«Եռյակն» ուրանո՞ւմ է հոկտեմբերի 27-ը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին` ոչ իշխանական Եռյակի վերջին հանրահավաքի օրը «Ժողովուրդին» տված հարցազրույցում «Մարտի 1»-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, նշել էր, որ ինքը Գագիկ Ծառուկյանի եւ հարթակում կանգնած մյուս գործիչների հետ հույս կկապի միայն այն դեպքում, եթե Գ. Ծառուկյանը հանձն առնի Մարտի1-ի գործի բացահայտումը:

Տիկին Ալլան, ինչպես հայտնի է, հեռացել է Հայաստանից` վերջնականապես կորցնելով մեր երկրում արդարություն գտնելու հույսը: Հենց նույն պատճառով են երկրից հեռանում նաեւ հազարավոր այլ քաղաքացիներ, ովքեր կարողանալով հանդերձ ապահովել իրենց հանապազօրյա հացը, չեն ուզում ապրել մի երկրում, որտեղ չկա արդարադատություն:

Այս հանգամանքը Եռյակի ներկայացուցիչները իրավացիորեն արձանագրում են իրենց հրապարակային ելույթներում: Դեռեւս մարզային հավաքներից սկսած` նրանց գրեթե յուրաքանչյուր ելույթում կարմիր թելի նման անցնում են երկրում արդարադատության բացակայության մասին հայտարարությունները:

Սակայն բավականին տարօրինակ էր այն, որ «Հոկտեմբերի27-ի» ոճրագործության 15-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ հրավիրած հանրահավաքում որեւէ մեկը չհիշեց «27»-ի մասին, այդպես էլ առաջ չքաշվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենամեծ ոճրագործության բացահայտման պահանջը: Ինչու՞: Արդյոք այդ հարցն այլեւս ակտուալ չէ: Հավանաբար` ոչ, համենայն դեպս` հարթակում կանգնած ոչ իշխանական ուժերի առաջնորդների համար, այդ թվում եւ` ցավալիորեն, նաեւ Ստեփան Դեմիրճյանի, որը նույնպես հոկտեմբերի 24-ին չխախտեց «լռության ուխտը»:

Մինչդեռ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված` անցնող յուրաքանչյուր տարվա հետ բացահայտման շանսերը էլ ավելի են փոքրանում, էլ չասած, որ այդ գործին այս կամ այն կերպ առնչվողները պարզապես կյանքից հեռանում են` բավականին խոսուն օրինաչափությամբ: Եվ ուրեմն` որն է պատճառը, որ արդարության ձգտող, մարդկանց մեջ հավատը վերականգնել ցանկացող եւ երկրում համակարգային փոփոխությունների իրականացում խոստացող Եռյակի համար այս ոճրագործության մասին հիշատակումն անգամ չկարեւորվեց` տասնհինգամյա տարելիցի նախօրեին: Այն դեպքում, երբ օրինակ` 2007-ին նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքը հատուկ հրավիրեցին հոկտեմբերի 26-ին` հենց այս ոճրագործության բացահայտումը դարձնելով իրենց իշխանափոխական հռետորաբանության առանցքը:

Այս հարցի պատասխանը, թերեւս, պարզ է բոլորի համար. 2007-ին հարթակում կանգնած չէր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը,ուստի կարելի էր անկաշկանդ Քոչարյանին անվանել մարդասպան ու ոճրագործ: Մինչդեռ այսօր նման կոչերն այլեւս անհնար են, իսկ «Հոկտեմբերի 27-ը » կազմակերպելու մեջ Քոչարյանին թողած` Սերժ Սարգսյանին մեղադրելն էլ, մեղմ ասած, լուրջ չի ընկալվի:




Լրահոս