ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲՈԼՈՐ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ԳՈՐԾԻՍ ՄԵՋ ԵՆ»

Դերասան Սոս Ջանիբեկյանն այս պահին Արման Միտոյանի եւ Արման Նշանյանի հետ զբաղված է «Կենտ զույգը» ներկայացումով, որն ապրիլի սկզբին ներկայացվելու է ԱՄՆ-ում։ Բացի այդ, նա նկարահանվում է ռուսական «Հրաձիգ-2» ֆիլմում, որի աշխատանքները կավարտվեն մարտի վերջին։ Ստացել է նաեւ երկու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկ։

-Դուք մասնագիտությամբ նաեւ կինոօպերատոր եք: Եղե՞լ են դեպքեր, երբ մտածել եք, որ ինքներդ Ձեզ բոլորովին այլ կերպ կնկարեիք։
-Ինձ համար կինո ստեղծելու գործընթացը՝ սկսած «լույս դնողից» մինչեւ ռեժիսորը, ընդհանուր գործ է։ Բացի այն, որ կինոօպերատորական եմ սովորել, հաճախել եմ նաեւ ռեժիսորական դասերի, նայել եմ շատ-շատ ֆիլմեր, դեռ ուսանողական տարիներին ներկա էի լինում հայրիկի ֆիլմերի նկարահանումներին… Եվ կինոյի լեզուն իմանալը ինձ միանշանակ օգնում է. գիտեմ՝ ինչպես հարգել ուրիշի աշխատանքը, ինչպես որպես դերասան համագործակցել կինոյի այլ մասնագետների հետ։
-Ճանաչված մարդու՝ Կարեն Ջանիբեկյանի զավակը լինելն օգնո՞ւմ, թե՞ խանգարում է Ձեզ:
-Որպես անհատականություն, որպես արվեստագետ, որպես դերասան Սոս Ջանիբեկյան` կայանալու հարցում դա, անշուշտ, օգնել է: Չեմ ուրանում հորիցս, պապիկիցս, մորիցս եկած փառահեղ գեները, արյունը, հպարտ եմ, ուրախ ու երջանիկ, որ ծնվել եմ այդ ընտանիքում, բայց երբեւէ չեմ փորձել ինչ-որ բանի հասնելու համար օգտագործել նրանց անունը։
-Իսկ ծնող-զավակ հարաբերություններն ինչպիսի՞ն են։ Երբեմն օտարները հոգեւոր կապի միջոցով հարազատ են դառնում, իսկ հարազատները հոգեւոր խորթության պատճառով՝ օտարանում:
-Ես եւ հայրս մանկուց եղել ենք ընկերներ, եղբայրներ։ Ընդ որում, երբեմն նա եղել է փոքր եղբայրս, այսինքն` հորս մեջ չկա այն ամբիցիան, որ ինքը հայրն է, ես՝ որդին, ու պետք է սուբորդինացիան պահպանվի։ Հարաբերությունները եղել եւ մնում են շատ պարզ, անկեղծ, մարդկային, հարազատի պես։ Մենք ուղղակի առաջնորդվել ենք տվյալ պահի տրամաբանությամբ եւ օգնել միմյանց խորհուրդով, գործով:
-Ի՞նչն է Ձեզ կապում, ի՞նչ թեմաներ եք ամենից շատ քննարկում։
-Ինչ-որ չափով մեզ կապում է ապրելակերպը, առօրյան, իսկ մեր՝ ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը կանայք են:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք գործից դուրս:
-Գործից դուրս՝ որպես այդպիսին, նախասիրություններ չունեմ. իմ աշխատանքն այնքան բազմակողմանի է, որ բոլոր նախասիրություններս գործիս մեջ են:
-Ամիսներ առաջ մամուլում արծարծվեց այն հարցը, որ բաժանվել եք Ձեր մանեքենուհի ընկերուհուց: Այժմ ընկերուհի ունե՞ք: Ընդհանրապես ինչ տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում կինը։
-Այս պահին ընկերուհի չունեմ։ Իսկ մանեքենուհի նախկին ընկերուհուցս իրոք բաժանվել եմ, այլ մանրամասներ չեմ ուզում ասել։ Սերն իմ կյանքում ամենամեծ տեղն է գրավում, ամենակարեւոր դերն է խաղում ու ամենակարեւոր բանն է առօրյայից, պահից, վայրկյանից սկսած՝ մինչեւ խորը ծերություն, որը կապրեմ։ Վստահ եմ, որ անընդհատ իմ կյանքը սիրով լի է լինելու։ Առանց սեր, սերը կորցրած` ես կես մարդ եմ միշտ, իսկ քանի որ դա անմիջապես կապված է հենց կնոջ հետ, ստացվում է, որ առանց կին ես կես մարդ եմ, առանց կին դատարկ է կյանքս, ու առանց կին` ես ինձ լիարժեք մարդ չեմ համարում։
-Շուտով մարտի 8-ն է, եւ սկսվելու է մինչեւ ապրիլի 7-ը շարունակվող կանանց միամսյակը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տոներին:
-Եթե համարում ենք, որ Մարտի 8-ը կանանց, Ապրիլի 7-ը` մայրերի տոնն է, ապա երկու տոնն էլ ընդունում եմ։ Մորս համար միշտ ծաղիկ կամ որեւէ այլ նվեր եմ առնում։ Իսկ եթե կողքիս կին կա, ծաղիկ ու նաեւ ինչ-որ օրիգինալ բան եմ նվիրում, բայց ամենամեծ նվերն այն է, որ նրան եմ տալիս մի ամբողջ օր՝ այն դարձնելով գեղեցիկ, հիշարժան պահերով, զգացողություններով, կրքով, սիրով լի:

 

 

 

 

 

 

 

ԹՈՒՐՔԵՐԸ ՔՆԱԾ ՉԵՆ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված կինոնկարների ընտրության խնդրին եւ ցավով արձանագրել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից դեռեւս կինոնկարի ընտրությունը չի կատարվել։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովի քարտուղար, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Ժողովուրդ»-ին մոտ մեկ ամիս առաջ մասնավորապես ասել էր, որ կինոնկարի ընտրության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մայիսին, երբ Երեւան կժամանեն հանձնաժողովի բոլոր անդամները։ Իսկ դա, բնական է, ժամանակի եւ շատ այլ առումներով մեծ բացթողում է։
Մինչ պետական հանձնաժողովը «արջի ականջում քնած է», կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Գասպարյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Բանալիներ» վերնագրով գեղարվեստական ֆիլմ նկարահանել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Գասպարյանը մասնավորապես ասաց, որ կինոնկարի սցենարը ներկայացրել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ստեղծված հանձնաժողովին ու հետագայում Ազգային կինոկենտրոնից տեղեկացել, որ նախագծերից ոչ մեկը չի հաստատվել։ «Բացի այդ, ներքին կարգով Բաղրամյան 26-ից եմ տեղեկացել, որ ընդհանրապես Հայաստանն առանձին ֆիլմով չի մասնակցում։ Եվ առհասարակ` մինչեւ հիմա պարզ չէ, թե այդ հանձնաժողովն ինչով է զբաղվում»։ Մեր զրուցակիցը հավելեց, որ մոտ մեկ ամիս առաջ եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, հանդիպել, շփվել տեղի հայ համայնքների հետ եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված առանձնակի ակտիվություն, աշխուժություն չի նկատել. «Երեւի ընդամենը նախորդ տարիների նման ցուցահանդես կկազմակերպեն, խաչքար կտեղադրեն, գուցե ինչ-որ հայրենասիրական, ազգային երգեր կկատարեն… Մինչդեռ տարիներ առաջ Թուրքիան շատ վախեցած էր, մտածում էր, որ հայկական սփյուռքը կարող է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հզոր հակաթուրքական ալիք բարձրացնել, որն իրենց կստիպեր ինչ-որ զիջումների գնալ, բայց պարզվեց, որ պետական մակարդակով նույնիսկ մի ֆիլմ չեն կարող նկարահանել»,-վրդովված նշեց ռեժիսորը։
Մեր զրուցակիցը համոզված է, որ սեփական ֆիլմով ներկայանալու հարցում Հայաստանն արդեն ուշացել է. «Մի՛ մոռացեք, որ միջազգային կինոարտադրանքը 3-4 տարի է տեւում»։ Մինչդեռ թուրքերն, ըստ նրա, քնած չեն եւ ցեղասպանության մասին մեծ կինոնախագծեր են իրականացնում: Դրանցից մեկն արդեն պատրաստ է եւ կոչվում է «120»: «120-ը այն թուրք երեխաներն են, ովքեր ցրտին, սառնամանիքին Սարիղամիշում զինամթերք են հասցնում թուրք զինվորներին: Իսկ պաշտոնական ու ոչ պաշտոնական տեսակետով ցեղասպանությունը սկսվել է Սարիղամիշում թուրքական բանակի պարտությամբ»: Ինչ վերաբերում է «Բանալիներ» ֆիլմին, ապա Արմեն Գասպարյանը կլինի ֆիլմի սցենարիստը, իսկ որպես ռեժիսոր հանդես կգա կա՛մ ինքը, կա՛մ էլ եվրոպացի որեւէ հայտնի ռեժիսոր: Դերասանները նույնպես կլինեն Եվրոպայից։ Որքան էլ ցավալի է, սակայն իր ֆիլմի համար օժանդակությունն Արմեն Գասպարյանը նույնպես ակնկալում է միայն Եվրոպայից։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՌԱՅԺՄ` ԴԻՍԿՈ ՈՃՈՒՄ

Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը երաժշտական գործունեությանը զուգահեռ սկսել է զբաղվել նաեւ հաղորդավարությամբ: «Արմենիա TV»-ով նա ամեն կիրակի ներկայացնում է «Non stop disco» հաղորդումը: Վերջինիս շրջանակներում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները կատարում են ոչ միայն իրենց երգերը, այլեւ համաշխարհային հիթեր: Նշենք, որ պարտադիր պայման է, որ երգը լինի դիսկո ոճում: «Ինձ առաջարկեցին վարել մեծամասշտաբ մի շոու, սակայն դրա նկարահանումները հետաձգվեցին տեխնիկական պատճառներով: Առաջարկ ստացա այս ընթացքում վարել «Non stop disco»-ն եւ համաձայնեցի»,-Yes.am-ին հայտնել է Գրիգորը` նշելով, որ առաջիկա շոուի մանրամասները կբացահայտի ավելի ուշ:

 

ՇԱՐԱՊՈՎԱՅԻ ԱՐՁԱՆԸ

Ռուսաստանի «առաջին ռակետ» Մարիա Շարապովայի մոմե արձանն արդեն տեղադրվել է Հոնկոնգում: Աշխարհի հինգերորդ ռակետի մոմե արձանը պատրաստվել է Մադամ Տյուսոյի թանգարանում, այն տեղադրվել է «Չեմպիոններ» սրահում՝ Դեւիդ Բեքհեմի եւ Յաո Մինի արձանների կողքին: Նշենք, որ Շարապովան դարձել է առաջին թենիսիստը, ում արձանը տեղադրվել է թանգարանում:

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ

Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջոն Տրավոլտան ներողություն է խնդրել երգչուհի Իդինա Մենզելից «Օսկար-2014» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ նա Իդինա Մենզելին բեմ հրավիրելիս անվանել էր Ադել Դեյզեմ:
Տրավոլտան հայտարարություն է տարածել, որում նշել է, թե ամբողջ օրն իրեն մեղավոր է զգացել այդ թյուրիմացության համար: Նա հավելել է, որ Իդինան շատ տաղանդավոր է եւ ինքն անչափ ուրախ է, որ «Սառը սիրտ»-ն այս տարի արժանացել է 2 «Օսկար» մրցանակի:




Լրահոս