ԱՐԴՅՈ՞Ք ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԱՐՏԻ 1-Ը ԿԲԱՑԱՀԱՅՏԻ
Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, արդեն 1 տարի է, ինչ ապրում է Բելգիայում: Ա. Հովհաննիսյանը հանձնել է իր անձնագիրը, հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից ու հեռացել Հայաստանից: Վերջինս մեզ հետ նախորդ զրույցում հայտարարել էր, որ Հայաստան կվերադառնա այն դեպքում, երբ երկրում իշխանափոխություն տեղի կունենա: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ալլա Հովհաննիսյանի հետ` պարզելու համար՝ արդյո՞ք ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքներն ու իշխանափոխության ծրագրերը կարող են պատճառ դառնալ, որ նա կրկին վերադառնա Հայաստան:
-Տիկի՛ն Ալլա, Հայաստանում կարծես թե նոր բողոքի ալիք է բարձրանում: Երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը միավորվել են ու մեկ հարթակից իշխանափոխություն են պահանջում: Հնարավո՞ր է, որ Դուք վերադառնաք ՀՀ ու միանաք եռյակի պահանջին:
-Նախ ինձ համար եռյակի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, չգիտեմ՝ հնարավոր է՝ ժողովուրդն առաջնորդին փոխել է, բայց ես 3-ին լավ իմանալով` որպես առաջնորդ ընդունում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ու ես համոզված եմ, որ այդ ուժերի միտքը, ծրագրի կազմակերպողն ու իրականացնողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես չգիտեմ՝ այս պահին ժողովուրդն ինչպես է մտածում, բայց ինձ համար այդպես է: Հոկտեմբերի 10-ին իրենց հանրահավաքին ամբողջությամբ հետեւել եմ, ու ինչպես միշտ, երբ վերջում խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, այս անգամ եւս այդպես եղավ: Ես հիմա չգիտեմ՝ ուժերը ոնց են դասավորվել… իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այժմ էլ այդ ամենի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ես այդպես եմ կարծում:
-Իսկ ըստ Ձեզ՝ ԲՀԿ առանորդ Գագիկ Ծառուկյանը վա՞տ առաջնորդ կարող է լինել: Դուք նրան առաջնորդի դերում չե՞ք տեսնում:
-Ես որեւէ բան չեմ կարող ասել Գագիկ Ծառուկյանի համար, ես 2008 թվականից եմ հետաքրքրվել քաղաքականությամբ ու երբ ես սկսել եմ մասնակցելու այդ ամենին, դարձել եմ ՀԱԿ անդամ, ինձ համար առաջնայինը եղել է իշխանափոխությունը, իշխանությունը ժողովրդին վերադարձնելն ու Մարտի 1-ի բացահայտումը: Ինձ համար ամենամեծ նպատակը դա է եղել: Իսկ հիմա ես չգիտեմ՝ արդյո՞ք Գ. Ծառուկյանն այդ պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ Մարտի 1-ը բացահայտելու… ու արդյո՞ք ինքը կուզի բացահայտել Մարտի 1-ը, ես այդ առումով այժմ որեւէ բան չեմ կարող ասել: Ու նաեւ ուզում եմ անպայման նշել, որ ես չեմ ցանկանում իմ այս խոսքերով խանգարել ընդդիմությանը: Ինձ համար այսօր այն ուժը, որն այս իշխանությանը, ռեժիմին, Սերժին դեմ է, արժեք է ներկայացնում, ու ես չեմ ուզենա՝ իրենց որեւէ կերպ վատաբանած լինեմ: Ես չեմ քննադատում, ես իմ կարծիքն ունեմ, ես միայն կարծում եմ, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, պետք է Մարտի 1-ի բացահայտումը լինի: Բայց կրկնում եմ՝ այդ շարժման մեջ իմ առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
-Եթե հեղափոխական ալիք բարձրանա, ու ոչ իշխանական ուժերը կտրուկ քայլերի դիմեն, հնարավո՞ր է՝ Դուք վերադառնաք Հայաստան ու միանաք իշխանությունների դեմ պայքարին:
-Գիտեք ինչ, եթե այսօր լիներ 2009 թվականի հանրահավաքը, ես կգայի: Հիշո՞ւմ եք չէ, թե ովքեր էին այդ ժամանակ հեղափոխական հանրահավաքներ անում: Այդ ժամանակ ՀԱԿ-ում Լեւոն Զուրաբյանն էր, Նիկոլն էր, որը բանտում էր, անազատության մեջ էր, բայց իրենց հետ էր, Ալեքսանդր Արզումանյանն էր, Սասուն Միքայելյանն էր, եթե այդ կազմը լիներ այնտեղ կանգնած, երեւի թե ես հաստատ էս պահին կգայի, բայց չգիտեմ… ես ոչ թե իրենց չեմ վստահում, այլ չգիտեմ… երբ որ իրենք կգնան իշխանափոխության… այսպես ասեմ, ես չգիտեմ՝ իրենք կգնա՞ն իշխանափոխության: Եթե դա լինի, ես շատ ուրախ կլինեմ, երկու ձեռքով կողմ կլինեմ, բայց մի քիչ հարցականի տակ է դա: Սպասում եմ, թե հետագայում ինչ պետք է պահանջեն: Ու մեկ էլ ինձ մի բանը ընդհանրապես դուր չի գալիս, որ ընդդիմադիր բառը իրենք չեն շեշտում: Իրենք հայտարարում են, թե ոչ իշխանական ուժեր են, որը ես չեմ ընդունում, դա չեմ կարողանում հասկանալ:
-Այսինքն՝ եռյակի համախմբված ուժերը Ձեզ վստահություն չե՞ն ներշնչում, նրանց հետ հույսեր չեք կապո՞ւմ:
-2008 թվականի պայքարի ժամանակ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ մենք ընդդիմություն ենք ու գնում ենք իշխանափոխության, չէ՞, իսկ այսօր հարթակում կանգնած ուժերից միայն «Ժառանգություն» կուսակցությունն ու ՀԱԿ-ն է ասում, որ մենք ընդդիմադիր ենք ու գնում ենք իշխանափոխության, դրա համար… արդյո՞ք այդ պահանջը կդրվի, արդյո՞ք Մարտի 1-ի պահանջը կհնչի հարթակից, արդյո՞ք հարթակում կանգնածները կասեն, որ իրենք ընդդիմադիր են: Այսինքն` ավելի կոնկրետ պետք է լինեն պահանջները, ու ավելի կոշտ դիրքորոշում եմ սպասում: Իսկ հիմա ես դա տեսնում եմ միայն ՀԱԿ-ում:
Հ. Գ. Ի դեպ, անդրադառնալով մեր զրուցակցի հիշեցմանը` 2009թ-ին հարթակում կանգնածների մասին, նկատենք, որ ներկայումս իշխանափոխություն պահանջողների կազմը տրամագծորեն փոխված է: Ազատության հրապարակում Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանին «արյունոտ ձեռքերով գազաններ» որակող Լեւոն Զուրաբյանն այսօր արդեն նույն հարթակում կանգնում է Մարտի 1-ի գլխավոր դերակատարներից մեկի` Վարդան Օսկանյանի հետ: Նաեւ սա նկատի առնելով` տիկին Ալլայի` Մարտի 1-ի բացահայտման շուրջ հարցադրումը դառնում է գրեթե հռետորական:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ, ԲԱՅՑ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
Սույն թվականի հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց: Ներկայումս գործող օրենքի համաձայն` շրջանառության հարկը տարածվում է այն սուբյեկտների վրա, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58,3 միլիոն դրամը:
ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի (ԲՀԿ), Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ), Թեւան Պողոսյանի («Ժառանգություն») եւ Գագիկ Ջհանգիրյանի (ՀԱԿ) առաջարկի համաձայն` շեմը պետք է բարձրացնել մոտ երեք անգամ` սահմանելով 150 միլիոն դրամ: Կառավարության նիստի ժամանակ, սակայն, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նման քայլի գնալու դեպքում պետբյուջեի հարկային եկամուտները կնվազեն տարեկան մոտ 39 միլիարդ դրամով, որը խոշոր տնտեսվարողներին կօգնի մտնել շրջանառության հարկի տիրույթ եւ խուսափել հարկերից:
Ինչեւէ, եթե օրենքում արմատական փոփոխություններ չլինեն, մինչեւ 2015 թվականի փետրվարի մեկը կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով կկարգավորվեն բոլոր խնդիրները:
-Հոկտեմբերի մեկից «Շրջանառության հարկերի մասին» օրենքն ուժի մեջ է մտել, սակայն չի կիրառվում: Կառավարությունն ընդունում է, որ օրենքում խնդիրներ կան: Ի վերջո, ո՞րն է խնդիրը:
-Խորհրդարանական քննարկումների արդյունքում մշակվում է մի տարբերակ, որը կարծում եմ, որ կնպաստի առաջիկա բոլոր խնդիրների լուծմանը, վիճահարույց հարցերի ու անճշտությունների կարգավորմանը: Խնդիրները կլուծվեն, օրենքը կգործի իր ողջ ծավալով` ներառելով այն բոլոր խնդիրների իրականացումը, որոնք դրված են օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից:
-Պարո՛ն Մինասյան, հնարավոր համարո՞ւմ եք այն տարբերակը, որ հաջորդ քառօրյայում էլ օրենքի այս նախագիծը քննարկվի, բայց վերջնական լուծման բացակայության պատճառով տեղափոխվի գարնանային նստաշրջան:
-Չեմ կարծում, որ նման բան լինի: Այդքան երկար ձգելու իմաստը որ՞ն է: Օրենքի քննարկումը գարնանային նստաշրջան չի տեղափոխվի, եւ այդ հարցն ավելի շուտ կլուծվի:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՏՆՕՐԵՆԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի կոմունալ ծառայության տնօրենն ու ծառայության աշխատակիցներից մեկը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեզ հասած տեղեկություններով՝ տնօրենը մեղադրվում է այն բանում, որ աշխատողի է գրանցել, եւ նրա անունով աշխատավարձ է դուրս գրվել, բայց տվյալ աշխատակցին տվել է 3-ից 4 հազար դրամ: Արդյունքում՝ յուրացվել է 360 հազար դրամ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին այս լուրը՝ հավելելով, որ քննություն է ընթանում:
ԳՈՐԾԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԴԱՏԱՐԱՆ
Այսպես կոչված՝ «Վերնիսաժի» գործը մոտ օրերս կուղարկվի դատարան: Գործով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործն ուղարկվել կողմերին` ծանոթանալու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գործով բոլոր կողմերը ծանոթացել են նյութերին, եւ շուտով դատաքննություն կնշանակվի: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Վերնիսաժի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ: Ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել երեք հոգու՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ 28-ամյա Գոռ Առաքելյանին, եւ նրա ավտոմեքենայի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանին ու Նորայր Հարությունյանին:
ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՏՈՒԳԱՆՎԵՑ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է ՀՀ «Հանդբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սեպտեմբերի 10-ին նշված ֆեդերացիայի անունով Հայաստան են ներմուծվել 5 հազար 6 հարյուր կգ խառը ապրանքներ, որոնց մաքսային հայտարարագրերը սահմանված ժամանակում չեն ներկայացվել: Արդյունքում՝ ՀՀ «Հանդբոլի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Գրիգորյանը տուգանվել է սիմվոլիկ 50 հազար դրամի չափով:
ԷԺԱՆ ԿՈՇԻԿ՝ ԴԱՀԿ-ԻՑ
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել կանացի կոշիկներ, որոնք արժեն ընդամենը 732 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս կոշիկների թիվը սահմանափակ է՝ 8 զույգ: Այն աճուրդի է հանվել հոկտեմբերի 16-ին: Աճուրդի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 27-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ ընդամենը մի քաղաքացի է առաջարկ ներկայացրել կոշիկ գնելու, բայց 500 դրամով: