Արթուր Բաղդասարյանին դատարան կանչելու միջնորդություն է ներկայացվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է իր պաշտպանյալի գործով հենց առաջին դատական նիստին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչելու միջնորդություն ներկայացնել: Փաստաբանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանի ստորագրությամբ փաստաթուղթ է ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն՝ քննության առնելու քրեական գործը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կողմից իրեն հասցեագրված փաստաթղթերի հիման վրա:

«Մի փաստաթղթում խոսվում է այդ մասին, իսկ մյուս փաստաթղթի համաձայն՝ ԻԻՀ-ից իրեն որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Որոշման մեջ հստակ գրված է՝ Ազգային անվտանգության խորհրդի կողմից ստացված փաստաթղթերի հիման վրա: Գործի նյութերի համաձայն՝ կա հստակ գրություն՝ պարսկերեն և հայերեն տարբերակներով, երկուսն էլ՝ առանց ձևաթղթի, շտամպի, կնիքի և ստորագրության: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը լրագրողներից մեկին հարցազրույց տալու ժամանակ ասել է, թե պատահական հանդիպման ժամանակ են իրեն փոխանցել այդ փաստաթղթերը: Ես հենց առաջին դատական նիստին այս հարցը բարձրացնելու եմ»,- ասաց Հակոբ Ճարոյանը, ով հավելեց, որ նշված փաստաթղթերի պակաս ևս կա:

Պաշտպանի փոխանցմամբ՝ Արթուր Բաղդասարյանի կողմից ուղարկված գրության մեջ գրված է. «Ձեզ եմ ուղարկում 25 առդիր թերթ, իսկ նախաքննությունն իրականացնող մարմինը՝ գլխավոր վարչությունը, քննչական մարմնին ուղարկել է 10 թերթ, այսինքն՝ բացակայում է 15 թերթ: Իսկ ահա քրեական գործում գրված է. «Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկվել է 60 թերթ»:

Հակոբ Ճարոյանի մոտ հարցեր են առաջացել, թե ինչ պարունակություն ունեն բացակայող թղթերը, ինչ են իրենցից ներկայացնում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Սուրեն Գաբրիելյանը, ով մեղադրանքի առաջադրման ժամանակ գործարար է եղել, մեղադրվում է փողերի լվացման, խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Նախկինում Սուրեն Գաբրիելյանը զբաղեցրել է Կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի պետի պաշտոնը: Իրեն առաջադրված մեղադրանքը Գաբրիելյանը չի ընդունում, իսկ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել, քանի որ իրականացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերվել է կյանքի հետ ոչ համատեղելի հիվանդությունը: Իսկ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ այն դասվում է հիվանդությունների շարքին, որոնց առկայության դեպքում՝ անձը չի կարող կալանավորված մնալ:

Գաբրիելյանի պաշտպանը շեշտեց, որ Վրաստանում հայտնված օրն իր պաշտպանյալի սիրտը վիրահատել են: Հակոբ Ճարոյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 20-ին նշանակված դատաքննությանը կքննվի Գաբրիելյանին արտահանձնելու գործը: Իսկ սրանից առանձնացված մեկ այլ գործի՝ «ՀայբիզնեսԲանկ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ Արա Կիրակոսյանի և Մելիք Եսայանի մասով դատական քննությունը նշանակված է հոկտեմբերի 30-ին: Այս գործով անցնում է նաև Սուրեն Գաբրիելյանը: Հենց այս դատական նիստին էլ պաշտպան Ճարոյանը կներկայացնի Արթուր Բաղդասարյանին դատարան կանչելու միջնորդությունը:

Ներկայացնում ենք պաշտպանի կողմից Armlur.am-ին ուղարկված փաստաթղթերի լուսանկարները, որոնցում երևում է նաև Արթուր Բաղդասարյանի ստորագրությունը:

10749496_706943296057138_375238269_n

10744654_706943299390471_1577328741_n




Լրահոս