ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՏՈՒՇ-ԽՄՈՒՇԻՑ, ՍՐՏԱՃՄԼԻԿ ԽՈՍՔԵՐԻՑ ՀԵՏՈ ԺՈՂՈՎՐԴԻՆ «ՔՑԵՑԻՆ»

Երեկ խորհրդարանում շարունակվեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում վրդովված հայտարարեց, որ հայրենի կառավարությունը հերթական անգամ ցանկանում է «քցել» ժողովրդին, քանի որ այս նախագծով սահմանամերձ բնակիչներին, ըստ էության, որեւէ օգնություն չի ցուցաբերվելու:

Նախ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ էր ինքն առաջարկում սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու մասին իր օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը հայտարարեց, որ ինքն առաջարկում էր սահմանագոտու բնակիչների օգտագործած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի 50 տոկոսը վճարել պետբյուջեից, ինչպես նաեւ՝ աջակցություն տրամադրել այդ համայնքների երիտասարդ ընտանիքների եւ բնակիչների առողջական խնդիրները լուծելու համար:
Մինչդեռ կառավարության ներկայացրած այս փաթեթով, ըստ Փաշինյանի, սահմանագոտու բնակիչներին բացարձակապես ոչ մի արտոնություն չի տրվում. «Առաջարկվում է, որ այդ խանութները կազատվեն հարկերից, եթե, օրինակ, լուցկի, ատամի չոփ, չայի կոնֆետ եւ վաֆլի վաճառելու համար պահեն ու ունենան մեծ հաշվապահություն: Իսկ այդ հաշվապահությունը պահելու համար քանի՞ հաշվապահ է հարկավոր, օրենքի նախագիծը չի ասում: Եթե, օրինակ, սահմանապահ համայնքների կրպակները խախտեն այդ պայմանները, իսկ օրենքում նշվում են լիքը պայմաններ, տնով-տեղով տոկոսի տակ կընկնեն, ամեն ինչ կկորցնեն: Ու կառավարությունն ասում է, որ ինքը շատ մեծ լավություն է անում սահմանապահ համայնքներին, որովհետեւ 2.5 մլրդ դրամի հարկ, որ պետք է հավաքեր այդ կրպակներից ու օբյեկտներից, չի հավաքում, եւ դա ինչ-որ օգնություն է»:
Փաշինյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու. «Ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո նշանակում է քցել, կոտրել, հերթական անգամ արհամարհել սահմանապահ համայնքների բնակիչներին, ովքեր քնում-արթնանում, ապրում ու իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների ուղիղ նշանառության ներքո»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է կառավարության ներկայացրած նախագծի հարակից զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի հետ` պարզելու համար, արդյոք ՀՀ կառավարությունը «քցում» է ժողովրդին:
-Պարո՛ն Այվազյան, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքերով ՀՀ կառավարությունն այս նախագծով ընդամենը «քցում» է սահմանամերձ համայնքի բնակիչներին ու որեւէ կերպ չի օգնելու նրանց: Խաբո՞ւմ եք ժողովրդին:
-Այս նախագիծը նրա մասին է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկային արտոնություններ են տրվելու, իսկ պարոն Փաշինյանի առաջարկածը կոմունալ վարձերի փոփոխությունն է: Հիմա կարող է հաջորդ նախաձեռնության մեջ նման մեխանիզմներ բերվեն, այսինքն՝ սա մեկը մյուսին համալրող է, ոչ թե մեկը մյուսին դեմ է: Այստեղ «քցելու» խնդիր չկա, եթե մարդկանց ասում ենք՝ հարկերը մի վճարեք, դա քցե՞լ է:
-Եթե դրանք մեկը մյուսին լրացնող են, ապա ինչո՞ւ Ն. Փաշինյանի ներկայացրած նախագիծը եւս չքննարկվեց, քանի որ դրանով ավելի մեծ առավելություններ էր տրվում սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
-Ցավոք սրտի իր նախագիծն իմ հանձնաժողովում չի քննարկվել, կարո՞ղ է իրեն ասել են, որ նախագիծը վերջնական տեսքի բերի, ես տեղյակ չեմ:
-Նշվեց նաեւ, որ այս նախագծով կառավարությունը որեւէ կերպ չի օգնելու սահմանապահ գյուղերի բնակիչներին, քանի որ այս օրենքը մնալու է թղթի վրա, եւ գյուղացին այն իր մաշկի վրա չի զգալու;
-Դա ես շատ քիչ հավանական եմ համարում, որովհետեւ գյուղացին է չէ՞ այնտեղ աշխատում, ի վերջո այդ խանութն աշխատացնում է ու այդ գյուղացուն ենք չէ՞ հարկերից ազատում: Չէ, անպայման զգալու է: Կարող է էն կոմունալ առումով ավելի անմիջական զգար… օրենսդրական խնդիրները դեռեւս վերջնական չեն, սա առաջին ընթերցումով է, երկրորդ ընթերցում էլ դեռեւս կա:
-Դուք համարո՞ւմ եք, որ կառավարության ներկայացրած նախագիծն առավելագույնն է, ինչ կարելի էր անել սահմանապահ համայնքների համար:
-Չեմ համարում, որ ամենալավ նախագիծն է, որովհետեւ ոչ մի դեպքում ոչ մի նախագիծ չի կարելի համարել ամենալավը: Նախագիծն այնքանով է լավը, որ հարկերից ազատում է սահմանամերձ համայնքների բնակիչներին, իսկ խոսքը գնում է 31 համայնքի մասին: Հարկերի առումով լավ է:
-Նայած` ում համար: Պարո՛ն Այվազյան, գաղտնիք չէ, որ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ բիզնեսներ ունեն նաեւ սահմանամերձ համայնքներում: Եվ նշվում է, որ այդ կերպ իշխանությունները փորձում են իրենց բիզնեսներն ազատել հարկերից:
-Ես, օրինակ, ողջունած կլինեմ, եթե որեւէ մեկը գնա Վահան գյուղում բիզնես դնի:
-Դուք ինքներդ բիզնես «կդնե՞ք» այնտեղ:
-Դե եթե ես, համենայնդեպս, տենց բիզնեսներ ունենամ, կգնամ, կանեմ, ասենք առեւտրի բիզնեսով զբաղված լինեմ կամ ուրիշ բիզնես անեմ: Բայց ես, որպես պատգամավոր, չեմ կարող բիզնեսով զբաղվել:
Հ. Գ. «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին» կառավարության օրենսդրական փաթեթը ձայների 96 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՌՅԱԿԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք`«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի մոտ իր դժգոհություններն է արտահայտել Լեւոն Տեր-Պետրոսյանից` նշելով, որ իրեն առանցքային որոշումների կայացումից հետո են միայն տեղյակ պահում: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ, ով նշեց, որ հանրահավաքից մեկ-երկու օր առաջ եռյակը դեռեւս չունի միասնական ճանապարհային քարտեզ:

-Պարո՛ն Հակոբյան, դատելով նախորդ հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի տված հարցազրույցներից եւ նաեւ «ժառանգության» տարբեր անդամների արած հայտարարություններից` տպավորություն կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նեղացած է եռյակի իր գործընկերներից: Արդյո՞ք դա այդպես է, եւ արդյո՞ք հետագա պայքարի հետ կապված «Ժառանգությունում» տարաձայնություններ կան:
-«Ժառանգություն» կուսակցությունում ամեն ինչ նորմալ է, որեւէ բան էլ չի կատարվում, աշխատանքային բնականոն հունով ենք ընթանում: Հիմա քննարկումների փուլ է` կապված հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ: Քաղաքական միջոցառումներ են առաջիկայում լինելու, եւ շատ հնարավոր է, որ ինչ-որ հարցերում նաեւ անհամաձայնություններ լինեն, բայց նեղանալու խնդիր չկա:
-Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանականների առաջնորդների հետ առանձին-առանձին հանդիպումներ է ունենում: Ինչո՞ւ եռյակի հանդիպումները միասնական չեն:
-Երեկ ունեցել են, բայց նախորդ անգամների մասին կարող եմ ասել, որ էլի են եղել նման երկկողմ հանդիպումներ: Այդ ավանդույթն ունենք, որ երկկողմանի հանդիպումներ են լինում, բայց որ երեկ այդպես ստացվեց, պետք չէ որեւէ արտառոց բան որոնել: Իհարկե, կան հարցեր, որոնք դեռեւս կարգավորված չեն, դեռ համաձայնեցված չեն, եւ առաջիկա մեկ-երկու օրը, կարծում եմ, այդ առումով որոշակի բան կլինի: Ժողովրդի գերնպատակն այն է, որ երեք քաղաքական ուժերը ներկայանան մեկ միասնական ծրագրով: Պետք է ասեմ, որ դեռեւս չկա մեկ միասնական ճանապարհային քարտեզ, որով երեք քաղաքական ուժերն առաջ կշարժվեն: Մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը, միգուցե մեր գործընկերներն էլ ունեն իրենց առանձին կուսակցական ճանապարհային քարտեզը, բայց կրկնում եմ` ժողովուրդն ակնկալում է, որ մենք բոլորս ունենանք մեկ միասնական ճանապարհային քարտեզ: Մեկ միասնականը դեռ չկա, փոխարենն ունենք երկու օր ժամանակ (հավանաբար, Ռ. Հակոբյանը շփոթել է օրերը), եւ մինչեւ հանրահավաք փոփոխություններ կլինեն: Մեկ միասնական քարտեզը շատ կարեւոր նախապայման է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

«ՑՈԳՈԼԸ»՝ ԴԵՍՊԱՆ
Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարվեց, որ Վայոց ձորի մարզպետն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Իսկ երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ նախկին մանկավարժ-ուսուցիչ Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան: Նշենք, որ դեռեւս մայիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Է. Ղազարյանին ցանկանում են պաշտոնանկ անել, քանի որ նա իր «հովանավորյալներին» այլեւս չի ենթարկվում, ինչի համար էլ այդ հարցը բարձրացվել է Սերժ Սարգսյանի մոտ: Սակայն Է. Ղազարյանը հայտարարել էր, թե դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, ինքը «Ջերմուկի» սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ խնդիր չունի:

 

ԴԵՌ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ Է
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ խորհրդարանում սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալու մասին օրենսդրական փաթեթը քննարկելիս ուշագրավ հայտարարություն արեց. «Իմիջիայլոց, որ ասում էիք ընդդիմությունը 44 ստորագրություն է հավաքել, այլընտրանքը չլինի, տեսնեմ՝ 44 ստորագրություն ո՞նց եք հավաքելու: Այս մարդիկ (ԲՀԿ-ականները,-խմբ.) այլընտրանք են, դեռ ընդդիմություն չեն եւ նպատակ էլ չունեն ընդդիմություն դառնալու, ինչքան որ ես գիտեմ, լսել եմ հայտարարություններից»: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, որն այդ պահին ԱԺ ամբիոնի մոտ էր, միայն նշեց. «Պարո՛ն Շարմազանով, բավականին ակտիվ եք մեկնաբանություններ անում: Չգիտեմ՝ դրա երկսայրի ուղղվածությունը որտեղ է ուղղված, բայց շատ ակտիվ պետք է չլինել այս փուլում»:

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՂՋՈՒՆՈՒՄ
Այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին եթե հետեւեն հեղափոխական քայլերը, ապա այն ողջունելի չի լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի կողմից: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմության ցանկացած քայլ օրինականության սահմաններում ընդունելի է. «Սպառնալիքներով իշխանությանը վախեցնելը անիմաստ բան է, եթե օրենքի շրջանակներում լինի, ամեն ինչ ընդունելի կլինի: Ցանկացած իշխանության դեմ լինում են դժգոհողներ, եթե պահանջներով պետք է իշխանությունը հեռանա, ապա իշխանություն գոյություն չի ունենալու: Ենթադրենք՝ մենք հեռացանք, մեկ ուրիշը եկավ, ու նրանք էլ ասեցին՝ դուք էլ հեռացեք, այդ ինչպես կլինի»:

 

ՏՈՒԳԱՆՎԵՑ
ՀՀ ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կ. Մանուկյանը տուգանել է «Գյումրիի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 12-ին «Գյումրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը Հայաստան է ներմուծել 370 կգ ընդհանուր քաշով բժշկական պարագաներ, որոնց մաքսային հայտարարագիրը սահմանված ժամանակում մաքսային մարմին չի ներկայացվել: Ինչի համար Արմեն Իսահակյանը տուգանվել է 50 հազար դրամի չափով:

 




Լրահոս