ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միակարծիք են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ հայտարարել է, թե ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար իրենց նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբն իր աշխատանքները կսկսի երկուշաբթի օրը:

Մարգարյանը նշել է, որ սեպտեմբերից ՕԵԿ-ը նախաձեռնել էր հանդիպումներ քաղաքական ուժերի հետ, որպեսզի միասին աշխատանքային խումբ ստեղծեին եւ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ կապված քննարկումներ սկսեին.«Բոլոր քաղաքական ուժերի հետ եղան հանդիպումներ, որոնց արդյունքում կայացվեց որոշում, որ ստեղծվի աշխատանքային խումբ: Այդ խմբում ներառված կլինեն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, որպեսզի կարողանանք մոտ ժամանակներս իրականացնել համապատասխան փոփոխությունները»,-հայտարարել է պատգամավորը:ՕԵԿ-ականը շեշտել է, որ փոփոխությունների հիմքում պետք է լինի 100 % համամասնական ընտրակարգին անցումը: Նշված աշխատանքային խմբում խորհրդարանական խմբակցություններից ընդգրկված են ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն»-ից Թեւան Պողոսյանը, ՕԵԿ-ից էլ հենց ինքը՝ Հովհաննես Մարգարյանը: Ինչ վերաբերում է ԱԺ ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցություններին, ապա նրանք հրաժարվել են մասնակցել այդ քննարկումներին:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ եւ ՀՀԿ խմբկացությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչու են հրաժարվել մասնակցել ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Նկատենք, որ եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանություններին առաջադրվող պահանջների թվում առաջնահերթ նշել էր ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Եվ այս դեպքում անհասկանալի է, թե եռյակի անդամներց ՀԱԿ-ն ինչո՞ւ է հրաժարվում մասնակցել այդ քննարկումներին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

-Տիկի՛ն Սարգսյան, ինչո՞ւ է ՀԱԿ-ը որոշել չմասնակցել մի հարցի քննարկմանը, որը ՀՀ իշխանություններին առաջադրված Ձեր գլխավոր պահանջներից մեկն է: Մշտապես հայտարարվել է, որ այդ հարցի հետ կապված պետք է կոնսոլիդացիա լինի, ինչո՞ւ եք այժմ հրաժարվում Ձեր իսկ պահանջներից:

-Իմ կարծիքով ՀԱԿ-ը չի միացել, որովհետեւ կարծում է, որ այս իշխանությունների օրոք ընտրական օրենսգրքում դժվար թե փոփոխություններ իրականացնեն, երեւի իրատեսական չի համարում: Մանրամասներին տեղյակ չեմ: Իսկ ՀՀԿ-ն էլ միանշանակ չի ցանկանում, որ նման փոփոխություններ տեղի ունենան, ու դա էլ վառ ապացույցն է, որ հրաժարվել են մասնակցել այդ քննարկումներին: Իրենք հակված չեն այժմ ինչ-որ բան փոխելուն: Կարծում եմ, որ ՀԱԿ-ն ավելի քան վստահ է, որ այդ նախաձեռնությունն այդպես էլ օդում կախված է մնալու, ու նաեւ չեմ բացառում, որ այդ նախագծում կան դրույթներ, որոնց հետ ՀԱԿ-ը համամիտ չէ: Ավելի քան վստահ եմ, որ պառլամենտական կառավարման համակարգը նույնպես ներառված է այդ առաջարկությունների մեջ:

-Բայց եռյակի մյուս ներկայացուցիչները մասնակցելու են այդ քննարկումներին, այդ դեպքում ստացվում է, որ եռյակում կոնսոլիդացիա չկա՞:

-Մենք ասել ենք, որ մենք կողմ ենք կիսանախագահական կառավարման համակարգին, որքան հիշում եմ՝ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ «Ժառանգություն»-ը կողմ են պառլամենտական կառավարման համակարգին, եթե, իհարկե, համամասնական ընտրակարգով կատարվեն ընտրությունները: Հավանաբար, ենթադրում եմ… բայց ես տեղեկություն չունեմ, թե դա ինչ փաթեթ էր:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Պարո՛ն Բաղդասարյան, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը որոշել են երկուշաբթի օրը քննարկում սկսել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ձեր խմբակցությունը ինչո՞ւ է հրաժավել մասնակցել այդ քննարկումներին:

-ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը նման քննարկումներ սկսել են ու եթե ցանկություն ունեին, թող այդ քննարկումները շարունակեին իրենց հետ, իրենք չգիտեմ ինչ ֆորմատով են ուզում… : Արդարադատության նախարարությունում այդ քննարկումը կա, որը մենք ենք առաջարկել, եթե իրենք ցանկանում են, կարող են գնալ ու մասնակցել այդ քննարկումներին: Ժամանակը կգա, մենք ընտրական օրենսգրքի վերաբերյալ շատ ակտիվ մասնակցություն կունենանք:

-Այսինքն՝ ՀՀԿ-ն կարծում է, որ այդ հարցն այժմ արդիական չէ՞, ու անիմաստ է նման ֆորմատներով քննարկումներ անցկացնելը:

-Համենայնդեպս մենք չենք պատրաստվում այդ ֆորմատով քննարկումների մասնակցել: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը նույն այդ հարցով զբաղվում է, ի՞նչ են իրենք անում, այսինքն՝ իրենք մեր առաջարկով չեն ցանկանում ինչ-որ բան անե՞լ:

-Սկզբունքի հա՞րց է ընդդիմադիր ուժերի հետ դա չքննարկելը:

-Ես բացատրեցի, որ մենք ենք առաջարկել, իրենց համար է սկզբունքային, որ այդ հարցը մեզ հետ չքննարկեն: Մենք երկու անգամ առաջարկել ենք, այդ մարդիկ ցանկանում են առանձին քննարկել, թող գնան քննարկեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս