
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «ԱՄՄ» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Լոռի» պանրի արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Նկատի ունենալով, որ տրված հանձնարարականը կատարվել է. վտանգավոր սննդամթերքը օգտահանվել է և օգտագործվել որպես անասնակեր, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության և «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ Ծառայության պետի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է: