ԴԱ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ Է
Երգիչ Արթուր Իսպիրյանին ավելի շատ կարելի է լսել ռադիոյով, քան՝ տեսնել հեռուստատեսությամբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա հեռուստաեթերում տեղ են գտնում կոմերցիոն բնույթի երգերն ու տեսահոլովակները, իսկ իր արվեստը չի համապատասխանում այդ չափանիշներին: Երգիչը շարունակում է հետեւել նաեւ մեր երկրի ներքաղաքական կյանքին եւ ակնկալում է լուրջ փոփոխություններ:
-Պարո՛ն Իսպիրյան, վերջին շրջանում կարծես թե ստեղծագործական դադարի մեջ եք, ներկայումս ինչո՞վ եք զբաղվում:
-Պատրաստվում եմ ձայնագրել ջազային տրիոյով նոր ալբոմ ՝ Սուրբ ծննդյան թեմատիկայով: Դրանք միջազգային ստեղծագործություններ են՝ մեր մեկնաբանմամբ: Փակագծերը դեռեւս չեմ բացի:
-Հեռուստաեթերում Ձեր երգերը հաճախ չեն հնչում, ինչո՞ւ:
-Ես տեսահոլովակներ շատ չունեմ: Որպեսզի իմ երաժշտությունը հնչի հեռուստատեսությամբ, ինձ պետք է հրավիրեն կենդանի համերգների, բայց քանի որ հիմա կոմերցիոն երաժշտությունն ավելի մեծ տեղ ունի եթերում, դա չի արվում: Իսկ ինքս երբեք գումար չեմ վճարել եթերում երեւալու դիմաց: Նախորդ տարի, օրինակ, նկարահանեցի Արտեմ Այվազյանին նվիրված կինոհամերգ, որը ոչ մի անգամ չցուցադրվեց. երեւի ներկայիս չափանիշներին չէր համապատասխանում: Փոխարենը՝ իմ երգերը հաճախ կարելի է լսել ռադիոյով:
-Ձեր սերունդը, կարծես, չի համակերպվում ներկայիս իրականության հետ:
-80-90-ական թվականներին Հայաստանում հնչում էր ճաշակով, ինտելեկտուալ երաժշտություն, կային հաղորդումներ, որոնցից սովորում էինք: Հիմա կան ծրագրեր, որոնք դիտելիս սովորածդ էլ ես մոռանում: Հայկական հեռուստատեսությունը լավ բան չի քարոզում… Այժմյան տեսահոլովակները դիտելով՝ ուզում եմ ալիքը փոխել: Իրենց արժեքով էժան հոլովակները մեծ գումարների դիմաց եթեր են հեռարձակվում.մեր սերունդը դրան սովոր չէ:
-Արդյոք Ձեր նկարագրած այս տխուր իրավիճա՞կը ստիպեց հանձն առնել տաղանդավորներ բացահայտելու, երիտասարդների հետ դուետներ ձայնագրելու գործը:
-Այո՛, ես անընդհատ ուզում եմ նոր երիտասարդների հետ աշխատել: Ցավալի է միայն, որ մեր գործիքավորողը (ինչպես իմ բոլոր երաժիշտ ընկերները) մեկնեց երկրից. երեւի, չէր կարողանում այստեղ գումար վաստակել:
-Երեւանի մասին շատ եք երգել, հիմա տեսնո՞ւմ եք Ձեր երգերում գովերգած քաղաքը:
-Եթե խոսենք արտաքին գործոնների մասին, կարող ենք ասել, Երեւանի համար արդեն ուշ է շտկվելը: Ճարտարապետները շատ սխալներ են գործել՝ չմտածելով տգեղ ու անսովոր հետեւանքների մասին: Մեր Ճարտարապետների միությունը մեռած է: Օրինակ՝ Հյուսիսային պողոտա ստեղծելու գաղափարը լավն էր, սակայն այն իրականացվեց անճաշակ ձեւով. դա Երեւանի հանդեպ թշնամություն է: Մենք թույլ ենք տվել, որ ոմանք երեխայի պես խզբզեն Երեւանի վրա: Կորել է նաեւ մեր քաղաքի ոգին: Ներկայիս սերունդը չի տեսել այն, ինչ մենք ենք տեսել, ուստի՝ չի պատկերացնում, թե ինչ է կորցրել: Երեւանցին հարգանքով լի, գոհունակ տեսակ էր, իսկ այսօր քայլում ենք փողոցով ու հանդիպում ընկճված, մտահոգ երեւանցու աչքերի:
-Ինչպես գիտեք, ներկայումս ոչ իշխանական Եռյակը պայքարի ալիք է սկսել` պահանջելով համակարգային փոփոխություններ, վերջնարդյունքում` նաեւ իշխանափոխություն: Մի ժամանակ շատ ակտիվ էիք քաղաքական գործընթացներում, հիմա հետեւո՞ւմ եք, եւ եթե այո, ինչ տպավորություն ունեք վերջին հանրահավաքներից:
-Բոլորը մեղադրում են Եռյակին՝ իշխանությունների հետ պայմանավորվածություն ունենալու մեջ: Ես ուշադրություն չեմ դարձնում դրան, չնայած որ ամեն ինչ տեսնում եմ, հիշողությունս էլ լավ է… Եթե ուզում են մեր երկրում լավ փոփոխություններ անել, ի սեր Աստծո, թող անեն. մենք էլ ենք դա ուզում: Բայց աններելի կլինի, եթե այս անգամ էլ ժողովրդին հուսախաբ անեն: Ես մարդկանց շրջանում թերահավատություն եմ նկատում. նրանք վստահ չեն, որ մի բան կփոխվի: Խուլիգաններն ու հանցագործները, ովքեր անգամ ԱԺ-ի պետքարանից օգտվելու իրավունք չունեն, հիմա այնտեղ պաշտոններ են զբաղեցնում: Բայց ուզում ենք հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի: Ու թեեւ հենց Ազատության հրապարակում տեսնում ենք բաներ, որոնց դեմ ենք, հույսներս չենք կտրում, որ ժողովուրդը կազատվի տարբեր տեսակի կլաններից:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՔԾՆՈՂՆԵՐԸ ԶԱՅՐԱՑՐԻՆ ՎԱԶԳԵՆԻՆ
Արդեն 15 տարի է՝ Վազգեն Սարգսյանի մասին գովասանքի խոսքեր ասողներին, նրան մեծարելու փորձեր անողներին սաստող չկա, քանի որ չկա ինքը՝ բարձրագոչ գովեստներից խուսափողը, իրեն ազգի ծառա համարող հայը: Բայց այս հանգամանքն ավելի է սրում նրան ճանաչողների շրջանում Վազգեն մարդու մասին պատմելու ցանկությունը: Ու թեեւ տարիներ շարունակ նա մեզ հետ չէ, փոխարենը մեզ ուղեկից են պետական, ռազմական գործչի, նախարարի, վարչապետի, արձակագրի, սիրելի ընկերոջ մասին հուշերը, նրա կյանքի ամենատարբեր պատմությունները:
1998-99-ին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր Հովիկ Չարխչյանը այն մարդկանցից է, ով մոտիկից է շփվել Վազգենի հետ եւ տեղյակ է նրա կյանքի մի շարք բացառիկ դրվագներից: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է Սպարապետի կյանքից քչերին հայտնի մի միջադեպ, որը լավագույնս բնութագրում է Վազգենի տեսակը:
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար եղած տարիներին, աշխատասենյակում փակցրած ուներ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենի կրկնօրինակը: Վազգենը ցանկանում էր, որ այդ նկարի շատ ավելի մեծ տարբերակը զարդարեր նախարարության շենքի դիմացի հատվածը: Նա նկարիչներին պատվիրել էր մեծացնել կտավը եւ որոշակի ժամկետ նշանակել՝ աշխատանքներն ավարտելու համար: Երբ Սպարապետն իմացել է, որ այն արդեն պատրաստ է, նախարարության մի խումբ աշխատակիցների հետ գնացել է կտավը տեսնելու: Նկարի տեսքն իսկապես շքեղ էր, եւ երբ մարդիկ հիացական հայացքներով դիտել են այն, հանկարծ նկատել են, որ Վազգենի՝ առաջին վայրկյանին պայծառացած դեմքը միանգամից սառել է. նա հաշված վայրկյանների ընթացքում սարսափելի զայրացել է, եւ, ինչպես սովորաբար նման պահերին բնորոշ էր նրան, հայհոյանքներ է հնչեցրել աշխատանքները նախաձեռնողների հասցեին:
Պարզվել է՝ այդ մարդիկ որոշել են դուր գալ Վազգենին առավել, քան դրա անհրաժեշտությունը կար, եւ Խանջյանի կտավի վրա ավելացրել են նաեւ Վազգեն Սարգսյանի գլուխը՝ դասելով նրան նկարում պատկերված նշանավորների շարքը: Նախարարի հրամանով՝ նկարն անմիջապես իջեցրել են: Նա պահանջել է ընդամենը մեկ օրվա ընթացքում շտկել միջամտությունը: Հաջորդ օրն արդեն նկարը կախված էր իր տեղում այնպիսին, ինչպիսին այն ստեղծել էր Խանջյանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԿԶԱՐՄԱՆԱՆՔ
«Վիտամին ակումբ» հումորային նախագծի նոր եթերաշրջանում քննարկումների տեղիք տվեց նախկինում «32 ատամ» ակումբի կազմում հանդես եկած դերասանուհի Զառայի մասնակցությունը «Վիտամինի» աշխատանքներին: ESem.am-ի հետ զրույցում ակումբի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը նշել է, որ տեւական դադարից հետո ակումբի անդամները վերադարձել են թարմ ուժերով: Անդրադառնալով Զառայի հետ կրկին համագործակցելու հանգամանքին՝ նա հայտնել է, որ թիմերի բաժանումից հետո անդամների միջեւ որեւէ թշնամանք, կոնֆլիկտային հարաբերություն չի եղել: «Առաջարկը եղել է մեր կողմից: Այն համընկավ Զառայի զբաղվածության այնպիսի շրջանի հետ, որ համագործակցությունը ստացվեց: Կարծում եմ՝ մարդիկ հաճելիորեն կզարմանան նրա ներկայությունից, եթե անգամ կարծում էին, որ մեր միջեւ այլեւս համագործակցություն չի լինի»,-մեկնաբանել է պրոդյուսերը:
ՆՈՐԱՁԵՎ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ
Հոկտեմբերի 26-ին «Մերիդիան» նորաբաց էքսպո կենտրոնում կայացել են Երեւանի նորաձեւության շաբաթվա՝ Yerevan fashion week golden lace-ի երրորդ՝ վերջին օրվա ցուցադրությունները: Միջոցառման փակմանը մասնակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Երեւանի նորաձեւության շաբաթվա ամփոփիչ ցուցադրություններին ներկա են եղել նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ոսկերիչներ, գործարարներ եւ պարզապես նորաձեւության սիրահարներ:
ՆԱԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Երգչուհի Ռիհաննան Ատլանտայի «Macy՚s» բուտիկում ներկայացրել է տղամարդկանց օծանելիքի իր առաջին բույրը, որը կոչվում է «Rogue Man»: Բացի այդ՝ Ռիհաննան տղամարդկանց համար այլ անակնկալներ է պատրաստել. նա ներկայացրել է լոգանքի գել եւ սափրվելու համար նախատեսված բալզամ: Նշենք, որ օծանելիքի մեջ համադրված են սանդալ ծառի, պաչուլիի, սաթի, մշակայուղի բույրերը: Ավելի վաղ երգչուհին թողարկել էր կանանց համար նախատեսված «Rogue» օծանելիքը: