Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: Այս մասին 2015թ. պետական բյուջեի նախնական նախագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հավելեց, որ դա պայմանավորված է եղել աշխարհաքաղաքական զարգացումներով, էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով արտադրության ծախսերի ավելացմամբ:
«Տնտեսական աճի տեմպը որոշ չափով կարագանա՝ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովմամբ, ինչպես նաև՝ արդյունաբերության ճյուղի վերականգմամբ», – ընդգծեց նա:
2014թ. ընթացքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազել է՝ 2013թ. վերջին գրանցված 5.6 տոկոսից մինչև 2014թ. օգոստոս հասնելով 0.8 տոկոսի, իսկ սեպտեմբերին դարձել է 1.5 տոկոս: 2014թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու դրամաշնորհները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 4.1 տոկոսով:
Ըստ 2014թ. ՀՀ պետբյուջեի մասին ՀՀ օրենքի՝ տարվա ընթացքում հարկային եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 23.24 տոկոսը: