսաձայնագրություն: Եւ այսօր նման փորձը գործում է, կա սահմանված կարգ, ժամկետ, որի համաձայն ցանկացած քաղաքացի պատահարի հետ կապված կարող է դիմել Երեւանի քաղաքապետարան: Իսկ վերջինս ընկերությանը կարգադրում է տրամադրել տվյալ ձայնագրությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ նմանատիպ դեպքերն օրական մի քանի տասնյակի են հասնում: Եւ յուրաքանչյուր պատահար, վնասվածք բացահայտվում է: Անվտանգության հարցը փոխհատուցման մասով ֆիզիկապես մեզ վրա չենք վերցրել, որովհետեւ ամբողջ աշխարհում նմանատիպ պրակտիկա չկա:
-Շատերը պնդում են, որ Ձեր ընկերությունը գրասենյակ չունի: Ավելին՝ օրեր է տեւում, մինչեւ վարորդները կարողանում են կապ հաստատել ընկերության որեւէ աշխատակցի հետ: Բացի այս՝ քաղաքացիները դժգոհում են նաեւ, որ երբեմն տուգանքը վճարելիս բանկը վարորդին ուղղորդում է դեպի Երեւանի քաղաքապետարան:
-Մենք գրասենյակ ունենք, եւ համապատասխան գրասենյակում էլ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը: Առաջին անգամ եմ նման բան լսում: Մեր զանգերի սպասարկման կենտրոնն ամեն կերպ աջակցում է վարորդներին եւ ցանկացած բողոքի կամ առաջարկության դեպքում առաջին հերթին հայտնում է տնօրինությանը: Նմանատիպ խնդրի առաջ չենք կանգնել կամ նման ահազանգ դեռ չի հնչել: Վճարման մեթոդները տարբեր են: Գրեթե յուրաքանչյուր տեղ կարող ես ավտոկայանատեղիի տուրքը վճարել: Բանկը վարորդին չի կարող ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Դա բանկերի հիմնական գործառույթն է: Այնպես որ, չեմ կարծում, որ ինչ-որ բանկ հրաժարվի իր գործառույթից ու քաղաքացուն ուղարկի այլ ուղղությամբ: Գուցե՞ քաղաքացու կողմից թյուրըմռնման արդյունք է:
-Ձեր ընկերության աշխատանքից գո՞հ եք:
-Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է համապատասխան պայմանագրի եւ իր պայմանագրային պարտականությունները կատարում է պատշաճ:
-Վերջերս խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ընկերությունը կանգնած է սնանկացման եզրին: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ լուրերը:
-Եթե դիտենք փաստերով, ապա ընկերությունը մինչ այսօր շահույթ չի հետապնդել եւ հաշվապահական փաստաթղթերով բացարձակ շահույթ չունի: Իսկ կսնանկանա՞, թե՞ ոչ, դա արդեն կապված է մի շարք հանգամանքներից: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ընկերությունը կսնանկանա, որովհետեւ հավելյալ ներդրումներ կկատարվեն: Այնպես որ միջոցներ կձեռնարկվեն սնանկացումը բացառելու համար:
-Պարո՛ն Հարությունյան, ընկերության ծառայությունների դիմաց վճարվող գումարը կազմում է փաստացի հավաքագրված տուրքի եւ գանձված վարչական տուգանքի հանրագումարի 70 տոկոսը: Այսինքն՝ քաղաքացիների վճարած տուրքերի եւ տուգանքների 70 տոկոսն անցնում է Ձեր ընկերությանը, իսկ մյուս 30 տոկոսը՝ քաղաքային բյուջե: 70 տոկոսը փոխանցվում է Ձեր ընկերությանը, իսկ Դուք պնդում եք, որ շահույթ չի ապահովում: Դուք ինչի՞ վրա եք ծախսում այդ գումարը:
-Որովհետեւ այնքան գումար է հավաքագրվում, որ նույնիսկ ընկերության ծախսերը չի ապահովում, այս պատճառով ընկերությունը շահույթ չունի: Չի բավարարում: Նշեմ, թե ինչի վրա է ծախսվում այդ գումարը. 250 կմ օպտիկամանրաթելային ցանց է կառուցված, 1600 հատ տեսախցիկ է տեղադրված, որոնք ամենօրյա սպասարկման կարիք ունեն: Բացի տեխնիկական ծրագրերի սպասարկումից՝ նաեւ ծրագրային սպասարկում էլ է անհրաժեշտ: Մի շարք սարքավորումներ կան, որոնք ընթացիկ սպասարկման կարիք ունեն:
-Խնդրում եմ՝ նշե՛ք, թե ամսական որքա՞ն գումար է կազմում այդ 70 տոկոսը:
-Չեմ կարող հրապարակել այդ թվերը, բայց շատ քիչ է:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվը կազմել է 483 հազար 614, որից 388 հազար 43-ը մարդատար է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՃԱՌԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությունը: Անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Օլանդի նախաձեռնությամբ սպասվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այն հարցին, թե ինչու չկա առաջընթաց, Էդ. Նալբանդյանը պատասխանեց` պատճառը բոլորին հայտնի է: «Դրա պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը, ո՛չ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է: Եթե նախկինում Ադրբեջանի դիրքորոշումը կարելի էր բնութագրել որպես մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, ապա հիմա իրենք դրսեւորել են մի մոտեցում, որն ավելի շուտ կարող ենք բնութագրել ոչ մի քայլ առաջ եւ մի քանի քայլ հետ: Հայաստանը, ինչպես միշտ, տրամադրված է կառուցողական: Մենք միշտ դրական ենք արձանագրել եռանախագահների՝ բոլոր նախաձեռնություններին ուղղված հանդիպումներ կազմակերպելը: Մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզ»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶԱՐԳԱՆԱԼ
Այսօր «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ հիմնադիր Արմեն Նազարյանը պաշտոնական հաղորդագրություն է հղել, որում ասվում է, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը շարունակում է իր գործունեությունը, եւ առողջացման ծրագրից արդեն իսկ քայլեր են իրականացվել: «Իհարկե, կազմակերպությունն առայժմ դժվարություններ ունի հաղթահարելու, այնուամենայնիվ բանկերի հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը եւ կառուցողական բանակցությունների շնորհիվ ստեղծված փոխըմբռնման միջավայրը թույլ են տալիս կայունացնել առկա իրավիճակը: Բանակցություններն ավարտված են, բանկերի հետ հարաբերությունները՝ կարգավորված, ինչի շնորհիվ այժմ մենք սկսում ենք մատակարարների հետ բանակցությունների փուլը: «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ն հայտնում է իր երախտագիտությունը դժվարությունների ժամանակ ընդառաջ եկած հավատարիմ գործընկերներին ու մատակարարներին, ինչպես նաեւ՝ իր պատրաստակամությունը պատճառած անհարմարությունները հարթելու եւ հետագայում իր վարկանիշը վերականգնելու մասին», – նշել է Ա.Նազարյանը:

 

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՎԱԶԻ
Այսօր՝ 12:30-ին, կառավարության շենքի առջեւ մի խումբ մտահոգ քաղաքացիներ կանցկացնեն բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական եւ հետծննդաբերական փոխհատուցման չափը, եւ դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Այդ փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման եւ նպաստել արտագաթին»:

 

ԱՐԴԵՆ ԼԱՎ Է
Երեւանի կենդանաբանական այգու Գրանդ փղի առողջական վիճակն այս պահի դրությամբ լավ է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Երեւանի կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատեցին 18-ամյա Գրանդ փղին: Ավելի քան 7 ժամ տեւած վիրահատության արդյունքում հեռացվել էր փղի՝ կոտրված հիվանդ ժանիքն ու դրա խոռոչում գոյացած մեծ բուշտը: Գրանդը Երեւանի կենդանաբանական այգուց Թբիլիսիի կենդանաբանական այգի է տեղափոխվել հունիսին: Տեղափոխության հիմնական պատճառները երկուսն էին՝ Գրանդի զուգավորումը էգ Մալկայի հետ եւ ժանիքների վիրահատությունը: Ի դեպ, Թբիլիսիի կենդանաբանական այգին միակն է տարածաշրջանում, որտեղ նման բարդ վիրահատության համար անհրաժեշտ համապատասխան պայմաններ կան:

 




Լրահոս