Ում է խանգարում «օրենքով գող» Զապը, և որտեղ էր նա մինչև ձերբակալվելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում հայտնի հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը», ավելի քան մեկ տարի է՝ Հայաստանում է: «Գողի» նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել, և օրերս ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երևանի Խորենացու փողոցում Զապը հայտնաբերվեց և ձերբակալվեց:

Արդեն մի քանի օր է՝ բուռն քննարկման թեմա է դարձել իրադարձության հատկապես այն հատվածը, թե ինչպես եղավ, որ մեկ տարի շարունակ Հայաստանում գտնվող հեղինակությունը հայտնաբերվեց ընդամենը հիմա: Երեկ էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջամմերի ընդհանուր իրավասության դատարանում նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում կայացվեց, և քաղաքացիական համազգեստով ՔՀԳՎ ծառաողները, թերևս հնարավոր վենդետայից խուսափելու նպատակով, առանց պետհամարանիշների ավտոմեքենաներով ուղեկցեցին «գողին» «Նուբարաշեն» ՔԿՀ, այնտեղից էլ Զապը տեղափոխվեց Էրեբունի ԲԿ՝ ստամոքս-աղիքային տրակտի սուր խանգարման պատճառով: Թե այս պատմությունն իրականում ինչ նրբերանգներ է ունեցել, դժվար է ասել, քանի որ քրեական աշխարհում մութ բաներն ավելի շատ են: Բայց դատելով ներկայիս իրավիճակից՝ կարող ենք ենթադրել, որ Զապի հետ կապված չլուծված հարցեր կան:

Armlur.am-ի տեղեկություններով՝ Զապը երկար ժամանակ ազատ տեղաշարժվել է Հայաստանում, հիմնականում բնակվել է Գյումրիի «Նա-նե» հյուրանոցում, որտեղ նրա ծախսերը հոգում էին բերդի «զոն նայողները»: Նշված հյուրանոցից մենք տեղեկացանք, որ Անդրանիկ Սողոյանը մշտապես իրենց մոտ չի եղել, ամենաերկար ժամկետը, որ մնացել է հյուրանոցում՝ երկու ամիսն է եղել: Հյուրանոցի աշխատակիցը, ում անունը չենք նշում, հայտնեց նաև, որ այնտեղ «գողը» միայնակ է գիշերել, սակայն նրան պարբերաբար 5-6 տղամարդ է այցելել: Աղմուկ կամ միջադեպեր Զապի՝ այնտեղ եղած ժամանակահատվածում չեն գրանցվել: Armlur.am-ը տեղեկություններ ունի նաև այն մասին, որ ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ ևս եղել են հայազգի «գողի» մշտական հյուրերը:

Նրանում, որ Զապը չլուծված և լուրջ խնդիրներ ունի, համոզված է նաև քրեական աշխարհի իրադարձություններին քաջատեղյակ, վերլուծաբան Սերգեյ Գալոյանը, ում համոզմամբ՝ պատահական չէ, որ գյումրեցի «օրենքով գողի» ձերբակալման օրը Գյումրիում դանակահարություն է տեղի ունենում: Թե ինչու է նշված դանակահարության դեպքի (որն ի դեպ արդեն բացահայտվել է), և Զապի «բացահայտման» միջև Սերգեյ Գալոյանը զուգահեռականներ անց կացնում, Armlur.am-ը փորձեց պարզել հենց նրանից: Ս. Գալոյանի խոսքով՝ հարցն այն է, թե ինչպես եղավ, որ Գյումրիում մեկ օրում երկու քրեական դեպք տեղի ունեցավ:

Մեր դիտարկմանը, որ Գյումրիում հաճախ են նման դեպքեր տեղի ունենում, և հիշեցրինք նաև Գյումրիի պետական համալսարանի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքի մասին, վերլուծաբանը նշեց. «Զարմանալի չէ՞, որ այնտեղ այսքան հանցագործություններ են կատարվում: Զապը գալիս է այնտեղ, ապրում է Գյումրիում. արդյոք սրանք պատահականություննե՞ր են: Դուք հրապարակումները նայեք՝ ինչքան բան է գրվել 2004-ից մինչ այսօր Գյումրիում կատարված հանցագործությունների մասին, կամ այնպիսիների մասին, որոնք դրսում են կատարվել, սակայն՝ գյումրեցիների մասնակցությամբ: Նշանակում է՝ Գյումրիում խնդիր կա, չէ՞: Զապը առանձին դեպք է: Վերջապես պետք է, չէ՞, մտածել՝ այս քաղաքը կրիմինալ է, թե չէ»,- ասաց Սերգեյ Գալոյանը՝ միաժամանակ նշելով, որ Զապի կալանավորումը եզրահանգումներից մեկն է:

Վերլուծաբանը համոզված է, որ պատահականություններ չեն քրեական բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Գյումրի քաղաքում: Նա նաև նկատեց, որ Գյումրիի գերեզմանոցների առաջին շիրիմները «օրենքով գողերինն» են, ինչը ևս, մեր զրուցակցի համոզմամբ, պատահականություն չէ: Իսկ հանցագործ աշխարհի դեմ պայքարը, ըստ Սերգեյ Գալոյանի, պահի տակ չպետք է լինի, այլ՝ անընդհատ: Նա համոզված է, որ առավել կարևոր է, թե ով է այն հայ գործարարը, ում սպանության պատվերը տվել է Զապը. իմանալով սույն անձնավորության տվյալները` բազում հարցերի պատասխաններ կբացահայտվեն:

Ինչևէ, փաստն այն է, որ Անդրանիկ Սողոյանն տևական ժամանակ Հայաստանում ազատ տեղաշարժվել է՝ չնայած նրա նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարմանը: Ինչո՞ւ հատկապես հիմա «անհրաժեշտ» եղավ «գողի» ձերբակալումը, ո՞ւմ էր նա խանգարում և, վերջապես, որտեղ նա կկրի իր պատիժը, եթե, իհարկե, կկրի, կապրենք, կտեսնենք:




Լրահոս